Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Սահմանի բժշկուհուն սպիտակ խալաթը կրող անձինք հրաշագործ էին թվում

Սահմանի բժշկուհուն սպիտակ խալաթը կրող անձինք հրաշագործ էին թվում

ԵՊԲՀ շրջանավարտների աշխարհագրությունը լայն է ոչ միայն Հայաստանի սահմաններից հեռու, այլև հենց մեր հայրենիքում:

Տավուշի մարզի սահմանամերձ Այգեձոր գյուղի առողջության կենտրոնում է աշխատում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի՝ 1997 թվականի շրջանավարտներից Նաիրա Գրիգորյանը:  

Նա Բերդ քաղաքից է:  Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո 1991 թվականին ընդունվել է բժշկական մայր բուհ:

«Բժիշկ դառնալու ցանկություն ունեցել եմ մանկուց, քանի որ սիրում էի այցելել բուժքույր մայրիկիս աշխատավայր: Բժիշկներն ինձ հրաշագործներ էին թվում և դա պատահական չէր, քանի որ իսկապես լինում են դեպքեր, երբ մասնագիտական համազգեստ կրող բժիշկները գտնելով պացիենտի ապաքինման ելքը՝ հրաշքներ են գործում»,-խոստովանում է բժշկական համալսարանի շրջանավարտը:

Նաիրա Գրիգորյանը սովորել է բժշկական ինստիտուտի Բուժական ֆակուլտետում:

«Ինտերնատուրան անցել եմ Բերդի հիվանդանոցում: 2009-2010 թվականներին Երևանում ընտանեկան բժշկության վերապատրաստման դասընթացների եմ մասնակցել, և հիմա որպես ընտանեկան բժիշկ աշխատում եմ Այգեձորի առողջության կենտրոնում»,-նշում է Նաիրա Գրիգորյանը:

Նա ընդգծում է, որ աշխատանքի ընթացքում հաճախ  է հիշում դասախոսներին։ 100-ամյա բուհի շրջանավարտը ուսանողական ալբոմն առանձնակի ոգևորությամբ է թերթում:

«Հատկապես դժվար իրավիճակները հաղթահարելիս ներքուստ շնորհակալ եմ լինում համալսարանի իմ  դասախոսներին։ Շատ մեծ ջերմությամբ եմ հիշում և երախտապարտ եմ թերապիայի դասախոս, դոցենտ Մարտին Թադևոսյանին, որը բացի մասնագիտական գիտելիքներ փոխանցելուց,  իմ մեջ ամրապնդել է նաև բժշկի աշխատանքի՝ մարդասիրական այս առաքելության հանդեպ սերը, նվիրումը: Բժշկականում սովորելն ինձ համար առանձնահատուկ էր, հիմա իմ կյանքում ամեն լավ բան կապում եմ բուհի, այնտեղ ուսումնառության հետ: Հիշում եմ նաև պրոֆեսոր Ալեքսանդր Կանայանին: Բժշկականում իմ ուսման տարիները համընկան Հայաստանի համար ծանր ժամանակաշրջանի՝ պատերազմական և հետպատերազմական տարիների հետ: Ձգտումս էր լավ սովորել, դառնալ լավ բժիշկ, վերադառնալ սահման՝ օգնելու մարդկանց, բուժօգնություն տրամադրել դրա կարիքն ունեցողներին»,-նշում է Գրիգորյանը:

 Նաիրա Գրիգորյանի ամուսինը՝ Մուրադ Գրիգորյանը, ևս մասնագիտությամբ բժիշկ է, նրանք միասին են աշխատում:

«Այգեձորի Առողջության կենտրոնում մեր փոքր անձնակազմը  աշխատում է նվիրումով։ Ապրելով սահմանում՝ առնչվում ենք նեղ մասնագիտական սպասարկում պահանջող տարաբնույթ ծանր դեպքերի, երբեմն  նաև հրազենային վիրավորումների դեպքերի:  Հրազենային ծանր վիրավորումներով հիվանդներ են ընդունվել մեր կենտրոն 2020-ի հուլիսին Տավուշում տեղի ունեցած ռազմական գործողությունների օրերին։ Եղել են դեպքեր, երբ ականի պայթյունի հետևանքով են վիրավորների մեզ մոտ տեղափոխվել, արել ենք առավելագույնը՝ նրանց կյանքը փրկելու համար: Մենք սպասարկում ենք սահմանամերձ Չինարի և Այգեձոր գյուղերի բնակիչներին»,- մանրամասնում է բժիշկը:

Խոստովանում է, որ դժվարությունները պատվով հաղթահարելուց հետո աննկարագրելի բերկրանք է ապրում։ Այժմ առանձնակի ջանք և նվիրում է պահանջում կորոնավիրուսով վարակված հիվանդների բուժումը։ Մինչև այժմ պատվով են դիմակայում նաև առողջապահական այս ծանր մարտահրավերին:

Մասնագիտական շարունակական կրթությունը կարևորելով՝ հաճախ մասնակցում է մասնագիտական վերապատրաստման կուրսերի։

Եզրափակում է՝ աշխատանքը ծանր է և պատասխանատու, բայց այն սիրով է կատարում։