ԵՊԲՀ ռեկտորատի այսօրվա նիստը հագեցած էր ուսումնական, կազմակերպչական, կլինիկական բազմաթիվ հարցերով:
Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, բուհի ծրագրային միջազգային հավատարմագրման գործընթացի ինքնագնահատման պրոցեսի համակարգող ու աշխատանքային խմբի ղեկավար Լարիսա Ավետիսյանը ներկայացրեց շարունակական այս գործընթացի երկրորդ փուլի մանրամասները:
Առաջիկա շաբաթում ԵՊԲՀ-ն հյուրընկալելու է փորձագիտական խմբին և նախատեսված են համալսարանականների հետ բազմաթիվ հանդիպումներ, խորհրդակցություններ, շրջայցեր:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը մեծապես կարևորեց կայանալիք այցը և դրա անխափան կազմակերպումը պատասխանատուների կողմից:
Հիվանդանոցային համալիրների գլխավոր բժիշկները ներկայացրին կատարվող աշխատանքների արդյունքները, ընթացքը, այս օրերին երեք հիվանդանոցում էլ բուժօգնություն են ստանում նաև ԼՂ-ից բռնի տեղահանված բուժառուներ:
«Հերացի» ավագ դպրոցը` տնօրենի զեկուցմամբ, արդեն ընդունել է 38 աշակերտ: Ռեկտորի ուշադրության կենտրոնում էին ավագ դպրոցի շինարարության մանրամասները:
Նիստին ներկա էր Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն Մհեր Մուսայելյանը, ով Արմեն Մուրադյանի առաջարկով այսուհետև մասնագիտական գործունեությունը կշարունակի համալսարանական տանիքի ներքո` «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում:
Ռեկտորի գնահատմամբ` Մհեր Մուսայելյանը, ինչպես նաև շատ գործընկերներ դժվարին իրավիճակներում թե’ բժշկական թիմի, թե’ ուսանողների համար օրինակելի են իրենց դրսևորել:
Նոր գործընկերոջը ռեկտորը ներկայացրեց ռեկտորատի անդամներին: Մհեր Մուսայելյանը կկենտրոնացնի իր ուժերն ու փորձը աղետների ժամանակ անհրաժեշտ վարչական գործողությունների, մարդկային պաշարների կառավարմանը:
Ամփոփելով նիստը` բուհի ղեկավարը բոլոր ուղղություններով ընդգծեց կայունությունն ու արդյունավետության ապահովումը: