Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 4-րդ և 5-րդ կուրսի ուսանողներն ուսանողական գիտաժողովի շրջանակում ներկայացրեցին «Ջրծաղիկ. համաճարակաբանությունը և կանխարգելման հիմնական մոտեցումները» և «Վիրուսային հեպատիտներ B-ի և C-ի վերաբերյալ իրազեկվածությունը կոսմետոլոգիական սրահների աշխատակիցների շրջանում» թեմաներով հետազոտությունները, որոնց հիմնական նպատակն էր բարձրացնել հասարակության իրազեկվածությունը:
«Հերացի» վերլուծական կենտրոնի ղեկավար, Համաճարակաբանության ամբիոնի վարիչ Մերի Տեր-Ստեփանյանը կարևորեց ուսանողների նախաձեռնությունը՝ շեշտելով ընտրված թեմաների արդիականությունը: «Ջրծաղիկի պատվաստանյութը նոր է ներդրվել իմունիզացիայի ազգային ծրագիր։ Հարցման միջոցով ուսանողները փորձել են հասկանալ հասարակության վերաբերմունքը նոր ներդրված պատվաստանյութի վերաբերյալ»,- ասաց նա:
«Ջրծաղիկ. համաճարակաբանությունը և կանխարգելման հիմնական մոտեցումները» թեմայով զեկուցը ներկայացրեցին 4-րդ կուրսի ուսանողներ Մանե Պետրոսյանը, Անահիտ Ղազանչյանը և Մարինա Սարդարյանը:
Ինչպես նշեց Մանե Պետրոսյանը, ջրծաղիկը վարակիչ վիրուսային հիվանդություն է, որն առաջանում է Varicella-Zoster վիրուսով: Խիստ վարակիչ է, կարող է տարածվել երեք եղանակներից մեկով՝ օդակաթիլային ճանապարհով/հազ, փռշտոց, ֆիզիկական շփման միջոցով պատռված բշտիկների հետ, բշտիկների վիրուսային մասնիկների օդ ցողվելով: Հիվանդը վարակիչ է սկսած ինկուբացիոն շրջանի վերջին 2 օրվանից, մինչև վերջին ցանային էլեմենտի ի հայտ գալու 5-րդ օրը:
Խոսելով պատվաստանյութի ստեղծման մասին՝ Մարինա Սարդարյանը հավելեց, որ ջրծաղիկի առաջին պատվաստանյութը մշակվել է ճապոնացի գիտնականների կողմից 1974 թվականին: Պատվաստանյութը ստացվել է կենդանի, թուլացված վիրուսով: Այն մշակվել է ջրծաղիկով հիվանդ երեխայի՝ Օկա ազգանունով տղայի վիրուսային շտամից։
Վերջին 15 տարվա ընթացքում Հայաստանում ջրծաղիկի վարակվածության տարեկան միջին ցուցանիշը կազմել է 15 հազար։ Հիվանդության բռնկում նկատվել է 2011 թվականին: Այս վիճակագրությունը հաշվի առնելով և հետևելով տարբեր երկրների դրական փորձին՝ Հայաստանը որոշեց պատվաստումային օրացույցում ներառել ջրծաղիկի դեմ պատվաստանյութը։ Մասնագետներն ասում են՝ այս կերպ ևս մեկ վարակիչ հիվանդություն ավելի կառավարելի կդառնա։
ՀՎԿԱԿ-ի տվյալներով՝ 2025թ հունվարին արձանագրվել է 2106 դեպք, 2024թ. հունվարին՝ 1778 դեպք:
Հանրապետության ամբողջ տարածքում պատվաստվել է շուրջ 1000 երեխա:
2025 թվականի հունվարի 31-ից Հայաստանի բոլոր պոլիկլինիկաներում մեկնարկել է ջրծաղիկի դեմ պատվաստման գործընթացը։ Այն կառավարության համապատասխան որոշմամբ կիրականացվի երեք փուլով։ Առաջին փուլում կպատվաստվեն 2023 թվականի նոյեմբերի մեկից հետո ծնված և 1 տարին լրացած երեխաները։ Նրանք 2026 թվականին կստանան 2-րդ դեղաչափը։ 2027 թվականին պատվաստանյութը հասանելի կլինի նաև 4-6 տարեկան երեխաների, նաև զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց համար։
