Նոյեմբերի 8-ին ամբողջ աշխարհի բժշկական պատկերավորման ոլորտի մասնագետները նշում են ռադիոլոգիայի 12-րդ միջազգային օրը (IDoR 2024): Օրվա շրջանակում կոչ է արվում բոլոր ռադիոլոգներին, ռադիոգրաֆներին, ռադիոլոգիական տեխնոլոգներին և հարակից ոլորտների մասնագետներին և պացիենտներին միավորվել՝ ճանաչելու և խթանելու այն կարևոր դերը, որը խաղում է ռադիոլոգիան պացիենտների կյանքում:
2024թ.-ի ռադիոլոգիայի միջազգային օրը գլոբալ նախաձեռնություն է, որն ընդգծում է ռադիոլոգիայի կարևոր դերն առողջապահության և բժշկական ախտորոշման մեջ: Սա ամբողջ աշխարհում ռադիոլոգների և ռադիոլոգիական տեխնոլոգների ներդրումը հարգելու օրն է: Այն ընդգծում է ռենտգենոլոգների և առողջապահական այլ մասնագետների արժեքավոր աշխատանքը, որոնք օգտագործում են պատկերավորման տեխնոլոգիաներ՝ ախտորոշելու և բուժելու մի շարք խնդիրներ՝ կոտրվածքներից մինչև բարդ հիվանդություններ:
Ռադիոլոգիայի միջազգային օրը սահմանվել է 2012 թվականին Եվրոպական ռադիոլոգների ընկերության (ESR), Հյուսիսային Ամերիկայի ռադիոլոգիական ընկերության (RSNA) և Ռադիոլոգիայի ամերիկյան քոլեջի կողմից: Այն նվիրվում է 1895թ.-ին Վիլհելմ Ռենտգենի կողմից ռենտգենյան ճառագայթների հայտնաբերմանը, ինչը շրջադարձային պահ էր ռադիոլոգիայի պատմության մեջ: Այսօր այն ժամանակակից բժշկության անբաժանելի մասն է կազմում՝ լինելով մի շարք հիվանդությունների ախտորոշման և բուժման հիմքը:
Օրվա շրջանակում հատկանշական է հիշատակել հայազգի աշխարհահռչակ գիտնական, ՄՌՏ գյուտի հեղինակ Ռայմոնդ Դամադյանին, որի աշխատանքի շնորհիվ ամբողջ աշխարհում բժշկությունը զարգացման ավելի բարձր մակարդակ տեղափոխվեց:
Մասնագիտության զարգացումը` իր պատկերային տեխնոլոգիաներով, փոխկապակցված լինելով արհեստական բանականության զարգացման հետ, համարվում է առողջապահական ոլորտի հետագա զարգացման գրավականը:
Օրինակ` 2023թ.-ին Մեծ Բրիտանիայում կատարված հետազոտությունների հիման վրա մի շարք մասնագետներ եկել են այն եզրահանգմանը, որ արհեստական բանականության կիրառումը պատկերային հետազոտությունների ժամանակ բազմաթիվ ձեռքբերումների կհանգեցնի հետազոտությունների ոլորտում: Լոնդոնի Royal Marsden ուռուցքաբանական հիվանդանոցում 170 պացիենտների համակարգչային տոմոգրաֆիայի արդյունքներ են ուսումնասիրվել՝ հետորովայնամզային սարկոմայի երկու ամենատարածված ձևերով՝ լեյոմիոսարկոմա և լիպոսարկոմա: Օգտագործելով սկանավորման տվյալները՝ մասնագետները ստեղծել են արհեստական բանականության ալգորիթմ, որն այնուհետև փորձարկվել է Եվրոպայում և ԱՄՆ-ում 89 պացիենտների մոտ:
Տեխնոլոգիան ճշգրտորեն որոշել է ուռուցքի ագրեսիվության աստիճանը դեպքերի 82%-ում, մինչդեռ բիոպսիան ճշգրիտ էր եղել դեպքերի 44%-ում: Արհեստական բանականությունը նաև կարողացել էր տարբերակել լեյոմիոսարկոման լիպոսարկոմայից` փորձարկված սարկոմաների 84%-ում, մինչդեռ ռադիոլոգները կարողացել էին դեպքերի միայն 35%-ի մոտ նկատել տարբերությունը:
Առողջապահության ոլորտում վերջին տարիներին նկատվում է տեխնոլոգիական առաջընթացի արագ աճ, որի անկյունաքարն արհեստական բանականությունն է (AI/ԱԲ): Այս նորարարությունների շարքում գեներացվող ԱԲ-ն կտրուկ փոխում է գործընթացները, հատկապես ռադիոլոգիայի և ուլտրաձայնային հետազոտության ոլորտում: Այս նորարարական տեխնոլոգիան խոստանում է լուծել արդյունաբերության երկարատև խնդիրները՝ սկսած անձնակազմի պակասից մինչև ախտորոշման ճշգրտություն և ծախսարդյունավետություն:
Հնարավոր շեղումները հայտնաբերելու արհեստական ինտելեկտի կարողությունը ծառայում է որպես կարևոր «երկրորդ կարծիք»՝ պոտենցիալ բացահայտելով խնդիրներ, որոնք այլ կերպ կարող են աննկատ մնալ: Որակավորված ռադիոլոգների և սոնոգրաֆիստների համաշխարհային պակասն առողջապահության ոլորտում մշտական խնդիր է: Գեներացնող ԱԲ-ն առաջարկում է մի քանի տարբերակ այս խնդիրը լուծելու համար: Ճշգրտության բարելավման և ծառայությունների մատուցման արագացման երկակի առավելությունները ԱԲ-ն դարձնում են գրավիչ լուծում ժամանակակից ճառագայթային բաժանմունքների համար:
Կայուն որակի պահպանում. արհեստական ինտելեկտի միջոցով պատկերների ստացումն ապահովում է ավելի միասնական և բարձրորակ սկանավորում տարբեր օպերատորների և սարքավորումների համար:
Արագ վերլուծություն. ԱԲ-ն կարող է մշակել պատկերներ և առաջացնել նախնական արդյունքներ մարդու հնարավորություններից շատ ավելի բարձր արագությամբ, ինչը պոտենցիալ նվազեցնում է պացիենտների սպասման ժամանակը:
24/7 հասանելիություն. ի տարբերություն անձնակազմի, ԱԲ համակարգերը կարող են շարունակաբար աշխատել, ինչը թույլ է տալիս 24/7 սկանավորման նախնական ստուգում իրականացնել:
Ֆինանսական խնդիրների լուծում. չնայած արհեստական ինտելեկտի տեխնոլոգիայի մեջ նախնական ներդրումը կարող է զգալի ֆինանսավորումներ պահանջել, սակայն երկարաժամկետ ֆինանսական օգուտները ԱԲ-ի կիրառումից բավականին խոստումնալից են:
Արդյունավետության բարձրացում. պատկերների ավելի արագ մշակումը և հաշվետվությունների ստեղծումը թույլ են տալիս մեծացնել վերլուծված սկանավորման քանակը մեկ օրում ՝ բարելավելով ռեսուրսների օգտագործումը:
Արհեստական ինտելեկտի օգտագործումը կարող է պոտենցիալ նվազեցնել ծախսատար սխալ ախտորոշումները կամ ավելորդ կրկնվող սկանավորումները՝ խնայելով ժամանակ և ռեսուրսներ:
Գեներացնող արհեստական ինտելեկտը պատրաստ է հեղափոխություն մտցնել ուլտրաձայնային վերլուծության և ընդհանրապես ռադիոլոգիայի մեջ, լուծելով այնպիսի առանցքային խնդիրներ, ինչպիսիք են անձնակազմի պակասը, ախտորոշման ճշգրտությունը և օպերատիվությունը, այս տեխնոլոգիան ճանապարհ է հարթում ավելի արդյունավետ, մատչելի և կայուն բուժօգնության ծառայությունների համար: Առաջ շարժվելիս ուշադրության կենտրոնում պետք է լինի պատասխանատու մոտեցումը, որը բարձրացնում է անձնակազմի որակավորումը, ինչն, ի վերջո, հանգեցնում է պացիենտների ախտորոշման արդյունքների բարելավմանը և ավելի հուսալի առողջապահական համակարգի ստեղծմանը:
Ճառագայթաբանության ապագան կերտվում է այսօր` հիմնված ԱԲ զարգացումների վրա, ղեկավարվելով մարդու կողմից և կենտրոնացած պացիենտի վրա:
Շնորհավորում ենք բոլոր ռադիոլոգներին մասնագիտական օրվա առթիվ` ցանկանալով ուժ ու եռանդ իրենց կարևոր և պատասխանատու գործում: