Ստոմատոլոգիական համայնքն ամփոփեց միջազգային համաժողովի արդյունքները

Ստոմատոլոգիական համայնքն ամփոփեց միջազգային համաժողովի արդյունքները

Բժշկական համալսարանում հոկտեմբերի 18-ին ամփոփվեց «Ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության արդի խնդիրները» խորագրով միջազգային հավաստագրված համաժողովը` նվիրված Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի 30 և պրոֆեսոր Վալերի Տատինցյանի 85-ամյա հոբելյաններին:

Ինչպես հայաստանյան բժշկական շատ գերդաստաններում է պատահում, Վալերի Տատինցյանը ևս ստոմատոլոգի մասնագիտությունը գենետիկորեն է ժառանգել: ՀՀ գիտության վաստակավոր գործչի մայրը՝ Լուսիկ Օհանյանը, նույնպես ստոմատոլոգ էր։ Հենց նրա օրինակով է ներշնչվել նաև որդին, ում ստոմատլոգիական միջավայրը մանկուց էր հարազատ։ Տատինցյանների ընտանիքում ստոմատոլոգների պակաս չի զգացվում։ Վալերի Տատինցյանն ու իր մասնագիտությամբ տնտեսագետ կինը՝ Շողիկ Տատինցյանը (կնոջ ծնողները ևս բժիշկներ են եղել), չորս երեխա ունեն, որոնցից երեքն ընտրել են ստոմատոլոգ դառնալու ուղին։ Պրոֆեսոր Տատինցյանի երկար տարիների մասնագիտական փորձն օրինակելի է այն հայ և օտարերկրացի երիտասարդների համար, որոնք առաջիկայում պատրաստվում են ստոմատոլոգ դառնալ և որոնք հաջողված գործունեություն են ծավալում սրընթաց զարգացող այս բնագավառում:

ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր, Թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Վալերի Տատինցյանը մեզ հետ զրույցի ընթացքում ընդգծեց, որ բժշկական համալսարանը ստոմատոլոգիայի ոլորտում ևս արդեն վաղուց դուրս է եկել միջազգային ասպարեզ: «Աշխարհի տարբեր երկրներից մարդիկ այստեղ են գալիս իրենց զեկույցները ներկայացնելու: Ակնհայտ է, որ թե՛ ուսանողները, թե՛ դասախոսները, լսելով այս ամենը, իրենց կրթական և բուժական գործընթացներում ինտեգրում են գիտության և ստոմատոլոգիայի վերջին նվաճումները: Ես, անշուշտ, կարծում եմ, որ այս ամենը շատ օգտակար է հատկապես Հայաստանի համար, ինչը հետագայում կհանգեցնի շատ լավ արդյունքների», – նշեց ոլորտում փորձառու համալսարանականը:

Ապագա ստոմատոլոգներին պրոֆեսոր Տատինցյանը կոչ արեց անընդհատ աշխատել իրենց վրա, ինչը նա պարբերաբար հիշեցնում է թե՛ դասախոսությունների, թե՛ գործնական պարապմունքների ժամանակ: «Եվ հետո, մի՛ ամաչեք հարցեր տալուց, եթե ինչ-որ բան չեք հասկանում: Խորհրդակցե’ք ուրիշների հետ: Դուք կշահեք դրանից, իսկ ձեր հեղինակությունը կբարելավվի», – հավելեց նա:

Ստոմատոլոգիական համայնքի շուրջ 300 ներկայացուցչի մեկ տանիքի ներքո համախմբած միջոցառման երկրորդ և երրորդ օրերը ևս հագեցած էին մասնագիտական զեկույցներով և ինտերակտիվ քննարկումներով:

Ներկայացնենք դրանցից մի քանիսը։

ԵՊԲՀ հրավիրյալ պրոֆեսոր, հեղինակավոր Dawson ակադեմիայի ավագ դասախոս, ազգությամբ հնդիկ և Միացյալ Նահանգներում աշխատանքային գործունեություն ծավալող Նիրաջ Խաննան նշեց, որ արդեն երրորդ անգամ է այցելում Հայաստան: Շուրջ 33 տարի ստոմատոլոգիայով զբաղվող մասնագետն իր «Ֆունկցիոնալ էսթետիկա․ ատամնաշարերի մաշվածության կանխատեսելի բուժում» և «Ատամնային իմպլանտների կիրառում ընդհանուր ստոմատոլոգիական պրակտիկայում» խորոգրով զեկույցներում անդրադարձավ ատամնակծվածքի խանգարումներին և ատամնային իմպլանտների առանձնահատկություններին:

«Ատամնակծվածքի թեմայով ամբողջ աշխարհում կա մեծ շփոթություն, անորոշություն և հիասթափություն: Այդ պատճառով ես այստեղ եմ` ասելու, որ բարդություններ չկան, կա այդ խնդիրները դրական արդյունքներով լուծելու ավելի հեշտ ճանապարհ», – տեղեկացրեց Նիրաջ Խաննան։ Նրա համոզմամբ` կարևոր է, որ բոլոր մասնագետներն առաջնորդվեն նույն փիլիսոփայությամբ, իսկ դրա արդյունքում կշահի պացիենտը:

Թեհրանի Բժշկական գիտությունների Շահիդ Բեհեշթի համալսարանի (SBMU – Shahid Beheshti University of Medical Sciences) պրոֆեսոր, Իրանի օրթոպեդ ստոմատոլոգների նախկին նախագահ, Իրանի ստոմատոլոգիական ասոցիացիայի գիտական նախագահ, Ստոմատոլոգների միջազգային ակադեմիայի Մերձավոր Արևելքի ռեգենտ Քավեհ Սեյդանի զեկույցը «Իմպլանտների էսթետիկայի սահմաններից դուրս․ բարդությունների հաղթահարումը և նորարարությունները՝ առանց կարի ռեստավրացիաների դեպքում» թեմայով էր։

ԵՊԲՀ պատվավոր դոկտոր, Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար,  Ստոմատոլոգների համաշխարհային ֆեդերացիայում (FDI) Հայաստանի ստոմատոլոգների պատվիրակ Բեդրոս Յավրու Սակուկն անդրադարձավ առողջ ծերացմանը և երկարակեցությանը։

Օրթոպեդների ամերիկյան խորհրդի դեսպան, Ստենֆորդի համալսարանի բժշկական դպրոցի Գլխի և պարանոցի վիրաբուժության ամբիոնի դոցենտ, Սան Ֆրանցիսկոյի համալսարանի ստոմատոլոգիական դպրոցի կլինիկական դոցենտ Ջեք Կոյումջյանի զեկույցն ընդգծեց կծվածքի կարևորությունն ատամնային իմպլանտացիայի ժամանակ։

Բժշկական բուհի հրավիրյալ պրոֆեսոր, Իմպլանտոլոգների ամերիկյան խորհրդի պատվիրակ, Իմպլանտացիայի ամերիկյան ակադեմիայի և Օրթոպեդների ամերիկյան խորհրդի անդամ Վահիկ Փոլ Մեսերխանին անդրադարձավ բնածին կերպով բացակայող ատամների համաճարակաբանությանը և  բուժման տարբերակներին։

ԵՊԲՀ հրավիրյալ պրոֆեսոր, CAD/CAM տեխնոլոգիաների կիրառմամբ էսթետիկ ստոմատոլոգիայի, անմիջական իմպլանտացիայի, իմպլանտների պրոթեզավորման գծով ռուսաստանաբնակ հայազգի փորձագետ Արամ Դավիդյանի զեկույցը վերաբերում էր հարիմպլանտային ոսկրի ռեզորբցիայի և սինթեզի առանձնահատկություններին։

Բժշկական մայր բուհի շրջանավարտ, Մոսկվայի դիմածնոտային, պլաստիկ և վերականգնողական վիրաբուժության կլինիկական կենտրոնի առաջատար անապլաստոլոգ/դիմածնոտային շրջանի պրոթեզիստ Արտավազդ Խարազյանը համաժողովի մասնակիցներին ներկայացրեց գլխի և պարանոցի հետվիրահատական արատների վերակառուցումը իմպլանտային ռետենցիոն համակարգերի միջոցով։

Ամերիկյան ստոմատոլոգիական և բժշկական ինստիտուտի հիմնադիր և գործադիր տնօրեն, ԱՄՆ բանակի պահեստազորի վետերան, Դատական փորձաքննության ամերիկյան քոլեջի անդամ Մեհրան Դաուդիանն անդրադարձավ ստոմատոլոգիական պրակտիկայում անհետաձգելի իրավիճակներին՝ կարևորելով կանխարգելումը, ախտորոշումը, բուժումը և քննարկման դնելով իրական դեպքերի վրա հիմնված պրոտոկոլները։ Մասնագետը կոնկրետ դեպքերի միջոցով առանձնացրեց նաև ձեռքբերումները դատական ստոմատոլոգիայում։

Հունաստանի WAGRO և Իսպանիայի UCAM համալսարանների պրոֆեսոր, ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Համընդհանուր առողջապահության դպրոցի ավագ պրոֆեսոր, Հնդկաստանից ժամանած Պրիտինդեր Սինգհի զեկույցը «Պերիմպլանտիտի բուժում․ ակնարկ բուժման տարբեր ռեժիմների վերաբերյալ» թեմայով էր։

Արտասահմանցի գործընկերներին չէին զիջում նաև համալսարանական մասնագետները։ Մասնավորապես՝ ԵՊԲՀ վիրաբուժական ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր, «Հերացի» համալսարանական հիվանդանոցի դիմածնոտային վիրաբուժության և ԼՕՌ կլինիկայի ղեկավար Աննա Պողոսյանը հանգամանալից անդրադարձավ բերանի խոռոչի կարմիր տափակ որքինի և լեյկոպլակիայի բուժման վիրաբուժական ասպեկտներին, իսկ Մանկական ստոմատոլոգիայի և օրթոդոնտիայի ամբիոնի վարիչ, Հայաստանի օրթոդոնտների ասոցիացիայի նախագահ Հրանտ ՏերՊողոսյանը ներկայացրեց աքսիոգրաֆիան քունք-ստործնոտային հոդի հիվանդությունների ախտորոշման մեջ։