Այն նվիրված է ֆիզիոթերապևտների անփոխարինելի դերի ճանաչմանը` ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց կյանքի որակի բարլավման գործում:
Այս տարվա համաշխարհային օրվա կարգախոսն է` մեջքի ցավի նվազեցումը և ֆիզիոթերապիայի դերի կարևորությունը դրա կառավարման, կանխարգելման գործում:
Անդրադառնալով պատմությանը, ֆիզիոթերապիայի առաջին փաստագրված նկարագրությունը գալիս է դեռևս Հիպոկրատից, ով առաջարկել է ձեռքով մանիպուլյացիայի հայեցակարգը ցավի բուժման համար մ.թ.ա. 460 թվականին:
Այդ ժամանակից ի վեր ֆիզիոթերապիան հասարակ մերսումից վերածվել է թերապիաների բարդ պորտֆելի՝ մասնագիտացված կիրառությունների լայն շրջանակով: Ֆիզիոթերապիայի մասնագետների միասնական խումբ ձևավորվել է միայն 18-րդ դարում:
Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը ֆիզիոթերապիայի մեծ մասն իրականացվում էր հիվանդանոցներում վիրահատությունից, վնասվածքներից կամ այլ հիվանդություններից տառապող հիվանդների վրա:
Պատերազմի ընթացքում ստեղծվեցին ֆիզիոթերապիայի մասնագիտացված կլինիկաներ՝ բուժելու հազարավոր վիրավոր զինվորների, ովքեր հիվանդանոցում մնալուց հետո վերականգնողական խնամքի կարիք ունեին:
Ամբուլատոր խնամքի այս անցումն արտացոլեց ֆիզիոթերապիայի ընդլայնվող ժողովրդականությունը: 44-օրյա պատերազմից հետո ևս վիրավոր զինվորների վերականգնման գործընթացում մեծ ներդրում ունեցան հենց այս մասնագետները:
Ֆիզիոթերապիան (հուն․ թարգ․ phýsis-բնություն և therapéia-բուժում) կլինիկական բժշկության ուղղություններից է, որը կիրառում է բնական (օրինակ, հանքային ջրեր, բուժական ցեխեր և այլն) և արհեստական ֆիզիկական գործոնների բուժական ազդեցությունը օրգանիզմի վրա՝ պացիենտների առողջության վերականգնման, ամրապնդման և պահպանման նպատակով։
Այն համակցվում է դեղորայքային բուժման սխեմաների հետ, հաճախ նշանակվում է վերականգնողական փուլերում, զգալիորեն արագացնելով ապաքինման գործընթացը, նպաստում է հիվանդների կյանքի որակի էական բարելավմանը։
Որոշ դեպքերում ֆիզիոթերապիան նվազեցնում և նույնիսկ կանխում է դեղորայքային բուժման և վիրահատական միջամտությունների անհրաժեշտությունը։
Ֆիզիոթերապիան լայն կիրառություն ունի բժշկության տարբեր ոլորտներում` օրթոպեդիայում և վնասվածքաբանությունում, նյարդաբանությունում, սրտաբանությունում և պուլմոնոլոգիայում, գաստրոէնտերոլոգիայում, գինեկոլոգիայում, մանկաբուժությունում, մաշկաբանությունում։
Ժամանակակից բժշկությունում օգտագործվում են ֆիզիոթերապիայի բազմաթիվ տեսակներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ցուցումները և առանձնահատկությունները` կինեզիթերապիա, մանուալ թերապիա, էլեկտրաթերապիա, հարված-ալիքային թերապիա, մագնիսաթերապիա, ջերմաթերապիա և կրիոթերապիա, հդրոթերապիա, բարոթերապիա և այլն:
Ֆիզիոթերապիայի մեթոդների ընտրության ժամանակ մասնագետի կողմից հաշվի են առնվում պացիենտի օրգանիզմի առանձնահատկությունները, նրա տարիքը, հակացուցումների առկայությունը։
Ֆիզիոթերապիայի հիմնական հակացուցումն է` օրգանիզմում սուր բորբոքային պրոցեսների և քրոնիկ պաթոլոգիաների սրացումը։
Ֆիզիոթերապևտիկ բուժումը պետք է սկսվի վերականգնման փուլում կամ սուր սրացումները վերացնելուց հետո։
Կան նաև այլ վիճակներ, երբ ֆիզիոթերապևտիկ մեթոդները չպետք է օգտագործվեն։ Դրանցից են՝ որոշ մաշկային հիվանդությունները, ինֆեկցիոն պաթոլոգիաները, հղիությունը, արյան հիվանդությունները, քաղցկեղը, ակտիվ տուբերկուլյոզը, հիվանդի ընդհանուր ծանր վիճակը։