Նոյեմբերի 5-ին «Սիմֆոնիկ Մանսուրյան» խորագրով բարեգործական համերգն Արամ Խաչատրյան համերգասրահում նվիրված Էր Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 35-ամյակին։
Դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարմամբ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կատարեց ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հեղինակած երաժշտությունը կինոֆիլմերից և թատերական ներկայացումներից:
Երեկոյի սկզբում ու հաջորդիվ անվանի կոմպոզիտորը պարբերաբար ներկայանում էր լսարանին տարբեր տարիներին հեղինակած ու վաղուց հանրության սերը վայելող երաժշտության վերաբերյալ մեկնաբանություններով ու պատմություններով:
2020 թվականի սեպտեմբերին սկսված պատերազմում շուրջ 4 տասնյակ հերացիականների պես անմահացավ խոստումնալից կլինիկական դեղագետ, գիտնական, ԵՊԲՀ կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի դասախոս, հայրենասեր մարդ Վահե Մելիքսեթյանը:
Չնայած երիտասարդ տարիքին՝ հասցրել էր մասնագիտական բեղուն ճանապարհ անցնել։ 2012թ. գերազանցությամբ ավարտել էր օրդինատուրան՝ ստանալով կլինիկական դեղագետի որակավորում: Կլինիկական օրդինատուրայում ուսումնառության տարիներին վերապատրաստման նպատակով մեկնել էր Իտալիա՝ Կամերինոյի համալսարան:
Հետբուհական կրթություն ստանալուց հետո աշխատանքի անցել էր ԵՊԲՀ կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնում և դասավանդել մինչև զորակոչվելը՝ 2018թ. դեկտեմբերը:
Վահե Մելիքսեթյանը ամբիոնում դասավանդելուն զուգահեռ զբաղվում էր նաև գիտական աշխատանքով և 2019 թ. պատրաստվում էր պաշտպանել թեկնածուական ատենախոսությունը։ Հեղինակ է տասից ավելի գիտական հոդվածների, այդ թվում՝ միջազգային հեղինակավոր պարբերականներում։
Ամբիոնի լավագույն դասախոսներից էր․ուսանողները միշտ հիացմունքով են խոսել Վահեի մասին նրա մասնագիտական բարձր որակավորման և մարդկային բացառիկ հատկանիշների շնորհիվ: Գերազանց տիրապետում էր 3 օտար լեզվի՝ ռուսերենի, անգլերենի և իտալերենի։
Վահեի մասնագիտական գաղափարներն ու երազանքներն այժմ կյանքի են կոչվում նրա անունը կրող կրթաբժշկական հիմնադրամի ջանքերով, որի առաքելությունն է դեղագիտության զարգացումը մեր երկրում:
Համերգի ավարտին Գոռ Սուջյանի կատարմամբ հնչեց «Ելար» ստեղծագործությունը՝ նվիրված Վահե Մելիքսեթյանին:
Նշենք, որ միջոցառումը նախաձեռնել էր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամը և «C-squared» ընկերությունը: Տոմսերի վաճառքից ստացված հասույթը կուղղվի «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամին՝ ի աջակցություն Արցախից բռնի տեղահանված ուսանողների։