Մեր երկրում ներդված պատվասման մասին տեղյակ է հարցվածների 72 տոկոսը:
Անահիտ Ղազանչյանը ամփոփելով կատարած աշխատանքի արդյունքները՝ շեշտեց, որ հետազոտությունը թույլ է տալիս եզրակացնել՝ հարցվածների համար կապ չունի պատվաստանյութի տեսակը՝ մասնավորապես ջրծաղիկը, նրանք ովքեր կողմ են պատվաստումներին, ապա կողմ են նաև ջրծաղիկի պատվաստանյութին, իսկ ովքեր կողմ չեն, նաև դեմ են այս տեսակին:
Հարցմանը մասնակցած անձանց 32%-ը (49) ասել է, որ կմտածի պատվաստման մասին ներդրումից հետո, սա նշանակում է, որ քաղաքացիները լավ իրազեկված չեն և այս նորությունը հավատ չի ներշնչում, սակայն նրանք դեմ չեն պատվաստումներին: Այս հարցը պետք բարձրացնել լիազոր մարմինների համար, որպեսզի ավելի լավ, բաց և թափանցիկ իրազեկում իրականացնեն, որից հետո պատվաստմանը կողմ լինելու փաստին ավելի մեծ ընդգրկում կարող են ապահովել:
Հարցվածների 30%-ը (46) ունի երեխա, սակայն նրանցից միայն 61%-ն է տեղեկացված ջրծաղիկի պատվաստման տարիքային խմբերի մասին, իսկ երեխա չունեցողների՝ 58%-ը: Հարցվածների 59%-ը (91) տեղեկացված չէ ջրծաղիկի պատվաստման տարիքային խմբերի մասին, ինչը նշանակում է, որ կա իրազեկման բաց:
«Վիրուսային հեպատիտներ B-ի և C-ի վերաբերյալ իրազեկվածությունը կոսմետոլոգիական սրահների աշխատակիցների շրջանում» թեմայով հետազոտությունն իրականացրել էին ուսանողներ Նարեկ Պետրոսյանը և Մհեր Կուրղինյանը:
Հեպատիտ B-ի և C-ի ռիսկի խմբերն են՝ արյան դոնորները և ռեցիպիենտները, բուժաշխատողները, գեղեցկության սրահներից օգտվողները:
Մհեր Կուրղինյանի խոսքով՝ իրենց նպատակն էր պարզել, թե գեղեցկության սրահներից օգտվողները տեղեկացված են առկա ռիսկերի վերաբերյալ՝ սկսած գործիքների պատշաճ ստերիլիզացիայից մինչև հեպատիտների մասին տարածված միֆեր: «Հետաքրքիր էր պարզել գործոնները, որոնք ազդեցություն ունեն տեղեկացվածության վերաբերյալ՝ կրթության մակարդակը, մասնագիտությունը»,- ասաց նա:
Հարցման թիրախում էին նաև գեղեցկության սրահների աշխատակիցները: «Գործիքները վարակի պոտենցիալ փոխանցող կարող են լինել, և ի՞նչ գործողություններ են ձեռնարկում նրանք վարակը կանխարգելելու համար»,- հավելեց Մհեր Կուրղինյան՝ ընդգծելով, որ պարզել են՝ բնակչությունը բավականին իրազեկված է ռիսկերի վերաբերյալ, հատկապես, բարձրագույն կրթություն ունեցող և բժշկության ոլորտում աշխատող մարդկանց մոտ իրազեկվածության մակարդակն ավելի բարձր է:
Նարեկ Պետրոսյանը կարևորեց, որ հարցվողների մեծ մասը տեղեկացված են Հեպատիտ B-ի և C-ի ռիսկերի՝ դրանց փոխանցման ուղիների և կանխարգելման ձևերի վերաբերյալ: «Հեպատիտ B-ի վիրուսը Հայաստանում ունի պատվաստանյութի մեծ ծածկույթ, որը նպաստում է վարակի կանխարգելմանը»,- ասաց նա՝ ամփոփելով, որ այս ուղղությամբ աշխատանքները պետք լինեն շարունակական:
Մերի Տեր-Ստեփանյանը բարձր գնահատելով ուսանողների աշխատանքը՝ ընդգծեց, որ ուսանողների կողմից կատարած հետազոտությունները դառնում են հանրային քննարկման առարկա, ինչը կարելի է գնահատել, որպես կայացած աշխատանք: