Թբիլիսիում՝ փետրվարի 6-ին, տեղի ունեցավ NCEQE (National Center for Educational Quality Enhancement) միջազգային հավատարմագրման կառույցի հանձնաժողովի ամփոփիչ նիստը, որտեղ քննարկվեց ԵՊԲՀ «Բուժական գործ» եռալեզու (հայերեն, անգլերեն և ռուսերեն) կրթական ծրագրի՝ WFME չափանիշներին համապատասխան հավատարմագրումը։
Բժշկական համալսարանը ներկայացնում էին Գիտության գծով պրոռեկտոր, «Բուժական գործ» կրթական ծրագրի ղեկավար Կոնստանտին Ենկոյանը, Միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանը և Օտարերկրացիների ուսուցման դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Խաչատուր Մարգարյանը։
Նիստի շուրջ 40 մասնակցից 12-ը՝ հանձնաժողովի հիմնական, 17-ը՝ բժշկական կրթության գծով անդամներ էին, ինչպես նաև փորձագետներ, հրավիրյալներ։ Սկզբում փորձագետները հանդես եկան իրենց դիրքորոշումներով։ Այնուհետև կրթական ծրագրի ղեկավար Կոնստանտին Ենկոյանը ներկայացրեց բժշկական համալսարանը, ծրագիրը, դրա հիմնական բաղադրիչները, հիմնավորեց, թե ինչու է բուհը դիմել ծրագրի արմատական փոփոխության, պատասխանեց բարձրաձայնված հարցերին։
Հանդիպման ընթացքում հնչեց մոտ 13 տարբեր հարց կրթական ծրագրի մասին, տրվեցին սպառիչ պատասխաններ։ Նիստի մասնակիցները, մասնավորապես, հետաքրքրված էին, թե ինչպես է կատարվելու ինտեգրացիան, մոդուլներով կրթությունը, որքանով է Ընդհանուր բժշկության ֆակուլտետը պատրաստ դրան, ինչպես է իրականացվելու ժամանակակից կլինիկական դասավանդումը, ինչպես են ներառվելու հետազոտության հիմունքները բժշկական կրթության գործընթացում։
Հիշեցնենք, որ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը յոթ տարի ժամկետով ստացավ WFME միջազգային չափորոշիչներին համապատասխան ծրագրային հավատարմագրում, որը շնորհվեց NCEQE միջազգային հավատարմագրման կառույցի կողմից: