Հասարակագիտական առարկաների ամբիոնի պրոֆեսոր, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բիոէթիկայի ամբիոնի, «Հայֆա» հայկական մասնաճյուղի վարիչ, Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանի տնօրեն Սուսաննա Դավթյանը մասնակցել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից կազմակերպած «Սերգեյ Փարաջանով – 100» միջազգային գիտական գիտաժողովին:
Բազմաթիվ մասնագետներ ինչպես Հայաստանից, այնպես էլ տարբեր երկրներից հանդես են եկել զեկույցներով՝ հանգամանալից անդրադարձ կատարելով մեծանուն կինոռեժիսորի կինոարվեստի առանձնահատկություններին:
Կինոյի պատմության, 20-րդ դարի բացառիկ հայ անհատականություններից մեկի՝ Փարաջանովի ստեղծագործական կյանքի յուրօրինակ ոճն ու մտածողությունը արվեստագետների, կինոգետների, սոցիոլոգների և այլ մասնագետների ուշադրության առանցքում է եղել երկօրյա նիստի ընթացքում:
Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուսաննա Դավթյանի զեկույցի թեման էր՝ «Արվեստը որպես սոցիոլոգիական երևույթ: Փարաջանովյան ժամանակների բնութագրումները»:
Զեկուցման մեջ Սուսաննա Դավթյանը նշել է, որ այսպիսի միջազգային գիտաժողով Հայաստանում կազմակերպվել էր 1999 թվականին Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանում՝ նվիրված Փարաջանովի 75-ամյակին, որին ինքը ևս մասնակցել է:
«Բոլորս ունենք մեղքի, պարտքի գիտակցություն և զգացողություն ունենք Փարաջանովի հանդեպ: Նա երբ երազում էր կյանքի կոչել «Սասունցի Դավիթ», «Արա Գեղեցիկ» ֆիլմերը, մենք անտարբերություն դրսևորեցինք և Փարաջանովը կարողացավ հսկայական տաղանդի մի չնչին մասը միայն նվիրել հայ և համաշխարհային մշակույթին: Կենդանի մարդուն է արժան պատիվ, հարգանք, շքանշան: Մենք այս ամենն անում ենք մեր խղճի ձայնը լռեցնելու համար: Մարդը պետք է գնահատվի կենդանության օրոք»,- խոսելով Փարաջանովի արվեստի մասին, նշել է Սուսաննա Դավթյանը, ում համոզմամբ՝ պետք է դասեր քաղել և այսօրվա երիտասարդությանը, որը համարյա չի ճանաչում Սերգեյ Փարաջանովին, ներկայացնել, ծանոթացնել նրա յուրօրինակ մտածողությանը, օգնել հասկանալ, ըմբռնել ֆիլմերի նրբությունները.
«Այսօրվա սերունդը պետք է ճանաչի, սիրի, հպարտանա, կարողանա այլազգիներին ներկայացնել իր ունեցած մեծերին»:
Նշենք, որ պրոֆեսոր Դավթյանը տարիներ առաջ անձամբ է առիթ ունեցել ճանաչելու, շփվելու Փարաջանովի հետ, ինչպես Թբիլիսիում, այնպես էլ Երևանում:
Առաջիկայում Դավթյանը պատրաստվում է լույսընծայել իր հեղինակած մենագրությունը` նվիրված կինոռեժիսորի հետ ուշագրավ հանդիպմանը, արժեքավոր երկխոսություններին:
Միտքը հեղինակի մոտ վաղուց էր հասունացել, իսկ գլխավոր հերոսի խոսուն հոբելյանն այն կյանքի կոչելու լավ առիթ է: