«Բժշկի ուղին» ակնարկաշարի հերթական մասը` պատմում է ԵՊԲՀ թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Մարինա Մարգարյանի մասին, որի բժշկական գերդաստանի հիմքը դրել է նրա մայրը՝ Աննա Մինալյանը։
Նա ավարտել է Խարկովի ստոմատոլոգիական ինստիտուտը, աշակերտել ժամանակի հայտնի դասախոսներին, գիտնականներին։
Հեղինակություն ունեցող բուհն ավարտելուց հետո Աննա Մինալյանը Հայաստանում աշխատանքի է ընդունվել Երևանի պոլիկլինիկաներից մեկում։
«Այն ժամանակ Հայաստանում կար մեկ-երկու պոլիկլինիկա, որոնք համալրված էին հիմնականում ատամնաբույժներով։ 1961 թվականին, թեև փոքր էի՝ 3-4 տարեկան, բայց ոլորտին առնչվող բոլոր զրույցները, իրադարձությունները լավ հիշում եմ, տպավորվել են։ Ժամանակին անվանի մարդիկ բուժում էին ստանում մայրիկիս մոտ՝ Բժշկական ինստիտուտի ռեկտոր Սոկրատ Ստեփանի Հովհաննիսյանը և պրոռեկտոր Լևոն Եղիշի Մկրտչյանը, որոնք որոշեցին ԽՍՀՄ Հայաստանում հիմնադրել ստոմատոլոգիական ֆակուլտետը և առաջարկեցին մայրիկիս մասնակցել հիմնադրման գործընթացին։
Հայաստանում ստոմատոլոգիական ֆակուլտետի ձևավորման համար Հայաստան հրավիրել են բժիշկ-ստոմատոլոգ մասնագետների։
Հայրս՝ Միտուշ Մարգարյանը, ևս այս ոլորտում ակտիվ գործունեություն էր ծավալում։
Սկզբում նա ընդունվել է ԵՊՀ երկրաբանության ֆակուլտետ, բայց երկու տարի սովորելուց հետո որոշել է փոխել մասնագիտությունը և ընդունվել է բժշկական ուսումնարանի ատամնատեխնիկական բաժին, իսկ ավարտելուց հետո՝ ատամնաբուժական բաժին։ 1948-2009 թվականներին հոսպիտալում աշխատել է՝ որպես ատամնաբույժ։ Գենետիկ կապ չկա, բայց ստացվել է ընտանեկան հետաքրքիր պատմություն։ Տատիկիս մորեղբայրն էլ ամուսնացել է գերմանացի՝ մասնագիտությամբ ատամնաբույժ կնոջ հետ»,-իրենց բժշկական տոհմիկ պատմությունն է ներկայացնում բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարինա Մարգարյանը։
Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարինա Միտուշի Մարգարյանը Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտի ստոմատոլոգիական ֆակուլտետն ավարտել է 1980 թվականին, 1987-ին՝ Մոսկվայի Կենտրոնական գիտահետազոտական ստոմատոլոգիական ինստիտուտի ասպիրանտուրան։ 1980-1988թթ. աշխատել է Երևանի կայազորային հոսպիտալում՝ որպես բժիշկ-ստոմատոլոգ։ 1988-1989թթ. եղել է ԵՊԲԻ մանկական ստոմատոլոգիայի ամբիոնի ասիստենտ, 1988-1996 թթ.՝ ստոմատոլոգիական ֆակուլտետի գիտական քարտուղար, 1994-2006 թթ.՝ ԵՊԲՀ մանկական ստոմատոլոգիայի ամբիոնի դոցենտ։ 2000-2006 թթ. նա ղեկավարել է ԵՊԲՀ ստոմատոլոգիական հիվանդությունների կանխարգելման և մանկական ստոմատոլոգիայի ամբիոնը, 2001-2006 թթ.՝ ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետը, 2005-2006 թթ.՝ ԵՊԲՀ թիվ 2 համալսարանական ստոմատոլոգիական պոլիկլինիկան։
Բժշկական մայր բուհում ստոմատոլոգիական ֆակուլտետը կազմավորվել է 1961 թ․։ «Դրա համար Հայաստան հրավիրվեցին մասնագետներ, որոնց թվում էր նաև Իվետա Գրիգորիի Պետրոսյանը։ Բաքվի ստոմատոլոգիական ֆակուլտետն ավարտելուց հետո նա Մոսկվայում ավարտել էր ասպիրանտուրան։ Իմ ուսուցիչներից մեկն է, պարտական եմ նրան և մորս՝ մասնագիտական պատասխանատու այս ուղին ընտրելու և այն անցնելու համար»,-ընդգծում է Մարինա Մարգարյանը։
Նա այժմ փորձում է մոտիվացնել իր ուսանողներին՝ սովորելու նեղ մասնագիտություն՝ մուկոլոգիա, հաշվի առնելով հատկապես COVID-19 համավարակից հետո բերանի խոռոչի տարատեսակ հիվանդությունների տարածումը։
Անդրադառնալով ֆակուլտետի ստեղծման պատմությանը՝ Մարինա Մարգարյանը հավելում է․ «Այնուհետև Մոսկվայից վերադարձան Հրանտ Սերգեյի Արևշատյանը, Էդուարդ Անդրանիկի Կիլիկյանը և Էդուարդ Եղիշի Գևորգյանը։ Մայրս նույնպես պետք է մեկներ Մոսկվա՝ սովորելու ասպիրանտուրա, բայց քանի որ երեխաները մանկահասակ էին, չկարողացավ։ Նախկինում ստոմատոլոգիան ընդհանուր մեկ ամբիոն էր, որը ներառում էր վիրաբուժական, թերապևտիկ և օրթոպեդիկ բաժինները, հետո սկսեցին տարանջատվել այդ բաժինները»,-պատմում է պրոֆեսոր Մարգարյանը, ում խոսքով՝ ամբիոնը ղեկավարում էր Բուլղարիայից հրավիրված աբդոմինալ վիրաբույժ Գևորգ Եղյանը։
«Մայրս աշխատեց 1961-ից մինչև 1994 թվականը։ Եղբայրս՝ Ռաֆայել Մարգարյանը, ևս բժիշկ էր, աշխատում էր օրթոպեդիայի, ստոմատոլոգիայի ամբիոնում։ Դժբախտ դեպքի պատճառով նա 33 տարեկան հասակում կյանքից հեռացել է։ Եղբայրս լավ մասնագետ էր, հաճելի է, որ մինչև հիմա բուհում հիշում են նրան»,-ասում է բժիշկ-գիտնականը:
Իր անցած ուղու մասին խոսելով՝ Մարինա Մարգարյանը նշում է, որ բուհ ընդունվել է 1974 թվականին։ Ընտանիքի ցանկությունն է եղել, որ ընդունվի բուժական ֆակուլտետ, բայց ինքը շատ էր սիրում ստոմատոլոգիա մասնագիտությունը։
«Ասացի, որ եթե այս ֆակուլտետ չընդունվեմ, կգնամ իրավաբանական ֆակուլտետ։ Ի վերջո ընտրեցի ստոմատոլոգիական ֆակուլտետը, որտեղ սովորելն ինձ համար մի քիչ բարդ էր, քանի որ դասավանդումը հայերենով էր, իսկ ես ունեի ռուսական կրթություն, բայց հայոց լեզվի ուսուցչուհուս՝ Հասմիկ Լևոնիի շնորհիվ բավականին վարժ հայերեն էի սովորել, ինչն ինձ օգնեց»,-պատմում է Մարգարյանը։
ԵՊԲԻ ինտերնատուրան ավարտելուց հետո Մարինա Մարգարյանն աշխատանքի է ընդունվել Երևանի Օրբելի փողոցում տեղակայված կայազորային հոսպիտալում։ ԵՊԲՀ դասախոսը հպարտանում է՝ այնտեղ անցել է մեծ դպրոց։
«Մենք շատ լավ կրթություն ենք ստացել, որը պետք էր ամրապնդել նաև գործնական կարողություններով»,-նկատում է նա։
Նա 1983 թվականին Մոսկվայում ընդունվել է ասպիրանտուրա՝ Կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտում։ Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսորն ուրախությամբ է հիշում իր գիտական ղեկավարին՝ ռուս հայտնի գիտնական Գենադի Պախումովին։ 1985 թվականին նա ԱՀԿ-ում եղել է Խորհրդային Միության ներկայացուցիչը։ Մարինա Մարգարյանը թեկնածուական թեզը պաշտպանել է Սանկտ Պետերբուրգի Կիրովի զինվորական ակադեմիայում։
«Այնտեղ գիտքարտուղարը ասաց՝ «համո՛թ», և ի տարբերություն այնտեղ գտնվող ռուս հայցորդների, հայուհին իր թեզը պաշտպանեց հիանալի ռուսերենով։ Այդ օրը խորհրդում կար գիտական 5 աշխատանքի պաշտպանություն։ Այդ խոսքից մեծ հպարտություն զգացի»,-անկեղծանում է պրոֆեսորը։
Ասպիրանտուրան ավարտելուց հետո բուհի ղեկավարությունը Մարինա Մարգարյանին առաջարկել է աշխատել մանկական ստոմատոլոգիայի ամբիոնում։
«Հետաքրքրականն այն է, որ սկզբում, չգիտես ինչու, խուսափում էի երեխաներից, հետագայում այդ աշխատանքին անցնելուց հետո սկսեցի շատ սիրել փոքրիկների հետ աշխատել։ Աշխատեցի մինչև 1999 թվականը։ Ամբիոնը փակվեց, միացվեց վիրաբուժական ստոմատոլոգիային։ Մեկ տարի անց կրկին տարանջատվեց։ Այդ ժամանակ առաջարկեցին աշխատել՝ որպես ամբիոնի վարիչի պաշտոնակատար, որպես փորձաշրջան մինչև 2000 թվականը, որից հետո նշանակվեցի մանկական ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ»,-նշում է համալսարանականը։
2001-ին, երբ միավորվեցին ստոմատոլոգիական և ֆարմակոլոգիայի ֆակուլտետները, բուհի ռեկտորը Մարինա Մարգարյանին առաջարկում է փոխդեկանի պաշտոնը՝ այն պայմանով, որ ամիսներ անց դառնալու է ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան։
«Ասացի՝ Վիլեն Պարույրի, ես չեմ կարող։ Հարցրեց՝ ինչու՞։ Ասացի՝ այս տարիքում՝ 42 տարեկան էի, դեկան, փոխդեկան չեն լինում։ Այն ժամանակ ուժեղ էր ինքնաքննադատությունը։ Չէի համաձայնում, բայց «ներում-բեկում» չկար, ղեկավարեցի ֆակուլտետը»,-ընդգծում է պրոֆեսորը։
Մարինա Մարգարյանն այս ֆակուլտետում է աշխատում 1988 թվականից։
«Փաստացի 2007-ից թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնում եմ, բայց սիրտս մանկականում է»,-անկեղծանում է պրոֆեսոր Մարգարյանը։
Ֆակուլտետի միջազգայնացմանն ուղղված ծրագրերից խոսելով՝ Մարինա Մարգարյանը նշում է, որ Ստոմատոլոգիայի ֆակուլտետը մեծ հեղինակություն ձեռք բերեց 1960-ական թվականներին։ Թե՛ Խորհրդային Միությունից, թե՛ արտասահմանյան երկրներից սկսեցին գալ այստեղ սովորելու։
«Ուրախ եմ, որ այսօր ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը մեծ տեղ է հատկացնում այս ուղղությամբ աշխատանքներին։ Աշխատում ենք այդ ծրագրերի ուղղությամբ։ Այդ ամենը ես, որպես մեթոդական հանձնաժողովի նախագահ, աշխատանքի ավարտին պետք է հաստատեմ հանձնաժողովում»,-հավելում է ԵՊԲՀ պրոֆեսորը։
Միջազգայնացման գործընթացն, ըստ Մարգարյանի, կմեծացնի արտերկրում բուհի ճանաչումը, կստեղծվեն փորձի փոխանակման նոր հնարավորություններ:
«Մեծ թվով ուսանողներ ունենք արտասահմանյան տարբեր երկրներից՝ Իրանից, Հնդկաստանից, Հորդանանից, ԱՊՀ երկրներից։ Ընդհանրապես, խոսելով սովորողների մասին՝ կարող եմ ասել, որ չափազանց հետաքրքրասեր են, ի տարբերություն մեզ՝ ավելի ազատ են, ինչը ողջունելի է»,-նշում է Մարինա Մարգարյանը՝ հավելելով, որ ի դեմս ապագա բժիշկների՝ Հայաստանում այս ոլորտը զարգացման ավելի մեծ հեռանկար ունի։
«Մեր երկիրն այս ոլորտում քայլում է միջազգային զարգացումներին համընթաց, և ես ողջունում եմ, որ մեր շրջանավարտները կարող են ապահովել մասնագիտական այդ բարձր մակարդակը»,-արձանագրում է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսորը։
Մարինա Մարգարյանի որդին՝ Միքայել Մանրիկյանը, ևս ընտրել է ստոմատոլոգի մասնագիտությունը։ Նա բժշկական բուհի Մանկական ստոմատոլոգիայի և օրթոդոնտիայի ամբիոնի պրոֆեսոր է։
«Մտածեցի՝ դուստրս, Գայանեն, կընտրի այլ ոլորտ, բայց նա ևս գնաց նույն ուղղությամբ՝ առաջին մասնագիտություն ընտրելով օրթոդոնտիան, այնուհետև որոշեց դառնալ ընտանեկան ստոմատոլոգ։ Հիմա նա ևս դասավանդում է մեր ամբիոնում»,-նշում է Մարինա Մարգարյանը` անկեղծանալով, որ չի խոչընդոտել զավակների մասնագիտության ընտրությունը՝ վստահ, որ եթե չսիրես մասնագիտությունը, աշխատանքը, կյանքում չես գտնի ինքդ քեզ։
Մարինա Մարգարյանն աշխատանքային տարիներին իրականացրել է բարեգործական մի շարք ծրագրեր, որոնցից ցանկանում է առանձնացնել ամենախոշորները՝ 2004 թվականին Գերմանիայի Օսնաբրյուկ քաղաքի բարեգործական հիմնադրամի նվիրատվությունը ԵՊԲՀ-ին՝ Էմանուել Մարիա Փիշելի աջակցությամբ, որը կազմում էր 700.000 եվրո, և 2010 թվականին՝ 300.000 եվրո։ Վերջինս արժանացել է ԵՊԲՀ-ի պատվավոր դոկտորի կոչմանը։