Մեծերին, ավագներին հիշելու ավանդույթը շարունակելով` «Բժշկի ուղին» ակնարկաշարի հերթական մասը նվիրված է դոցենտ, Բժշկական ֆիզիկայի ամբիոնի նախկին վարիչ Վարդգես Հարությունի Վարդանյանի հիշատակին:
Այս տարի լրանում է նրա հարյուրամյա հոբելյանը: Ծնվել է 1925 թվականի հունվարի 15-ին` Արթիկի շրջանի Գեղանիստ գյուղում։ 1933 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Լենինական, որտեղ անցկացրել է մանկությունն ու պատանեկությունը։
1945-1947 թվականներին աշխատել է որպես փոստի առաքիչ: Դեռևս այդ ժամանակ ցուցաբերած քրտնաջան աշխատանքն ու պատասխանատությունն ուղեկցել են նրան ամբողջ կյանքի ընթացքում: 1952 թվականին գերազանցությամբ ավարտել է Լենինականի մանկավարժական ինստիտուտը, ապա 1952 – 1959 թվականներին աշխատել այս ուսումնական հաստատությունում՝ որպես ուսուցիչ։ Նրա կինը նույնպես ֆիզիկոս էր և երկար տարիներ դասավանդել է բժշկական կրթական հաստատությունում:
Վարդգես Վարդանյանը 1959 թվականին տեղափոխվել է Երևան և մինչև 1967 թվականը աշխատել Երևանի պետական համալսարանի ընդհանուր ֆիզիկայի ամբիոնում: Վարդգես Վարդանյանը 1965 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզը Մոսկվայի պետական համալսարանում։ Քվանտային ֆիզիկայի բնագավառում նրա գիտական հայտնագործությունները ժամանակից մի քանի քայլ առաջ էին․ դրանք նշանակալի ներդրում դարձան գիտության զարգացման գործում։
1967 թվականին սկսվեց նրա կյանքի կարևոր փուլերից հաջորդը՝ աշխատանքը Երևանի պետական բժշկական համալսարանում՝ համալսարանի ղեկավարության հրավերով։ Դժվար է գերագնահատել նրա ներդրումը բժշկական համալսարանի Ֆիզիկայի ամբիոնի ստեղծման և զարգացման գործում։ Ավելի քան 20 տարի եղել է դրա ղեկավարը՝ ոգեշնչելով ուսանողներին իր ինտելեկտով, գիտելիքով և կեցվածքով։
Վ.Հ. Վարդանյանի (1967-1981թթ.) նախաձեռնությամբ ԽՍՀՄ բարձրագույն կրթության նախարարության մեթոդական հանձնաժողովում ստեղծվել են բժշկական բուհերի ֆիզիկայի դասավանդման նոր ուսումնական ծրագրեր: 1971-ին ամբիոնին կից բացվել է արդի փորձարարական մեթոդներով գիտահետազոտական լաբորատորիա:
Հետագայում այստեղ ստացված գիտական արդյունքները հաշվի առնելով` ԽՍՀՄ առողջապահության նախարարությունն ամբիոնի բազայի վրա կազմակերպել է միջազգային սիմպոզիում` «Բժշկական մագնիսակենսաբանության և մագնիսաբուժման հրատապ խնդիրները» թեմայով:
Վարդգես Վարդանյանը երկար տարիներ ղեկավարել է ֆիզիկայի ընդունելության առարկայական հանձնաժողովը՝ գործընկերների բնորոշմամբ՝ դրսևորելով սկզբունքայնություն, օբյեկտիվություն, բարեսիրտ և ազնիվ վերաբերմունք դիմորդների գնահատման հարցում:
Գործընկերները հիշում են նրա կազմակերպչական և մանկավարժական ձիրքը, նրբանկատ վարքագիծը: Նրա վաստակը մեծ է նաև ամբիոնում գիտական գործունեության, կադրերի պատրաստման գործում:
2000 թվականին երկարամյա անբասիր գիտամանկավարժական և վարչական աշխատանքի համար Վարդգես Հարությունյանին համալսարանի հիմնադրման 70-ամյակի առիթով շնորհվել է ԵՊԲՀ «Ոսկե մեդալ»:
Դասախոս-գիտնականն ուներ վերլուծական միտք, հումոր, երաժշտական նուրբ ճաշակ, վայելում էր թե՛ գործընկերների, թե՛ ուսանողների մեծ հարգանքը:
Ընտանիքը խնամքով պահպանում է տան ավագի լուսանկարները, փաստաթղթերը։ Արխիվային նյութերի շարքում արժանի տեղ ունի բուհի «Ապագա բժիշկ» պաշտոնաթերթի 1972 թվականի համարը` դոցենտ Վարդանյանի մասնակցությամբ առաջին կուրսեցիների քննություն հանձնելու մասին դրվագը ներկայացնելիս:
Լուսանկարները` Վարդանյանների անձնական արխիվից