Յոթերորդ սերունդը 2023-2024 ուսումնական տարում կրթություն կստանա ԵՊԲՀ հանրային առողջության ֆակուլտետի «Բուժհաստատությունների կառավարում» (MBA in Healthcare Management) մագիստրոսական կրթական ծրագրի շրջանակում:
Չորս տասնյակից ավելի դիմորդներից հարցազրույցով ընտրվեցին 35-ը:
Հանրային առողջության ֆակուլտետի դեկան Մարինե Հովհաննիսյանը և «Մենեջմենթ Միքս» ընկերության հիմնադիր-տնօրեն Րաֆֆի Սեմերջյանը ողջունեցին ծրագրի մասնակիցներին:
Դեկանը փաստեց, որ այս ծրագիրը ֆակուլտետի ամենահաջողված նախաձեռնություններից է, որը շարունակաբար կատարելագործվում է, ընդլայնվում:
Հանդիպմանն իր զեկույցը Րաֆֆի Սեմերջյանը սկսեց 2017 թվականին` ծրագրի մեկնարկային տարում արված լուսանկարով:
Պատմեց ծրագրի իր մասնակցությամբ իրականացման ընթացքը, որի պատմությունը սկսում է 24 տարի առաջ Փարիզի համալսարաններում:
Ծրագրի մասնակիցներին ողջունեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:
«Երկար տարիներ հետո ևս մեկ անգամ վերապրում եք ուսանող լինելը: Յոթերրորդ սերունդն եք այն ծրագրի, որը հիմնադրել ենք պարոն Սեմերջյանի հետ: Ինձ շատ հաճելի է, որ մեր բոլոր շրջանավարտներն իրենց նպաստն են բերում մեր ժողովրդին և ցանկանում եմ, որ ամբողջական բավարարվածության հասնեք համալսարանից ձեր սպասումներում»,- ասաց նա` ավելացնելով, որ բուհը կիրականացնի իր առջև դրված պարտավորությունները` նույնը ակնկալելով նաև մասնակիցներից, որի շարքում նա տեսնում է իր կոլեգաներին, ընկերներին:
Անգել Խաչատրյանը, Քնարիկ Առաքելյանը և Գուրգեն Գրիգորյանը Ուռուցքաբանության ազգային կենտրոնից են, մեծ ոգևորությամբ են մասնակցում ծրագրին` հույս հայտնելով, որ ձեռք բերված փորձառությունն ու գիտելիքը կներդնեն ամենօրյա աշխատանքում:
Տարբեր մասնագիտություններ ու զբաղվածություն ունեցող սովորողներին ներկայացվեցին Բուժհաստատությունների կառավարում» (MBA in Healthcare Management) մագիստրոսական կրթական ծրագրի կազմակերպչական, ուսումնական մանրամասները:
Ձևաչափով և մեթոդաբանությամբ կրթական համակարգում այն նոր խոսք է, որը տարբերվում է դասական դասախոսություններից, քանի որ խմբային, հետազոտական աշխատանքի կարևոր բաղկացուցիչ ունի, ինչպես նաև ինտերակտիվ հաղորդակցություն է պարտադրում:
Ծրագրի հիմնական նպատակը` մեր երկրի առողջապահական համակարգի համար բուժհաստատությունների որակյալ կառավարիչներ պատրաստելն է:
Կդասավանդեն Հայաստանի և արտերկրից հրավիրված լավագույն մասնագետները:
Ավարտին շնորհվում է բիզնես վարչարարության մագիտրոսի որակավորում բուժհաստատություների կառավարման բնագավառում (MBA in Healthcare Management):