«Հերացի» համալսարանական հիվանդանոցում գրանցվել է բժշկական տեսակետից ուշագրավ դեպք:
Սրտի հաղորդականության խանգարում ունեցող 61-ամյա կնոջ կյանքը փրկվել է՝ տեղադրելով մշտական մեկ խոռոչանի ռիթմավար սարք:
Սա թիմային հերթական, ծավալուն աշխատանքի արդյունքն էր:
Այսպիսով, վերակենդանացման բաժանմունքում պացիենտն ունեցել է սրտի կանգի էպիզոդներ: Սրտի կանգի հաստաված բավականին երկար տևողությունը կարող էր բերել լուրջ հետևանքների: Վերակենդանացման միջոցառումների շնորհիվ հնարավոր է եղել վերականգնել սրտի աշխատանքը:
«Հետազոտությունների արդյունքում արդեն ցուցում դրվեց և համատեղ կոնսիլյումների ընթացքում որոշում կայացվեց պացիենտին տեղադրել ժամանակավոր ռիթմավար, քանի որ այդ ժամանակ նա գտնվում էր էնդոտրախյալ ինտուբացված, այսինքն ապրելիությունը գնահատել այդ իրավիճակում բավակաին բարդ էր: Տեղադրվեց ժամանակավոր ռիթմավար: Բուժումը դրական արդյունք տվեց, սրտի կանգի էպիզոդներ չգրանցվեցին. որոշվեց տեղադրել մշտական ռիթմավար սարքը»,-մանրամասնում է «Հերացի» համալսարանական հիվանդանոցի ընդհանուր և ինվազիվ սրտաբանության և ներքին հիվանդությունների կլինիկայի ինտենսիվ թերապիայի ծառայության բժիշկ-սրտաբան Արսեն Վարդանյանը:
Բնածին հիվանդության պատճառով 35 տարի առաջ հեռացվել էր բուժառուի մեկ թոքը, ինչն էլ ավելի ռիսկային էր դարձրել վիրահատությունը:
Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության և ներքին հիվանդությունների կլինիկայի ինտենսիվ թերապիայի ծառայության ղեկավար Արամ Տերտերյանի խոսքով՝ բարդությունն այն էր, որ հիվանդի թոքի վիրահատության հետ կապված վիրաբուժական մուտքի ճանապարհները աղավաղված էին, անոթների, կրծքավանդակի օրգանների տեղակայումը` խախտված:
«Այդ թվում երակ-զարկերակային համակարգի հետ տոպոգրաֆիայի հետ ունեինք բավական լուրջ խնդիրներ: Հաշվի առնելով այդ հանագամանքը՝ կատարվեց կրծքավանդակի օրգանների երակ-զակերակային համակարգի կոնտրաստ համակարգչային տոմոգրաֆիա, որը հնարավորություն տվեց արդեն հստակ պատկերացում կազմել տեղագրության մասին: Եվ ցուցում տրվեց, որ ոչ թե ստանդարտ պունկցիոն մեթոդով ասեղի միջոցով հասնել դեպի սիրտ հասցնել էլեկտրոդը, այլ երակը տեսնելով՝ իրականացվել է v. cefalica սեկցիա և դրա միջոցով էլեկտրոդը անցկացվել դեպի սրտի խոռոչ»,- անդրադառնալով դեպքին հավելում է Արսեն Վարդանյանը:
Բարեհաջող վիրահատությունից հետո առաջիկա օրերին պացիենտը դուրս կգրվի հիվանդանոցից:
Միջամտությունը բարդ էր, քանի որ կինն ուներ նաև ուղեկցող այլ առողջական խնդիրներ, ի սկզբանե բուժհաստատություն տեղափոխվել էր այլ խնդրով:
Ինտենսիվ թերապիայի ծառայության ղեկավար, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Հայկ Պետրոսյանը նշում է, որ պացիենտը տեղափոխվել է շտապօգնության մեքենայով, անգիտակից:
Համակարգչային շերտագրությամբ հայտնաբերվել էր գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում իշեմիկ բնույթի կաթված: Անմիջապես սթրոք թիմի միջամտությամբ իրականացվել է վիրահատական միջամտություն, թրոմբի հեռացում. հետագա բուժումը շարունակվել էր ինտենսիվ թերապիայի ծառայությունում:
Նշենք, որ համալսարանական հիվանդանոցում ռիթմավար սարքերի տեղադրման գործընթացը դրված է բարձր հիմքերի վրա:
Այն պացիենտները, որոնք նախկինում կարող էին մահանալ սրտի ռիթմի խանգարումներից, այժմ կարող են առիթմոլոգիական միջամտությունների շնորհիվ վերականգնել սրտի ռիթմի խանգարումները:
Մասնագետների գնահատմամբ՝ Հայաստանում իրականացվում է ինտերվենցիոն առիթմոլոգիական ծառայությունների ամբողջ շղթան:
Կարևոր է հետազոտվել, որ խնդիրը չհասնի միջամտության: