Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Վարդուհի Գաբրիելյան՝ բժշկագիտության կայացման ակունքներում կանգնած բժիշկ-գիտնական

Վարդուհի Գաբրիելյան՝ բժշկագիտության կայացման ակունքներում կանգնած բժիշկ-գիտնական

«Բժշկի ուղին» շարքի շրջանակում շարունակում ենք ներկայացնել բժշկության մեջ ավանդ ունեցող, բժիշկ-գիտնականներին:

Հայկական բժշկագիտության ակունքներում է Վարդուհի (Վարվառա) Թումանի Գաբրիելյանը՝ ականավոր բժիշկ-գիտնական, վաստակավոր մասնագետ: Նա ախտաբանական անատոմիայի ոչ միայն հայկական, այլև խորհրդային գիտական դպրոցի հիմնադիրներից մեկն է:

Նրա թոռը՝ բանասիրական գիտությունների թեկնածու ԵՊՀ անգլիական բանասիրության ամբիոնի դոցենտ Մարիկա Տոնյանը ներկայացնում է տատի անցած մասնագիտական ուղին:
«Այսօր մենք ականատես ենք տեխնոլոգիահեն բժշկության նվաճումներին, սակայն չմոռանանք, որ Հայաստանում ընդամենը 100 տարի առաջ է դրվել առողջապահական համակարգի սկիզբը, երբ ամենամեծ արժեքը բժիշկների գիտելիքներն էին, անձնական նվիրումը մարդկանց բուժման գործին:
Վարդուհի Գաբրիելյանի անգնահատելի ջանքերը մեծ դեր են ունեցել և՛ համակարգի, և՛ Հայաստանի բժշկական բուհի զարգացման հարցում:
Վարվառա Թումանովնան, ինչպես ընդունված էր նրան դիմել, Հայաստանի վաստակավոր բժիշկ էր, երկար տարիներ բժշկական ինստիտուտի պաթանատոմիայի ամբիոնի վարիչը, գիտական ընկերության հիմնադիր անդամը և նախագահը, հանրապետության գլխավոր անատոմ-մորֆոլոգը»,- նշում է Մարիկա Տոնյանը` հավելելով, որ Վարվառա Գաբրիելյանը յուրահատուկ, ազնվական գեղեցկությամբ էր աչքի ընկնում:

Բժշկական համալսարանում Գաբրիելյանի հարյուրամյակին նվիրված հուշ-երեկոյի ընթացքում նախկին ուսանողներն ու գործընկերները հիացմունքով էին խոսում նրա ինտելեկտի, բժշկական բազմափորձության, աննկուն կամքի, բացառիկ սկզբունքայնության մասին: Հիշում էին, որ լինելով խստապահանջ իր և աշխատակիցների հանդեպ, նա նաև անչափ հոգատար էր և ուշադիր ուրիշների նկատմամբ: Պատմում էին, թե քանի երիտասարդ ընտանիքի է օգնել ոտքի կանգնել, շրջաններից եկածներին աջակցել ուսման և կացության հարցերում: Երբ քաղաքային խորհրդի պատգամավոր էր, շատ շատերին օգնել է բնակարան ստանալու, կենցաղային պայմանները բարելավելու հարցերում:

Վարվառա Գաբրիելյանն իր շուրջը ստեղծում էր այնպիսի միջավայր, որտեղ մարդկային հարաբերություններում գերիշխում էր ազնվության, անաչառության, արժանապատության ամենաբարձր նշաձողը: Հիշողություններում կրկնվում էր «վեհանձն» որակումը, մի բնորոշում, որը նրան ուղեկցել է ողջ կյանքի ընթացքում:

Ծնվել է 1901 թ. հունվարի 10-ին Նախիջևանի Ցղնա գյուղում: Հետո ընտանիքը տեղափոխվել է Բաքու, որտեղ Վարվառան ավարտել է օրիորդաց չորրորդ գիմնազիան: 1918 թ. Բաքվի հայկական ջարդերի ժամանակ նրա ընտանիքը պատսպարվում է Մովսեսյանների տանը: Երիտասարդ Ավետ Մովսեսյանը սիրահարվում է գեղեցկուհի Վարյային, և երբ 1920 թ. երկու ընտանիքները տեղափոխվում են Երևան, Ավետն ու Վարյան ամուսնանում են: 1922 թ. ծնվում է նրանց դուստրը` Իդան ( բժշկական բուհի նախկին երկարամյա դասախոս, Նորմալ ֆիզիոլոգիայի ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու Իդա Մովսեսյան):

Հայաստանի բժշկական բարձրագույն ուսումնական հաստատության առաջին շրջանավարտներից էր: Բժշկագիտական միջավայրը ձևավորում էին մի կողմից բազմավաստակ բժիշկները, որոնցից շատերը Եվրոպայում և Ռուսաստանում ուսում ստանալուց հետո նախընտրել էին վերադառնալ և ծառայել հայրենիքին, մյուս կողմից` նրանց ուսանողները, որոնցից ոմանք արդեն ուսման տարիներին աշխատում էին ավագ ընկերների հետ կողք կողքի: Նրանցից էր նաև Վարվառա Գաբրիելյանը:

Ոսանողական տարիներին նա աշխատում էր Իջևանի մարզի Սև Քար գյուղում, հաճախ ձիով գնում մոտակա գյուղեր, որտեղ բժշկի կարիք էր զգացվում, երբեմն օգնության հասնում որպես մանկաբարձ: Այնուհետև, քանի որ երկրում դեռ կային ինֆեկցիոն հիվանդությունների համաճարակներ, նա որպես բուժքույր զբաղվում էր հակածաղիկային և հակաքութեշային պատվաստումներով` մանկապարտեզներում, դպրոցներում և գործարաններում:
Որպես նեղ մասնագիտություն՝ երիտասարդ Վարվառան ընտրեց մի բարդ ոլորտ` ախտաբանական անատոմիան, որն այն ժամանակ մեծապես տղամարդկանց մասնագիտություն էր: 1930 թ. Հայաստանի առողջապահության ժողովրդական կոմիսարիատի կողմից նա նշանակվեց Երևանի բժշկական ինստիտուտի ախտաբանական անատոմիայի ասիստենտ: Անհնար է չնկատել, թե ինչպիսի լրջությամբ էին այդ ժամանակ ընտրվում կադրերը` ասիստենտի նշանակումով զբաղվել է առողջապահության կոմիսարիատը: 1939 թ. Վարվառա Թումանովնան ախտաբանական անատոմիայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար էր, իսկ 1944թ. դարձավ ամբիոնի վարիչ: Նա ղեկավարեց ամբիոնը մինչև 1964թ., նույն ժամանակահատվածում ՀԽՍՀ առողջապահության նախարարության գլխավոր ախտաբան-անատոմն էր, պաթանատոմների գիտական ընկերության ստեղծողներից մեկը և նախագահը, ԽՍՀՄ ախտաբան-անատոմների ընկերության վարչության անդամը: Համարյա մինչև կյանքի վերջ նա մնաց նաև հանրապետության առաջատար ախտաբան-մորֆոլոգը: 1940թ. Վարվառա Գաբրիելյանը պաշտպանեց թեկնածուական ատենախոսություն՝ «Արգանդի քաղցկեղ» թեմայով:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Վարվառա Գաբրիելյանը հսկայական օգնություն է ցուցաբերել հոսպիտալներին, մասնավորապես էվակոհոսպիտալներին:
1964թ.-ից հետո նա աշխատել է որպես հիգիենայի ինստիտուտի ախտաբանական մորֆոլոգիայի լաբորատորիայի վարիչ: Համատեղությամբ աշխատելով նաև մանկաբարձության և գինեկոլոգիայի («Մարգարյան») ինստիտուտում՝ նա նախաձեռնեց ախտաբանական մորֆոլոգիայի լաբորատորիայի ստեղծումը: Հետո նրա նախաձեռնությամբ և ջանքերով այնտեղ ստեղծվեց նաև ուռուցքների վաղ ախտորոշման լաբորատորիան: Որպես լաբարատորիաների վարիչ՝ նա աշխատեց մինչև 1970 թ.:

Վարվառա Գաբրիելյանի գործունեության էական մասն էր կազմում պրոզեկտորական աշխատանքը: Պետք է հիշել, որ 30-40-ականներին դիահերձման հանդեպ մարդկանց վերաբերմունքը խիստ բացասական էր: Հանգուցյալի «քունը» խախտելը մեղք էր համարվում շատերի կողմից, այդ պատճառով հերձման ծամանակ դիահերձարանի («անատոմիկումի») մոտ երբեմն ոստիկաններ էին կանգնած ` բժիշկներին պաշտպանելու համար: Բացակայում էին որոշ անհրաժեշտ սարքավորումներ և նյութեր: Սակայն Վարվառա Գաբրիելյանը, իր ուժեղ և հետևողական բնավորության շնորհիվ, հաղթահարում էր բոլոր դժվարությունները: Նա պարտադիր դարձրեց կլինիկա-անատոմիական կոնֆերանսները, որտեղ քննարկվում էին դիահերձման արդյունքները, ըստ որում՝ այդ կոնֆերանսներին պետք է մասնակցեին ոչ միայն մահացած հիվանդին բուժած կլինիցիստները, այլ նաև այլ բժիշկներ: Առավել ընդգրկուն դարձնելով նման քննարկումները՝ նա աշխատում էր կլինիկական մտածողություն զարգացնելու ուղղությամբ: Դիահերձումը նա անվանում էր «ուսումնառություն», որի ընթացքում «հանգուցյալները ապրողներին են սովորեցնում»: Վարվառա Գաբրիելյանը հայտնի էր իր անկոտրում կամքով և սկզբունքայնությամբ: Երբ հերձման արդյունքում հայտնաբերվում էր բժշկական սխալ, նա բացառում էր այդ սխալը թաքցնելու կամ մեղմելու որևէ հնարավորություն:
Ասում էր. «Մահացածը չի կարող ինքն իրեն պաշտպանել, դիակի վրայով ձեռք մի՛ք մեկնի այն կլինիցիստին, որը սխալ է թույլ տվել»:

Իր աշխատանքի զգալի մասը Գաբրիելյանն անցկացնում էր մանրադիտակի առջև: Նա փայլուն բիոպսիստ էր, ինչպես նրան գործընկերներն էին անվանում՝ «կանխատեսող պաթանատոմ»:

Վարվառա Գաբրիելյանը եղել է նաև սիրված դասախոս, պատրաստել է մասնագետների բազմաթիվ սերունդներ: Անհնար է թվարկել նրա բոլոր այն ուսանողներին, որոնք դարձան առաջատար մասնագետներ իրենց ոլորտներում:
Նրա հարյուրամյակին նվիրված երեկոյի ժամանակ արդեն պատկառելի տարիքի պրոֆեսորները հիշում էին, թե ինչպես են Վարվառա Թումանովնայի մոտ քննություն հանձնել, մինչև անգամ հիշում էին այն հիստոլոգիական պրեպարատները, որ պետք է դիտարկեին քննության ժամանակ:

Նրա սաներից են եղել Ու.Ղ.Պողոսյանը, Ա.Վ.Ազնաուրյանը, Ն.Դ.Վարդազարյանը, Դ.Կ.Գևորգյանը, Է.Ի.Գասպարյանը, Ա.Գ.Բեգլարյանը, Ա.Գ.Ալավերդյանը, Լ.Ն.Մկրտչյանը, Տ.Ա.Ասմանգուլյանը, և շատ ու շատ այլ կայացած բժիշկներ: Ու. Պողոսյանը պատմում էր. «Մինչ օրս Վարվառա Թումանովնայի առաջին դասախոսությունը աչքիս առաջ է: Թեման էր՝ «Մահը»: Նա ասում էր, որ մարդ պետք է մյուս աշխարհ գնա երկար, լիարժեք կյանք ապրելուց հետո, այլ ոչ թե հիվանդությունից հյուծված: Ես հիշում եմ այդ գեղեցիկ, վեհանձն կնոջ անկրկնելի ձայնը: Դասախոսությունները, որոնք համարյա միշտ նվիրված էին տխուր թեմային՝ մահվան, խորն էին, բովանդակալից: Դրանք լսողի մոտ առաջացնում էին սեր դեպի մարդը, կարեկցանք` նրա տառապանքների նկատմամբ, ցավը վերացնելու ձգտում»: Հոգ էր տանում իր սաների ապագայի մասին: Օգտագործելով իր մասնագիտական կապերը՝ շատերին գործուղում ասպիրանտուրա Մոսկվայի, Լենինգրադի լավագույն կլինիկաներ, հետևում, որ Հայաստան վերադառնալուց հետո նրանք առավելագույնս օգտագործեն իրենց գիտելիքները:
Վարվառա Թումանովնային ուսանողները ոչ միայն սիրում էին, այլև փորձում էին ընդօրինակել: Շատերը որպես մասնագիտացում ընտրում էին պաթանատոմիան, որի կարևորությունը նա ներկայացնում էր այնպիսի ոգևորությամբ, որ նրա մասնագիտական սերը «վարակում» էր երիտասարդներին:

Վարվառա Թումանի Գաբրիելյանը Հայաստանի բժշկագիտության և առողջապահական համակարգի ռահվիրաններից էր:
Նա հսկայական դեր ունի ախտաբանական անատոմիայի զարգացման գործում` որպես գիտնական, բժիշկ, մանկավարժ, կազմակերպիչ: Նրա ստեղծած լաբորատորիաները, գիտական ընկերությունները, Երևանի բժշկական ինստիտուտի պաթանատոմիայի ամբիոնի կայացումն ու զարգացումը լրջագույն ներդրում են եղել առողջապահական համակարգի կայացման համար: Իսկ նրա դաստիարակած բժիշկների և գիտնականների բազում սերունդներ շարունակում են մնալ այդ մասնագիտական և բարոյական արժեքների կրողները:
Հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչող մարդկանց սրտերում:

Լուսանկարները` ընտանեկան արխիվից