«Նեյրոգիտության շաբաթ 2025» միջոցառման երկրորդ օրը ոլորտի շուրջ 150 մասնագետ աշխարհի 20 երկրից այսօր բժշկական մայր բուհում շարունակեց աշխատանքը Զոֆիա Զուկովսկայի անվան տրանսլյացիոն նեյրոգիտության սիմպոզիումի շրջանակում:
Համաժողովի համանախագահող՝ ԵՊԲՀ այցելու պրոֆեսոր, «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնի խորհրդատվական խորհրդի անդամ, ZENEREI հետազոտական կենտրոնի տնօրեն, նեյրոգիտության պրոֆեսոր Ալան Կալուեֆը շեշտեց, որ Զոֆիա Զուկովսկան ճանաչված նեյրոգիտնական էր, որը զգալի ներդրում է ունեցել սթրեսի ֆիզիոլոգիայի և նեյրոպեպտիդ Y-ի (NPY) ուսումնասիրության ոլորտներում։ Սիմպոզիումը կենտրոնանում է սթրեսի նեյրոգիտության, հոգեկան խանգարումների և նեյրոպեպտիդների դերի վրա՝ հատկապես նեյրոպեպտիդ Y-ի (NPY) ազդեցության ուսումնասիրության համատեքստում:
Սաուդյան Արաբիայից, Ռուսաստանից, Չինաստանից և այլ երկրներից ժամանած գիտնականների ու հետազոտողների ներկայացումները սիմպոզիումի ընթացքում նվիրված էին ինչպես կլինիկական, այնպես էլ կենդանաբանական մոդելների վրա հիմնված ուսումնասիրություններին։
Չժեցզյան Չինական բժշկական համալսարանի Միջազգային տրանսլյացիոն նեյրոգիտության հետազոտական ինստիտուտի պրոֆեսոր և տնօրեն, նեյրոգիտնական Վլադիմիր Պարպուրան, որը ներյոգիտության ոլորտում մեծ դեր ունի մասնավորապես գլիալ բջիջների և նեյրոնների փոխազդեցության ուսումնասիրության մեջ, հատկապես՝ տրանսլյացիոն նեյրոգիտության և նեյրոկենտրոնական հիվանդությունների ուսումնասիրության համատեքստում, ներկայացրեց իր զեկույցը գլեոմաների (ուղեղի կամ ողնուղեղի ուռուցք) հետազոտությունների վերաբերյալ: Որպես Միջազգային նյարդաքիմիայի ընկերության (ISN) գանձապետ՝ նա անդրադարձավ նաև ԵՊԲՀ ներուժին՝ ընդգծելով բուհի կարողությունները տրանսլյացիոն նեյրոգիտության զարգացման գործում։
Վլադիմիր Պարպուրան կարևորեց բժշկական համալսարանի դերակատարությունը՝ սկսած միջազգային ճանաչում ունեցող մասնագիտացված դպրոցների կազմակերպումից մինչև հայ երիտասարդ գիտնականների ներգրավվածությունը գլոբալ գիտական ցանցերում։ Այս քայլը ոչ միայն բարձրացնում է ԵՊԲՀ-ի տեսանելիությունը միջազգային գիտական դաշտում, այլև ստեղծում է նոր հնարավորություններ հետազոտողների և ուսանողների համար՝ համագործակցության, վերապատրաստման և համատեղ նախագծերի իրականացման բնագավառներում։
«Նյութափոխանակային էներգիայի աղբյուրների ազդեցությունն առողջ և քաղցկեղային աստրոցիտների վրա» զեկույցը ներկայացրեց Միջազգային թարգմանական նյարդագիտության հետազոտական ինստիտուտի, Չժեցզյան չինական բժշկության համալսարանի պրոֆեսոր Վեդրանա Մոնտանան: Վերջինիս աշխատանքները կարևոր ներդրում են նեյրոգիտության ոլորտում՝ բացահայտելով էներգետիկ սուբստրատների դերն առողջ և քաղցկեղային աստրոցիտների գործունեության մեջ։
Սաուդյան Արաբիայի King Fahad Medical City (KFMC) առողջապահական կենտրոնի Մագնիտոէնցեֆալոգրաֆիայի (MEG) լաբորատորիայի ղեկավար Վահե Պողոսյանը ներկայացավ «Դեպրեսիայի ժամանակ զգացմունքային վերամշակման նեյրոնային համապատասխանությունները մինչև և ստանդարտ դեղաբուժական բուժումից հետո՝ MEG հետազոտություն» զեկույցով: Նյարդաբանական ու հոգեբանական հետազոտության նպատակն էր պարզել՝ ինչպես է մարդու ուղեղը վերամշակում էմոցիոնալ (զգացմունքային) տեղեկատվությունը դեպրեսիայի պայմաններում, ինչպես նաև՝ ինչպես են այդ գործընթացները փոխվում բուժման արդյունքում։
Ինչպես նշեց ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը, տրանսլյացիոն նեյրոգիտությունը, նեյրոգիտության ոլորտի այն ճյուղն է, որն ուղղված է գիտական հիմնարար հետազոտությունների արդյունքները տեղափոխելուն դեպի բժշկական և կլինիկական կիրառություն։ «Լաբորատոր հետազոտություններից (մոլեկուլային, բջջային, կենդանային մոդելներ) դեպի գործնական բուժում, դեղամիջոցներ և ախտորոշման մեթոդներ մարդկային հիվանդությունների համար»,- ասաց նա՝ հավելելով, որ տրանսլյացիոն գիտություն նշանակում է՝ տեղափոխում հիմնարար գիտությունից դեպի կիրառելի արդյունքներ։
Այս տարի «Նեյրոգիտության շաբաթ 2025»-ին ակտիվ ներգրավվածություն ունեն արտասահմանցի և տեղացի կամավորները: «Դա կարևոր նշանակություն ունի և նրանց հետագա գործունեության ընթացքում մեծ ազդեցություն կունենա՝ փորձառության և որպես կամավոր՝ անձի ձևավորման տեսանկյունից»,- շեշտեց Կոնստանտին Ենկոյանը: «Նեյրոգիտության շաբաթ 2025»-ի երկրորդ օրն առանձնացավ տրանսլյացիոն նեյրոգիտության ոլորտում նորարությունների և ձեռքբերումների ներկայացմամբ:
Միջոցառման երկրորդ մասն առանձնահատուկ էր հայ և արտասահմանցի երիտասարդ գիտնականների պաստառային զեկույցների ներկայացմամբ: Այս ձևաչափով աշխատանքների ներկայացումը հետազոտողներին հնարավորություն է տալիս անմիջականորեն շփվել մասնակիցների հետ, պատասխանել նրանց հարցերին:
Արդեն ավանդույթ դարձած միջոցառումն աշխատանքները կշարունակի մինչև մայիսի 19-ը: Շաբաթվա շրջանակում անցկացվում է ցուցահանդես՝ Art in Neuroscience, որտեղ ուսանողները կներկայացնեն իրենց ստեղծագործությունները՝ ուղեղի և նեյրոգիտության վերաբերյալ։