Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Շնորհակալագիր` մասնագիտական սխրանքի համար վթարի ենթարկված ռեանիմոբիլի բժշկին

Շնորհակալագիր`  մասնագիտական սխրանքի համար վթարի ենթարկված ռեանիմոբիլի բժշկին

«Ձեր արարքով ընդգծել  եք բժշկության մասին պատկերացումները, այն, թե բժիշկ լինելու դեպքում ինչպես է պետք ապրել». այսօր ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը նվիրված և անձնվեր աշխատանքի համար շնորհակալագրի արժանացրեց և կատարած մասնագիտական սխրանքի համար երախտիքի խոսքեր հղեց «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի  Մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայի բժիշկ Մերի Խաչատրյանին:

Ինչպես գիտեք, երեկ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի ռեանիմոբիլը կանչի գնալու ճանապարհին՝ Հրազդան քաղաքի մոտակայքում վթարի էր ենթարկվել։

Բժիշկ Խաչատրյանը, չնայած տեղի ունեցածին, շտապօգնության մեքենայով հասնում է Հրազդանի բժշկական կենտրոն, անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերում այն նորածնին, որի համար կատարվել էր կանչը և համալսարանական հիվանդանոցի արդեն երկրորդ ռեանիմոբիլով երեխային տեղափոխում է համապատասխան բժշկական հաստատություն:

«Կարծում եմ, որ յուրաքանչյուրն իմ տեղում այդպես կվարվեր»,- ասաց Մերի Խաչատրյանը`  Կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանի, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Հռիփսիմե Ապրեսյանի մասնակցությամբ հրավիրված հանդիպմանը:

Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ մասնագիտական սխրանքների նման օրինակները ընդգծում են առողջապահական համակարգի կարևոր բաղկացուցիչը` նվիրումը. «Ձեզ սպասող, Ձեր օգնության կարիքն ունեցող փոքրիկի առողջությունը Դուք առավել բարձր եք դասել, և սա ուսուցողական է, ինչպես ապագա բժիշկների, այնպես էլ կոլեգաների համար»:

Նշենք, որ վթարի հետևանքով «Հերացի» հիվանդանոց տեղափոխված բուժքրոջ և վարորդի վիճակը համալսարանական մասնագետների, բուհի ղեկավարության ուշադրության կենտրոնում է: