Բժշկական մայր բուհում մեկնարկեց «Սեռական առողջության մուլտիդիսցիպլինարային ասպեկտները» միջազգային գիտաժողովը, որը համախմբել էր սեքսոպաթոլոգների, հոգեբույժների, էնդոկրինոլոգների, նյարդաբանների, ուրոլոգներ-անդրոլոգների, գինեկոլոգների, կլինիկական հոգեբանների, ալերգոլոգների, ընտանեկան բժիշկների, սրտաբանների, թերապևտների:
ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի 25-ամյակին նվիրված երկօրյա հավաստագրված գիտաժողովի շրջանակում հայ և արտերկրից ժամանած մասնագետներն անդրադարձան սեռական առողջության արդի հարցերին, ներկայացրին մասնագիտական փորձը:
Բացման խոսքով հանդես եկավ Գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը՝ արդյունավետ աշխատանք մաղթելով բոլորին:
«Բժշկական համալսարանի անունից մաղթում ենք ոչ միայն սեռական առողջության մուլտիդիսցիպլինար ասպեկտով գիտահեն միջոցառում, այլև շնորհավորում ենք Սեքսոպաթոլոգիայի ամբիոնի 25-ամյակի առթիվ: Ամբիոնն ունեցել է տարբերղեկավարներ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, որոնք ակտիվ ներգրավված են համալսարանի և՛ ուսումնական, և՛ գիտական, և՛ կլինիկական գործունեության մեջ: Կարծում եմ՝ ձեր աջակցությունը և ներդրումը համալսարանի ուսումնական, կլինիկական, գիտական գործունեության մեջ միշտ կնպաստի բուհի բարգավաճմանը և մաս կդառնա նոր զարգացումների»,-նշեց պրոռեկտորը:
Սեքսոլոգների հայկական ասոցիացիայի նախագահ Արամ Հակոբյանի խոսքով՝ ասոցիացիան և Սեքսոպաթոլոգիայի ամբիոնն աշխատել են ձեռք ձեռքի տված։
«Այդ համագործակցությունը մեզ թույլ է տվել առաջատար դիրք զբաղեցնել աշխարհում կլինիկական սեքսոլոգիայի ոլորտում։ Սեքսոլոգների հայկական ասոցիացիան Սեքսոլոգների համաշխարհային ասոցիացայի անդամ է», – հպարտությամբ նշեց նա։
Ասոցիացիայի 25-ամյակի առթիվ շնորհավորական տեսաուղերձներ հղեցին ԵՊԲՀ այցելու պրոֆեսոր, հոգեբույժ, հոգեթերապևտ Ադել Թադևոսյանը, հոգեբույժ, հոգեթերապևտ, սեքսոլոգ, Մոսկվայի քաղաքային հոգեբուժաէնդոկրինոլոգիական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Ստեփան Մաթևոսյանը։
Ռեկտոր Արմեն Մուրադյանի զեկույցը, որը ներկայացրեց Սեքսոպաթոլոգիայի ամբիոնի վարիչ, համալսարանական երկու հիվանդանոցի Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի ղեկավար Վրեժ Շահրամանյանը, վերաբերում էր ժամանակակից տղամարդու առողջության և կյանքի որակին՝ նախապատմական ժամանակաշրջանից մինչև մեր օրեր։
Տղամարդու կյանքի տևողությունը, զեկույցի համաձայն, 7 անգամ քիչ է կանանց կյանքի տևողությունից։
«Տղամարդիկ 3 անգամ ավելի քիչ են այցելում բժշկին, քան կանայք։ Տղամարդկանց մոտ սրտի իշեմիկ անբավարարությունը 3 անգամ ավելի հաճախ է հանդիպում, քան կանանց մոտ։ Շագանակագեղձի քաղցկեղից մահացությունը 2 անգամ աճել է՝ կրծքագեղձի քաղցկեղից մահացության ցուցանիշի համեմատությամբ»,- տեղեկացրեց դոցենտ Շահրամանյանը:
Որպես կենսակերպի «ողբերգություն»՝ բնորոշվում է հիպոդինամիան։
«Ըստ Հիպոկրատի՝ մարդու կյանքի փուլերը տարիքին համապատասխան հետևյալն են՝
1․ մանկություն՝ մինչև 14 տարեկան
2․ հասունություն՝ 15-42 տարեկան
3․ ծերություն՝ 43-63 տարեկան
4․ երկարակեցություն՝ 63 տարեկանից բարձր», – մեջբերված էր զեկույցում։
Ներկայացվեցին Հայաստանում ժողովրդագրական ցուցանիշները, մահացության պատճառները, կանանց և տղամարդկանց մահացության ցուցանիշների տարբերության գենետիկ գործոնները։
Կարևորվեց տղամարդկանց առողջության խանգարման պրոֆիլակտիկան։
ՄՀԿԲԱ էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Կալինչենկոյի կլինիկայի գիտական ղեկավար, պրոֆեսոր Սվետլանա Կալինչենկոն ներկայացրեց «Տղամարդկանց սեռական առողջությունը 21-րդ դարում. ինչո՞ւ է «երիտասարդացել» էրեկցիայի խանգարումը և ի հայտ են եկել ասեքսուալներ։ Ո՞վ է մեղավոր և ի՞նչ անել» խորագրով զեկույցը։
Ռուս մասնագետը ժամացույցի տեսքով անդրադարձավ տղամարդու հորմոնալ առողջությանը։ «Առողջությունը բարձունք է, որը յուրաքանչյուր մադր պետք է գրավի ինքնուրույն», – ընդգծեց Սվետլանա Կալինչենկոն։
Ինովացիոն բիոտեխնոլոգիաների «Ալլել» կենտրոնի գործադիր տնօրեն Տատյանա Շկելյովան խոսեց ստերոիդոգենեզի գենետիկայի մասին՝ հիմնականում կենտրոնանալով տեստոստերոնի դեֆիցիտի դրսևորումների և դրա հետևանքների վրա։
Վրաստանի բժշկական սեքսոլոգիայի միության նախագահ, պրոֆեսոր Զուրաբ Մարշանիայի զեկույցը կրում էր «Էրեկցիայի խանգարման բուժման խնդիրներն ու հեռանկարները. սեքսոլոգի տեսակետը» խորագիրը։ Վրացի մասնագետը բնորոշեց սեռական առողջությունը, վերհանեց տղամարդկանց և կանանց՝ սեռական կյանքով բավարարվածության մակարդակի տարբերությունը։
Գիտաժողովին ներգրավված էին նաև բժշկության տարբեր ոլորտների մասնագետները, որոնք ներկայացրին սեռական առողջությունը հարակից մասնագիտությունների դիտակետից:
Նիստի առաջին օրը մասնագետները կխոսեն հետևյալ թեմաներով՝ «Սեքսոլոգիայի ուսուցման հարցերը ընտանեկան բժիշկների հետդիպլոմային կրթական ծրագրում», «Հոգեբանական տրավմա և սեռականություն», «Հոգեկան խանգարումների դերը սեռական դիսֆունկցիաների առաջացման գործընթացում»,«Փոքր կոնքի ցավային համախտանիշ և սեռական դիսֆունկցիա», «Կենսակերպի բժշկությունը սեռական առողջության համար․ որ դռները կարող ենք բացել», «Ուրոլոգիա և սեքսոլոգիա․ խոլիստիկ մոտեցում», «Ալերգիկ ռեակցիան՝ սեռական խանգարումների պատճառ», «Կոնքային ցավը՝ որպես կանանց սեռական խանգարումների պատճառ», «Քունը, շնչառությունը և էրեկցիոն ֆունկցիան», «Սեռական ֆունկցիան ռադիկալ պրոստատէկտոմիայից հետո»:
Միջոցառմանը մասնակցող արտասահմանյան պատվիրակության անդամներին ընդունեց ռեկտոր Արմեն Մուրադյանը։
Միջազգային գիտաժողովն աշխատանքները կշարունակի վաղը, որի շրջանակում ևս անդրադարձ կկատարվեն սեռական առողջության արդի խնդիրներին, սեռական խանգարումների բուժման ժամանակակից մոտեցումներին:
«Տղամարդու անպտղություն․ սիմպտոմատիկ և էթիոպաթոգենետիկ ժամանակակից վերլուծություն», «Սեռական խանգարումներ՝ պայմանավորված փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդություններով», «Վաղաժամ սերմնաժայթքում. բուժման ժամանակակից մոտեցումները», «Սեռական ցավային խանգարում», «Ցավի սեքսոլոգիական ասպեկտները», «Կանանց սեռական առողջությունը միջին տարիքում և դաշտանադադարում», «Կանանց անօրգազմիա», «Սեռական խանգարումների ժամանակակից հասկացությունները և դրանց արտացոլումը թերապևտիկ պրակտիկայում», «Հոգեսեռական զարգացման մարմնական բաղադրիչը և դրա հետ աշխատանքը սեռական դիսֆունկցիաների բուժման ժամանակ», «Սեռական առողջությունը էնդոկրինոլոգի և սրտաբանի դիտանկյունից» թեմաները կհնչեն գիտաժողովի երկրորդ օրը: