ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող Սևադա Ներսիսյանը բացահայտում է, թե ինչու ընտրեց բժշկի մասնագիտությունը:
«Բնագիտական առարկաները վաղուց են գերել ինձ իրենց խորությամբ ու անսահման հետաքրքրությամբ։ Խորամուխ լինելով քիմիա և կենսաբանություն առարկաների ուսումնասիրությանը` մեծ հաջողություններ ունեցա` մասնակցելով հանրապետական և միջազգային օլիմպիադաների։ Ժամանակի ընթացքում հասկացա, որ բնության օրենքների իմացությունը կարելի է կիրառել կարևոր մի ոլորտում` բժշկության մեջ` ի շահ մարդկության», – նշում է ապագա բժիշկը։
Նրանց ընտանիքում բժիշկներ չկան, հայրն է ցանկացել դառնալ բժիշկ, բայց Սևադան ասում ՝ կյանքը նրան տարել է այլ ճանապարհով և հիմա ուրախ է, որ հոր երազանքն իրականություն է դառնալու իր և քրոջ միջոցով. երկուսն էլ ընտրել են բժշկի մասնագիտությունը։
«Ուսումնառության տարիներին, հանձինս արհեստավարժ պրոֆեսորադասախոսական կազմի, հասցրել եմ ստանալ բազմաբովանդակ գիտելիք ու հմտություններ, որոնք պարարտ հող են ապագա գիտակ բժշկի համար։ Բացի տեսական գիտելիքից, համալսարանն ինձ տվել է նաև տրամաբանելու, քննադատորեն մտածելու, պատճառահետևանքային կապերը վերհանելու կարողություն։ Ամենօրյա շփումը բանիմաց բժիշկ֊դասախոսների հետ ձևավորում է պացիենտի նկատմամբ հոգատար ու անշահախնդիր վերաբերմունք. լսել, հասկանալ, կարեկցել, բուժել։ Միաժամանակ ձևավորվում են մասնագիտական կապեր, որոնք հետագայում կարող են վերածվել կայուն համագործակցության և թիմային արդյունավետ աշխատանքի», – վստահ է Սևադա Ներսիսյանը։
Նրա խոսքով՝ բժշկի մասնագիտությունը սովորելը հեշտ չէ. պետք է շատ կարդալ, հետազոտել, երբեմն հրաժարվել հանգստից ու ժամանցից։ «Պետք է գիտակցել, որ այն, ինչ սովորում ենք, մի օր կարող է դառնալ մեկ կյանք փրկելու երաշխիք։ Բժշկությունն այն ոլորտն է, որտեղ սխալվելու իրավունք գրեթե չպիտի լինի։ Այստեղ ամենափոքր անուշադրությունն անգամ կարող է ունենալ լուրջ հետևանքներ: Այդ գիտակցումը հենց սկզբից ինձ ստիպել է մասնագիտությանը մոտենալ մեծ պատասխանատվությամբ. յուրաքանչյուր քայլ անել մտածված ու հիմնավորված», – ասում է ապագա մասնագետը:
Նրա համոզմամբ՝ չնայած, որ բժշկության մեջ տեխնոլոգիաները զարգանում են մեծ արագությամբ և ոլորտում չափազանց կարևոր է դրանց նշանակությունը, սակայն բժիշկի՝ որպես մարդկային գործոնի անհատական մոտեցման դերն անփոխարինելի է։
«Սարքերը կարող են տրամադրել տվյալներ ու պատկերներ, բայց միայն բժիշկը կարող է զգալ, հասկանալ ու ապրումակցել հիվանդին։ Իմ կարծիքով՝ բժշկի լավագույն որակները պետք է լինեն պատասխանատվության զգացումը, հոգատարությունը, համբերատարությունը, մարդասիրությունն ու մարդկանց օգնելու ցանկությունը», – նշում է Սևադան։
Նա խոսոտովանում է, որ ուսումնառության ընթացքում շատ նեղմասնագիտացումներ են հրապուրել իրեն, սակայն վերջնական ընտրություն դեռևս չի կայացրել։ Վստահ է, որ որպես ապագայի տեսլական` փորձելու է քայլել ժամանակին համահունչ` կատարելագործելով ու թարմացնելով բուհում ձեռք բերած գիտելիքը: Այս համատեքստում հիշեցնում է հայ մեծ բանաստեղծի խոսքը. «Ինչպես Չարենցն էր ասում. «Թե ուզում ես երգդ լսեն, ժամանակիդ շունչը դարձիր»։