Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Սեպտեմբերի 22–ին աշխարհի շատ երկրներում նշվում է առանց ավտոմեքենայի տեղաշարժվելու համաշխարհային օրը

Սեպտեմբերի 22–ին աշխարհի շատ երկրներում նշվում է առանց ավտոմեքենայի տեղաշարժվելու համաշխարհային օրը

Քաղաքացիներին խորհուրդ է տրվում քայլել, մասնավոր տրանսպորտի փոխարեն օգտվել այլընտրանքային տեղաշարժման միջոցներից, ինչպիսիք են` հասարակական տրանսպորտը, մետրոն, հեծանիվները, էլեկտրական ինքնագլորները։

Վերջին տարիներին սովորական մեքենաների վարորդներին խորհուրդ է տրվում անցնել էլեկտրական մեքենաների:

Ամեն տարի այս օրը բազմաթիվ միջոցառումներ ու ֆլեշմոբներ են կազմակերպվում աշխարհի տարբեր քաղաքներում (հեծանվային զբոսանքներ, շոու ծրագրեր, սպորտային ատրակցիոններ և այլն), որոնց նպատակն է հանրության ուշադրությունը հրավիրել մեքենաների կողմից արտանետվող գազերով օդի աղտոտվածության խնդրի վրա։

Տարեցտարի ավելանում է մեքենաների թիվը ճանապարհներին:

2023 թվականին աշխարհում գրանցված ավտոմեքենաների թիվը հասել է 1․5 միլիարդի:

Երևանում ավտոմեքենաների թվաքանակի աճը վերջերս տագնապ է առաջացնում, միայն 2023թ.-ին Հայաստան ներմուծված թեթև մարդատար մեքենաների թիվը կազմել է 84.000։

Ավտոմեքենաները, հանդիսանալով քիմիական, աղմուկի և մեխանիկական աղտոտման հզոր աղբյուր, շրջակա միջավայրի նկատմամբ ամենաագրեսիվն են ի տարբերություն տրանսպորտի այլ տեսակների:

Ավտոմեքենաների կողմից արտանետվող գազերը պարունակում են մեծ քանակությամբ տարբեր քիմիական նյութեր, որոնցից շատերը (օրինակ, ածխածնի երկօքսիդը և օքսիդը, ազոտի երկօքսիդը, ալդեհիդները, ծծմբի երկօքսիդը, բենզոպիրենը, կապարը) ունեն մարդու օրգանիզմի վրա տոքսիկ և կանցերոգեն ազդեցություն:

Ուստի, մեքենաների քանակի աճին զուգահեռ, աճում է ներքին այրման շարժիչների կողմից արտանետվող վնասակար նյութերի քանակը։
Նշված նյութերը, կուտակվելով մթնոլորտի ստորին հատվածններում, պահպանվում են այնտեղ ամիսների ընթացքում` հանդիսանալով մթնոլորտային օդի աղտոտվածության հիմնական պատճառը։

Մթնոլորտային օդի աղտոտվածության հիմնախնդիրը արդիական է նաև Հայաստանի, մասնավորապես` մայրաքաղաք Երևանի համար։

Հայաստանի Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի կողմից պարբերաբար հրապարակվող տվյալները վկայում են այն մասին, որ Երևանի օդային ավազանի աղտոտվածության ցուցանիշները գերազանցում են թույլատրելի մակարդակները։

Այսօրվա դրությամբ օդի աղտոտվածությունը մարդու առողջության համար ամենալուրջ բնապահպանական սպառնալիքներից մեկն է:

