Անահիտ Հովհաննիսյանը ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողուհի է, ստեղծագործող ապագա բժիշկ։ Դասերից հետո, ազատ ժամանակ բանաստեղծություններ է գրում։ Նրա կարծիքով՝ բոլոր ոլորտների հիմքը ստեղծագործ միտքն ու հոգին են։
«Ստեղծագործելը զարգացնում է ճկուն միտք և դա ամեակարևորն է բժշկության մեջ։ Ես չեմ պատկերացնում իմ հետագա կյանքը ո՛չ առանց բժշկության, ո՛չ առանց պոեզիայի, երկուսն էլ իմ մի մասն են կազմում և լրացնում են մեկը մյուսին»,- պատմում է Արմավիրի մարզի Դալարիկ գյուղից ԵՊԲՀ-ում բժշկական կրթություն ստացող ապագա բժիշկը։
Անահիտը սկսել է ստեղծագործել 15 տարեկանում, սկզբնական շրջանում գրում էր արձակ փոքրիկ պատմվածքներ, հետո իրեն գտավ չափածոյի մեջ։ Առաջին ստեղծագորությունը մայրիկի մասին էր, հետո գրեց կյանքի մասին։ Այժմ երիտասարդ հեղինակի ստեղծագործությունների մեծ մասը սիրո թեմատիկա ունեն։
«Չնայած սկզբնական շրջանում ունեցած որոշ դժվարություններին՝ այժմ ես ուղղակի վայելում եմ համալսարանում անցկացրած ամեն րոպեն, լավ ու հետաքրքիր մարդկանց շրջապատում գտնվելով։ Փոքր տարիքից երազում էի ապագայում այնպիսի մասնագիտություն ընտրել, որպեսզի օգտակար լինեմ մարդկանց, լավ մասնագետ դառնամ ու անեմ ինձանից կախված ամեն ինչ, որ ոչ մի մանուկի աչքից արցունք չգնա ծնողին կորցնելիս»,- ընդգծում է սովորողը, ով փորձում է նաև հասարակական ակտիվություն դրսևորել։ Մեծ ոգևորությամբ մասնակցում է հասարակագիտական առարկաների ամբիոնում կազմակերպվող ուսանողական միջոցառումներին։
Այս պահին ավելի շատ ժամանակ է հատկացնում ուսմանը, սակայն ցանկություն ունի հավաքագրել ստեղծագործություններն ու գիրք տպագրել։
Եկող ուսումնական տարում արդեն երրորդ կուրսեցի Անահիտ Հովհաննիսյանն առաջիկայում նախանշում է ընտրել սրտի վիրաբուժությունը՝ որպես նեղ մասնագիտացում։
Ներկայացնում ենք ապագա բժշկի ստեղծագործություններից մի քանիսը։
Ես աշխարհը կտայի…
Ես աշխարհը կտայի քո դիմաց,
Եթե աշխարհը դու չլինեիր,
Կտայի և' հոգիս, միտքս էլ կտայի,
Եթե քո մտքում չլինեի մեռած,
Երկինք, երկիրը իրար կձուլեի,
Եթե ձուլելիս գեթ վայրկյան տեսնեի,
Անգամ աչքերս կտայի քեզ համար,
Եթե քո դիրքին լինեի ես հարմար:
Ես իմ ստեղծած զգացմունքն էլ կտայի,
Եթե այն վաղուց քոնը չլիներ,
Այլ մոլորակից ծաղիկ կբերեի,
Եթե իմ բերած ծաղիկը սիրեիր,
Ու մեռածներից կրկին կհառնեի,
Եթե հառնելիս գոնե բարևեիր,
Ես սիրտս էլ կտայի քո դիմաց,
Եթե սիրտս դու չլինեիր…
*
Ես աշխարհը կտայի քո դիմաց,
Եթե աշխարհը դու չլինեիր…
*
Թե աղոթեմ, աղոթքիս հետ քո անունը կշշնջամ,
Որ այդ սուրբ բառերի հետ քո անունն էլ սրբագործվի,
Թե կուրանամ, իմ աչքերում քո պատկերը կնկարեմ,
Որ խավարում քո պատկերից ճանապարհս լուսավորվի:
Երբ սև դևը մտնի հոգիս ու սևացնի լարը սպիտակ,
Քո ժպիտը` մի ծիածան, իր գույներով կներկի այն,
Ու երբ կյանքիս ուղին թվա տգեղ,նաև աննպատակ,
Ինձ կլինեն լսելի քո նուրբ ձայնի երանգներն այն:
Ու թե սրտիս բաբախները դանդաղանան և այն կանգնի,
Քո խոսքերը` մաքրամաքուր, նոր ուժ կտան բաբախներին,
Թե ձեռքերս քեզ որոնեն ու կարոտը հոգիս մտնի,
Ես կփնտրեմ իմ մտքերում հանդիպումը մեր առաջին:
*
Երբ որոնեմ ու չգտնեմ քեզ իմ կյանքի արահետում,
Ծաղիկները մեր մեկ տարվա կթառամեն շիրմաքարին:
*
Մամա
Գնում եմ դանդաղ, նայում եմ հեռուն,
Օտար երկնքից մի շող է իջնում,
Շող՝ նման լույսի, կյանքի փարոսի,
Բոլորի ձեռքով դարձած մեկուսի,
Առանց երկյուղի դարձած ամայի:
Նայում եմ հեռուն, ժպտում եմ կրկին,
Երկնքի մթից լողում է սոսին,
Փոթորկի ձայնից դողում է հոգին,
Դողում է կրկին, սարսռում մթից,
Անձայն շշուկով մահանում ցրտից:
Ժպտում եմ կրկին, աչքերս փակում,
Անհայտ վայրերից լույս է հայտնվում,
Լույս՝ նման հույսի, ցրտի, երկյուղի,
Խավարից, մթից դարձած անհայտնի,
Վառվող կրակից դարձած անհոգի:
Աչքերս փակում ու կրկին բացում,
Մորս շշուկն եմ ես միայն լսում,
Շշուկ՝ նման ցավի, սրտի բաբախի,
Իմ ձեռքով դարձած երգ պատարագի,
Երգ գանձարանի, գանձ թանգարանի:
Կրկին բացում ու կրկին փակում,
Մա՛յր իմ անբասիր, ինչու՞ ես փախչում,
Թողնում ինձ այստեղ այսպես անողոք,
Չի հասնում քեզ մոտ ո՛չ լաց, ո՛չ բողոք:
Անբարբառ խոսքս մնաց անկատար,
Չդարձա թռչուն՝ անգայթ, անվարար,
Չգտա լեզուն՝ քեզ լուր հայտնելու, Անմեղ իմ հոգին քեզ ուղարկելու
Ու քո սրտի մեջ անխախտ թաղելու:
Ապագա բժշկի հետ զրուցեց Տաթևիկ Գրիգորյանը