Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ռազմաբժշկական ֆակուլտետը գրքի տոնը նշեց հավատարիմ մնալով Սաշա Ռուստամյանի թողած «Ինձնից՝ ինձ» պատգամին

Ռազմաբժշկական ֆակուլտետը գրքի տոնը նշեց հավատարիմ մնալով Սաշա Ռուստամյանի թողած «Ինձնից՝ ինձ» պատգամին

Երևանի պետական բժշկական համալսարանում ռազմաբժշկական ֆակուլտետի առաջին կուրսի կուրսանտները, հետևելով գիրք նվիրելու օրվա խորհրդին, այսօր իրենց նախընտրած գիրքը «Ինձնից՝ ինձ» մակագրությամբ նվիրեցին հենց իրենց՝ հավատարիմ մնալով պատերազմի ժամանակ անմահացած ռազմական բժիշկ Սաշա Ռուստամյանի թողած պատգամին:

Գիրքը Սաշայի Ռուստամյանի ամբողջ կյանքի ուղեկիցն էր, ուստի ապագա ռազմական բժիշկները, ընդունելով հայրենիքի համար կյանքը զոհած բժշկի խորհուրդը և վառ պահելով նրա հիշատակը շարունակում են բժշկական մայր բուհում տոն դարձնել գիրք նվիրելու ավանդույթը:

Այսօր նաև անմահացած ռազմական բժիշկ Հարություն Չոբանյանի ծննդյան օրն է: Ռազմաբժշկական ֆակուլտետի պետ Վարդան Ծատուրյանը, խոսելով պատերազմի ժամանակ անմահացած ռազմական բժշկի մասին, շեշտեց, որ նրա սերն ու նվիրվածությունը դեպի հայրենիքն անսահման էր, և պատահական չէր, որ Հարությունը ընտրել էր հենց ռազմաբժշկությունը:

Նրա խոսքով՝ թե՛ Սաշա Ռուստամյանը, թե՛ Հարություն Չոբանյանը միավորել էին մի գաղափարի շուրջ` հայրենիքի նկատմամբ ունեցած սերը և զինվորի կյանքը փրկելու ցանկությունը։

«Մենք պարտավոր ենք շարունակել Սաշայի, Հարությունի և մյուս բոլոր անմահացած ռազմական բժիշկների կիսատ թողած գործը` նրանց հիշատակը վառ պահելով»,- եզրափակեց Վարդան Ծատուրյանը: