ԵՊԲՀ սրտաբանության ամբիոնի կլինիկական օրդինատոր Արտյոմ Աղաբաբյան այս ուսումնական տարում բժշկական բուհում վերջերս սահմանված ակադեմիկոս Գուրգեն Բադալյանի անվան կրթաթոշակառու է:
Պատվաբեր այս կարգավիճակում կլինիկական փորձը նա հարստացնում է «Հերացի» համալասարանական հիվանդանոցի Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության և ներքին հիվանդությունների կլինիկայում` ղեկավար, Սրտաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Համայակ Սիսակյանի գլխավորությամբ:
Խոսելով կրթաթոշակի արժանանալու և ուսումնառության մասին, Արտյոմի նշում է՝ օրդինատուրայում անցկացրած ժամանակը հնարավորություն է տալիս շփվել ոլորտի լավագույն մասնագետների հետ, ձեռք բերել հիմնարար գիտելիք:
Բժիշկ դառնալու ճանապարհին նորանոր մարտահրավերներ են առաջանում, որոնք հաղթահարելը ձևավորում է բժշկին հարիր ամուր կամք:
«Կյանքեր փրկելը, մարդկանց բուժելը և նրանց բնականոն առօրյային վերադարձնելը մանկուց էլ ինձ շատ էր գրավում, այդ պատճառով էլ դեռ վաղ հասակից հստակ որոշեցի ընտրել այդ պատասխանատու մասնագիտությունը և մնացի անդրդվելի որոշմանս մեջ: Ընտրել եմ սրտաբանությունը որպես նեղ մասնագիտություն, քանի որ այս չափազանց հետաքրքիր և բարդ ոլորտը հնարավորություն է տալիս համատեղել գիտական և կլինիկական գործունեությունը և զարգացնել կլինիկական մտածողությունը՝ կապ հաստատելով այլ մեծաթիվ մասնագիտությունների հետ»,-ընդգծում է հերացիականը։
Նրա խոսքով՝ բժշկի մասնագիտությունն ընտրած անձը պետք է առաջին հերթին տարբերվի ապրումակցման՝ էմպաթիայի կարողությամբ և արագ ու ճիշտ որոշումներ ընդունելու ունակությամբ:
«Բարձր առաջադիմությամբ սովորելը, ըստ իս, հեշտ չէ, բայց ձգտումը՝ դառնալ գիտակ մասնագետ և ապագայում փրկել մարդկային կյանքեր, դարձնում է ամենը հաղթահարելի»,-հավելում է ակադեմիկոս Գուրգեն Բադալյանի անվան կրթաթոշակառուն:
Նշենք, որ մեծ է պրոֆեսոր Բադալյանի ավանդը մեր երկրում բժշկագիտության զարգացման, սերունդներ կրթելու, մասնագետներ պատրաստելու գործում:
Գուրգեն Բադալյանի գիտական ուղին նվիրված էր սուր և քրոնիկական սրտային անբավարարության, սրտի իշեմիկ հիվանդության պաթոգենեզի հարցերի ուսումնասիրությանը:
Շուրջ երկու տասնամյակ եղել է Խորհրդային Հայաստանի գլխավոր թերապևտը, քառորդ դար շարունակ գլխավորել է Ներքին հիվանդությունների պրոպեդևտիկայի ամբիոնը, եղել է թերապևտիկ և սրտաբանական ծառայության ղեկավար առաջատար կլինիկայում: Նրա անունը սերունդները, կրտսեր կոլեգաները հիշում են մեծ ակնածանքով: