Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Սուր շնչառական վարակներ

Սուր շնչառական վարակներ

Հաշվի առնելով սուր շնչառական վարակների (ՍՇՎ) սեզոնային վերելքի շրջանը՝ հարկ ենք համարում մեկ անգամ ևս անդրադառնալ դրանց տարածվածությանը և առանձնահատկություններին:

Սուր շնչառական վարակները ներառում են տարբեր հիվանդություններ, որոնք հարուցվում են մի շարք վիրուսների և բակտերիաների կողմից: Վիրուսային վարակներից առավել տարածված են գրիպը, ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսային (RSV), ռինովիրուսային, կորոնավիրուսային, ադենովիրուսային և այլ վարակները: Դրանք համընդհանուր տարածված հիվանդություններ են, որոնք կարող են ազդել բոլոր տարիքային խմբերի վրա։ ՍՇՎ-երը առաջացնում են վերին և ստորին շնչուղիների բորբոքում՝ որոշ դեպքերում հանգեցնելով լուրջ բարդությունների, հատկապես՝ ռիսկի խմբերի շրջանում (վաղ մանկական հասակի երեխաներ, տարեցներ, քրոնիկ հիվանդներ, հղիներ, իմունանբավարարությամբ անձինք):

ՍՇՎ-ների վարակի հիմնական աղբյուր են հիվանդ մարդիկ, ավելի հազվադեպ` կենդանիները և թռչունները: Այս վարակները փոխանցվում են օդակաթիլային և կոնտակտային մեխանիզմներով: Օդակաթիլային մեխանիզմն իրականացվում է վարակվածների փռշտալու կամ հազալու միջոցով արտազատված և օդում ցրված լորձային մասնիկների ներթափանցմամբ՝ 0,9 մետր շառավղով, իսկ 10 մկմ ցողված մանրդիսպերսային մասնիկները կարող են տարածվել մինչև 1,8 մետր և ավելին։

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ յուրաքանչյուր տարի աշնան և ձմռան ամիսներին գրանցվում է սուր շնչառական հիվանդությունների սեզոնային աճ: Գրիպի և ՍՇՎ-երի համաճարակային սեզոնը սովորաբար սկսվում է հոկտեմբեր-հունվար ամիսներին: Ներկայում մեր երկրում շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, պարագրիպի և COVID-19 հիվանդության հարուցիչները։

ՍՇՎ-երի հիմնական ախտանշաններն են՝

  • Հազ և փռշտոց
  • Ջերմություն
  • Կոկորդի ցավ
  • Մկանացավ
  • Քթահոսություն
  • Հևոց կամ շնչառության դժվարացում:

ՍՇՎ-ի կանխարգելման համար անհրաժեշտ է՝

  • Պահպանել շնչառական հիգիենան՝ հազալու, փռշտալու էթիկետը, կրել դիմակներ,
  • Պահպանել ձեռքերի հիգիենան՝ պարբերաբար լվանալ ձեռքերը, կամ ախտահանել,
  • Ապահովել սենյակների բավարար օդափոխությունը,
  • Խուսափել փակ տարածքներում մարդկանց կուտակումներից,
  • Խուսափել հիվանդների հետ շփումից,
  • Ախտանշանների ի հայտ գալու դեպքում դիմել մասնագետի խորհրդակցությանը, չզբաղվել ինքնաբուժմամբ,
  • Արգելված է հատկապես հակամանրէային դեղամիջոցների կիրառումը՝ առանց բժշկի ցուցման։