Սահմանամերձ բնակավայրերից բժշկական կրթություն ստանալու նպատակով մայրաքաղաք տեղափոխված ուսանողները առանձնակի ձգտմամբ են փորձում ստանալ բժշկական կրթություն` ծննդավայրին, բնակչությանը պիտանի լինելու մեծ ցանկությամբ:
Տավուշի մարզի սահմանամերձ Այգեձոր գյուղից ապագա բժիշկ Գարիկ Ղալեչյանը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետ է ընդունվել 2016 թվականին:
«Սկզբում որոշել էի ռադիոֆիզիկա մասնագիտությունն ընտրել, բայց 12-րդ դասարանում հետաքրքրություն առաջացավ բժշկության ոլորտի նկատմամբ, հատկապես սրտաբանության, սրտային վիրաբուժության նկատմամբ և որոշեցի դիմել բժշկական համալսարան: Մի քանի ամիս պարապելուց հետո հեշտությամբ ընդունվեցի բուհ»,-նշում է ապագա բժիշկը: Նա այժմ սովորում է բուհի 4-րդ կուրսում:
«Պետք է 6-րդ կուրսում լինեի, բայց զինվորական ծառայությունից ընդամենը 20 օր առաջ եմ վերադարձել և վերսկսել բարձրագույն բժշկական կրթությունս: 2020-ին եմ մեկնել ծառայության: Որպես նեղ մասնագիտացում, հավանաբար, կընտրեմ ինվազիվ սրտաբանությունը. հետաքրքիր է ինձ համար, քանի որ առնչվում է անմիջապես մարդկանց կյանքի հետ»,-ընդգծում է Գարիկ Ղալեչյանը:
Ապագա բժիշկը գոհունակությամբ է նշում բժշկական մայր բուհում ուսումնառության, դասախոսական կազմի և ընկերների մասին:
Առաջիկայում ցանկանում է նաև գիտական գործունեություն ծավալել, բժշկության մեջ հնարավոր նորամուծությունների հեղինակ դառնալ:
Նա խոստովանում է, որ կցանկանար մասնագիտական ներդրում ունենալ նաև հայրենի Տավուշի մարզի առողջապահական համակագի կատերալագործման հարցում:
«Նպատակներիցս մեկն է տեղում սեմինարներ, մասնագիտական քննարկումներ կազմակերպել բուժաշխատողների մասնակցությամբ, դպրոցականների հետ հանդիպումների միջոցով մեծացնել հետարքրքությունը բժշկության ոլորտի հանդեպ, որպեսզի բժշկի մասնագիտությունն ընտրողները շատ լինեն: Հնարավորության դեպքում կփորձեմ կյանքի կոչել նման նախաձեռնություններ»,-ընդգծում է ապագա բժիշկը:
44-օրյա պատերազմին իր մասնակցության մասին շատ խոսել չի սիրում: «Մատաղիսում էի, երբ սկսվեց պատերազմը: Սանհրահանգիչ էի, բուժական գործով եմ զբաղվել, վիրավորներին առաջին բուժօգնություն ցուցաբերել, հետևել տղաների առողջական վիճակի ընթացքին: Պատերազմի օրերին այնուհետև տեղափոխվել ենք Մարտունի, Թաղավարդ գյուղ»,-նշում է Գարիկ Ղալեչյանը:
Ծննդավայրի՝ սահմանամերձ Այգեձոր գյուղում գործող Առողջության կենտրոնը բազմաթիվ անգամ է վերածվել «հոսպիտալի» ՝ առաջին օգնություն ցուցաբերելով սահմանային միջադեպերի հետևանքով վիրավորված անձանց:
Տավուշցի ապագա բժիշկի խոսքով՝ այնտեղ աշխատում են գործի նվիրյալ բժիշկներ, որոնք ևս բժշկի լավ օրինակ են իր համար:
Մասնագիտական կատարելագործման ճանապարհին, ըստ նրա, առաջնորդվելու է իր կողմից որդեգրած երեք սկզբունքներով:
Կարծում է՝ ճերմակ խալաթը կրող մասնագետի համար կարևոր են աշխատասիրությունը, ամուր կամքն ու արագ կողմնորոշվելու հատկությունը: