Բնակչության ծերացումը ժամանակակից աշխարի բազմաթիվ երկրներին, այդ թվում Հայաստանին բնորոշ երևույթ է, որը կարող է էական ժողովրդագրական, սոցիալ-տնտեսական և անվտանգային նշանակություն ունենալ երկրների համար:
Բնակչության ծերացումն ուղեկցվում է հիմնական տարիքային խմբերի՝ երեխաների, աշխատունակ տարիքի մարդկանց և տարեցների փոխհարաբերության փոփոխությամբ, որի արդյունքում նվազում է աշխատունակ տարիքի մարդկանց թիվը:
Համաշխարհային բանկի տվյալներով՝ 2010 թվականից ի վեր աշխարհի բնակչության ծերացման գործընթացը կտրուկ արագացել է և արդեն 2021թ. 65 տարեկանից բարձր բնակչության համամասնությունը եղել է ռեկորդային՝ 9.6%։
Միավորված ազգերի կազմակերպության կանխատեսումների համաձայն՝ մինչև 2050թ. երկրագնդի բնակչության 22%-ը կլինի թոշակառու և յուրաքանչյուր աշխատող քաղաքացուն բաժին կհասնի մեկ թոշակառու:
«Հերացի» վերլուծականի տրամադրված տվյալները վկայակոչելով` բնակչության ծերացման և աշխատունակ տարիքի մարդկանց թվի կրճատման հիմնախնդիրը արդիական է նաև մեր երկրում:
Անցած 20 տարվա ընթացքում 21.9%-ով ավելացել է աշխատանքային տարիքից բարձր բնակչության տեսակարար կշիռը, իսկ աշխատունակ տարիքի բնակչությանը՝ նվազել 16.9%-ով:
Աշխատող և մեծահասակ տարիքի բնակչության հարաբերակցությունը բնութագրելու համար հաճախ օգտագործվում է տարեցների խնամառության գործակիցը՝ 63 ու բարձր տարիքի բնակչության հարաբերակցությունը 16-62 տարեկան 100 բնակչի հաշվով:
Հայաստանում այդ գործակցի արժեքը 16.8%-ից 2000թ. հասել է 24.5%-ի 2021թ.-ին, ինչը վկայում է աշխատունակ տարիքի քաղաքացիների տեսակարար կշռի զգալի նվազման մասին:
Գործակցի փոփոխությունը հիմնականում պայմանավորված է մահացության և ծնելիության գործոններով և որոշ չափով միգրացիոն գործընթացներով:
Ոչ աշխատունակ տարիքի բնակչության տեսակարար կշռի աճը հանգեցնում է երկրի առողջապահական և սոցիալական ապահովության համակարգերի համար հսկայական ֆինանսական և կազմակերպչական հետևանքների, քանզի երկարատև կյանքի ոչ բոլոր տարիներն են բնութագրվում բավարար առողջությամբ: Առողջ կյանքի տևողությունը չի աճում նույն տեմպերով, ինչ սպասվող կյանքի տևողությունը, և վատթարագույն առողջություն ունեցող մեծահասակների բժշկական և սոցիալական խնամքի ծախսերը կազմում են առողջապահական և սոցիալական ապահովության ծախսերի հիմնական մասը:
Մասնավորապես, եթե աշխարհում կյանքի միջին տևողությունը 20 տարում ավելացել է ավելի քան 6 տարով հասնելով 73.4-ի 2019թ.-ին, ապա առողջ կյանքի միջին տևողությունը ավելացել է 5.4 տարով և կազմում է 63.7:
Հետևաբար, ստեղծված իրավիճակում առողջապահական ծրագրեր մշակելիս պետք է ներդնել այնպիսի մոտեցումներ, որոնք կբացառեն խտրականությունը, կնպաստեն մեծահասակների առողջության ամրապնդմանը, նրանց ակտիվ երկարակեցությանը և առողջ կյանքի տևողության երկարացմանը: