Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց Ստոմատոլոգների միջազգային օրվան նվիրված գիտաժողով՝ «Նորարար ստոմատոլոգիա» խորագրով։
Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը շնորհավորեց ստոմատոլոգներին մասնագիտական օրվա և գիտաժողովի մեկնարկի առթիվ՝ մաղթելով նորանոր հաջողություններ։
«Մեզնից յուրաքանչյուրը կյանքի տևողության ընթացքում նվազագույնը մեկ անգամ կամ բազմիցս այցելում է ստոմատոլոգին, դուք այդ այցելության ընթացքում պարգևում եք առողջ և իրական ժպիտներ, որոնք այսօր, ինչպես երբեք, խիստ կարևորում ենք։ Այս ոլորտի հաջողությունները մեկնարկել են այն պահից, երբ 1961 թվականին այն ժամանակ Երևանի պետական բժշկական ինստիտուտում հիմնադրվեց Ստոմատոլոգիայի ֆակուլտետը։ Սա ձեր մեծ ձեռքբերումն է, սա մեծ հնարավորություն է, մարտահրավեր է մեր երիտասարդ ապագա գործընկերներին, որոնք, տեսնելով ուսուցիչների հաջողությունները, տեսնելով նրանց նորարար մոտեցումները, սրընթաց զարգացող ոլորտը, անշուշտ, արժանի կլինեն այս փառահեղ տարիներին և իրենց մեկդարյա բուհին», – ընդգծեց Արմեն Մուրադյանը։
Նրա գնահատմամբ` միջազգայնորեն հավատարմագրված «Բուժական գործ» եռալեզու կրթական ծրագրերը բժշկական մայր բուհում մեծ ուրախություն են առաջացրել:
«Հաստատվեց մի ծրագիր, որը հիմք է դնելու նոր միջազգային գործընթացների, հիմք է դնելու լոգիստիկ ճանաչելիությանը, մի գործընթացի, որը մեկնարկել էր դեռևս 50-ականներից, երբ սփյուռքահայությունը խմբեր էր ուղարկում այստեղ սովորելու, իսկ 80-ականներից արդեն նաև մեր այլազգի գործընկերները ժամանեցին Հայաստան, այդ տասնյակ ուսանողներն այսօր հազարների վերածվեցին։ Այսօր արդեն գրեթե 2100 օտարերկրացի ուսանող այստեղ սովորում է, և օրեր առաջ բժշկական համալսարանը միջազգայնորեն ճանաչվեց՝ հավատարմագրվելով «Բուժական գործ» մասնագիտությամբ։ Հերթը ձերն է, և այսօր՝ փետրվարի 9-ին, ձեզ շնորհավորելով, նաև հայտարարում եմ, որ Ստոմատոլոգիական ֆակուլտետը ևս հավատարմագրում անցնելու որոշում ունի։ Հույս ունեմ, որ մյուս տարի, երբ մենք այստեղ հանդիպենք, դեկանը կզեկուցի այդ ձեռքբերման վերաբերյալ։ Հստակ ժամկետներ հնչեցին, հստակ հավակնություն ձևավորված է, և այսօրվանից սկսած՝ գնդակը ձեր դաշտում է», – շեշտեց ռեկտորը՝ գիտաժողովի մասնակիցներին մաղթելով արգասաբեր աշխատանք։
Ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան Լազար Եսայանը ևս շնորհավորեց ներկաներին մասնագիտական օրվա առթիվ։
«Յուրաքանչյուր տարի այս օրը պարտավորեցնում է մեզ արժանի լինել այս մասնագիտությանը։ Ինչպես հայտարարեց ռեկտորը, այսօրվանից Ստոմատոլոգիական ֆակուլտետը նույնպես սկսում է բարեփոխումների շրջան և սկսում է քայլել դեպի միջազգայնացում, դեպի նորացում։ Ինձ համար ոգևորիչ է, որ այստեղ հավաքված են ոչ միայն Երևանի, այլև բոլոր մարզերի ստոմատոլոգները, այդ թվում՝ Արցախից», – նշեց նա:
Այնուհետև մեկնարկեց գիտական զեկույցների ներկայացումը։
Միջոցառման առաջին հատվածում Թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի դոցենտ Վահե Ազատյանը հանդես եկավ «ՄԻԱՎ վարակի դրսևորումները բերանի խոռոչում» թեմայով զեկույցով։ Մասնագետը ներկայացրեց ՄԻԱՎ վարակի հետ կապված բերանի խոռոչի ախտահարումները, որոնց թվում՝ կանդիդոզ (88%), մազավոր լեյկոպլակիա (83%), եզրային գինգիվիտ (80%), դեստրուկտիվ պարօդոնտիտ (60%), խոցանեկրոտիկ գինգիվիտ (20%), Կապոշիի սարկոմա (4-50%), Ոչ Հոջկինային լիմֆոմա (4-30%)։
Վիրաբուժական ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի վարիչ Գագիկ Հակոբյանն անդրադարձավ թվային տեխնոլոգիաների և արհեստական բանականության կիրառությանը ժամանակակից ստոմատոլոգիայում և դիմածնոտային վիրաբուժությունում։ Նա հատկապես կարևորեց ներբերանային տեսախցիկի և թվային ժպիտի ձևավորման առանձնահատկությունները, որոնք էսթետիկ վերականգնողական պլանավորման հնարավորություն են տալիս և բարելավում են բուժման արդյունքները։
Օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոնի դոցենտ Կարեն Մաշինյանը «Դիմածնոտային արատների վերականգնման արդի մոտեցումները» զեկույցի շրջանակում մանրամասնեց, թե ինչ է իրենից ներկայացնում դիմածնոտային օրթոպեդիան՝ գիտաժողովի ընթացքում ցուցադրելով և քննարկելով հստակ կլինիկական դեպքեր։
Մանկական ստոմատոլոգիայի և օրթոդոնտիայի ամբիոնի դասախոս Մարգարիտա Գևորգյանը խոսեց «Մինիմալ ինվազիվ մանկական ստոմատոլոգիա» թեմայով, իսկ Թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի դասախոս Աննա Ավետիսյանն անդրադարձավ տարբեր ազգերի ներկայացուցիչների շրջանում ատամների գունային առանձնահատկություններին։
Միջոցառումը նախատեսված էր բժիշկ ստոմատոլոգների, դիմածնոտային վիրաբույժների, կլինիկական օրդինատորների և ուսանողների համար։ Հագեցած թեմաներով գիտաժողովն աշխատանքները կամփոփի այսօր:
Նշենք, որ գիտաժողովը կազմակերպվել էր Երևանի պետական բժշկական համալսարանի և Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի համատեղ ջանքերով։