Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ Շրի Լանկայից ժամանած առաջին կուրսեցիների հանդիպումը Միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանի, Օտարերկրացիների ուսուցման դեկանատի ղեկավար Գայանե Ավետիսյանի, փոխդեկան Խաչատուր Մարգարյանի և Օտարերկրացի ուսանողների հետ տարվող աշխատանքային բաժնի ղեկավար Ռահուլ Անիլ Սետհիի հետ։
Ողջունելով ուսանողների մուտքը ԵՊԲՀ մեծ ընտանիք՝ դեկան Գայանե Ավետիսյանը նշեց․ «Որպես աշխարհի ամենապատասխանատու մասնագիտության կրողներ՝ դուք պետք է անընդհատ սովորեք մինչև ձեր վերջին աշխատանքային օրը։ Բժշկական համալսարանը մեծ ընտանիք է նաև օտարերկրացի ուսանողների համար։ Այստեղ կրթություն են ստանում 33 երկրից ժամանած ապագա բժիշկներ»։
Կարևորելով դասերից չբացակայելու և չուշանալու անհրաժեշտությունը՝ նա առաջին կուրսեցիներին հայտնեց բուհի անձնակազմի՝ անվերապահ աջակցելու պատրաստակամությունը ցանկացած խնդրի դեպքում։ Գայանե Ավետիսյանն անդրադարձավ նաև շրիլանկացի ուսանողների համար նախատեսված մշակութային ծրագրերին՝ վերհիշելով նախորդ տարիներին անցկացված միջոցառումները։
Փոխդեկան Խաչատուր Մարգարյանն ընդգծեց հանրակացարանում և մեր երկրում կարգուկանոնի պահպանման անհրաժեշտությունը։ «Դուք շրիլանկացիների արդեն երրորդ սերունդն եք, որը միանում է համալսարանական մեր մեծ, ավելի քան 100-ամյա ընտանիքին, որն իր տանիքի ներքո է համախմբում 33 երկիր, 10 ազգություն և 6 կրոն։ Շնորհակալություն այս ընտանիքն ընտրելու համար», – շեշտեց փոխդեկանը։
Նշենք, որ բժշկական բուհի շարքերն այս տարի համալրեց 71 շրիլանկացի ուսանող։ Ընդհանուր առմամբ՝ համալսարանում բժշկական կրթություն է ստանում Շրի Լանկայից ժամանած շուրջ 170 ուսանող։