2019թ.-ին աշխարհի բնակչության 99%-ը բնակվում էր տարածքներում, որտեղ օդի աղտոտվածության մակարդակը գերազանցում էր ԱՀԿ-ի կողմից օդի որակի վերաբերյալ մշակված ուղեցույցներում սահմանված մակարդակները։ Աշխարհում բնակվող 10 մարդուց 9-ը աղտոտված օդ է շնչում։ Օդի աղտոտվածության ազդեցությունը տարեկան 6․7 միլիոն մարդու վաղաժամ մահվան պատճառ է հանդիսանում։ 2019թ.-ին նշված մահերի մոտ 89%-ը տեղի է ունեցել ցածր կամ միջին եկամուտ ունեցող երկրներում: ԱՀԿ-ի գնահատմամբ 2019 թ.-ին օդի աղտոտվածության հետ կապված վաղաժամ մահերի շուրջ 37%-ը տեղի է ունեցել սրտի իշեմիկ հիվանդության և կաթվածի հետևանքով, 18%-ը և 23%-ը՝ թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության և ստորին շնչուղիների սուր հիվանդությունների հետևանքով, և 11%-ը` թոքերի քաղցկեղի հետևանքով:
Օդի աղտոտվածությունը աղետալի ազդեցություն է թողնում նախ և առաջ երեխաների վրա: ԱՀԿ տվյալների համաձայն՝ 2022թ.-ին աշխարհում գրանցված մինչև 5 տարեկան երեխաների 5 միլիոն մահվան դեպքերից 442.000-ը կապված են եղել մթնոլորտային օդի աղտոտվածության հետ։

Փաստացի տվյալները վկայում են, որ օդի աղտոտվածությունը կարող է բացասական ազդեցություն ունենալ երեխաների առողջության վրա դեռևս նրանց ներարգանդային կյանքի ընթացքում՝ մասնավորապես հանգեցնելով քաշի նվազման: Արտանետվող գազերում պարունակվող կապարը աղտոտում է օդը, նստում բույսերի ու հողի վրա, և կարող է նպաստել երեխաների մոտ բնածին արատների զարգացմանը, մեռելածնությանը։

Առկա են նոր ապացույցներ, որոնք վկայում են օդի աղտոտվածության և երեխաների մոտ օնկոլոգիական հիվանդությունների, ինչպես նաև նյարդաբանական և նյութափոխանակության խանգարումների միջև կապի մասին: JAMA Psychiatry ամսագրում հրապարակված տվյալների համաձայն` աղտոտված օդը բացասական ազդեցություն ունի նաև երեխաների հոգեկան առողջության վրա: Դեռահասների շրջանում փսիխոզի ամենաբարձր տարածվածությունը գրանցվել է էկոլոգիապես անբարենպաստ վայրերում։ Ընդորում, դեպքերի 60%-ում կապ է հաստատվել փսիխոզի և ազոտի երկօքսիդի ազդեցության միջև:

Մեքենաների թվի աճի հետ կապված մեկ այլ բացասական գործոնը՝ բարձր աղմուկն է, որը զգացվում է ոչ միայն փողոցում, այլև փակ տարածքներում։ Հետազոտությունների արդյունքների համաձայն՝ գիշերային ժամերին երթևեկության աղմուկը 1․5 անգամ գերազանցում է մարդու համար կոմֆորտային դեցիբելների մակարդակը, ինչն, իր հերթին, հաճախ հանգեցնում է քնի խանգարման և հոգեբանական անհանգստության։ Ըստ Դանիայում իրականացված հետազոտության արդյունքների՝ երկրում գրանցված դեմենցիայի բոլոր դեպքերի 11%-ը կապված է եղել ճանապարհային աղմուկի ազդեցության հետ։

Ավտոմեքենաները նպաստում են քաղաքներում այսպես կոչված «ջերմային կղզիների» ձևավորմանը։ Հայտնի է, որ ամբողջ տարին քաղաքային բնակավայրերում օդի միջին ջերմաստիճանը մի քանի աստիճանով բարձր է, քան արվարձաններում։

Վերջինս նվազեցնում է քաղաքային միջավայրի հարմարավետությունը բնակչության համար, ամռանը բարձրացնում է օդի ջերմաստիճանը, իսկ ձմռանը՝ խոնավությունը, և բացասաբար է անդրադառնում առողջության վրա։