Ծնելիության վրա ազդող առողջապահական գործոններում առաջնային տեղ է զբաղեցնում անպտղությունը, որի հաղթահարմանն ուղղված արդյունավետ միջոցառումների մշակումը և իրականացումը կարող է ներդրում ունենալ ժողովրդագրական իրավիճակի բարելավման գործում:
«Հերացի» վերլուծականը շարունակում է ժողովրդագրական վիճակի և վերջինի վրա ազդող գործոնների ուսումնասիրությունը:
Հայաստանում առկա անպտղության բարձր մակարդակը, որն ըստ 2021 թվականի ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և APR group-ի կողմից կատարված` քանակական հետազոտությության, կազմում է 16,8%, բավականին մտահոգիչ է, քանզի հայտնի է, որ անպտղության 15% մակարդակը համարվում է ճգնաժամային և անդրադառնում է ժողովրդագրության, ծնելիության վրա:
ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից 2022 թվականի 11 ամսվա վերաբերյալ հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում 2022 թվականին արձանագրվել է ծնելիության ցուցանիշի նվազում՝ 2021 թվականի համեմատ, մասնավորապես՝ 2021 թվականին ծնվածների բացարձակ թիվը կազմել է 33.625, իսկ 2022 թվականին՝ 33.171, որն էլ ըստ տոկոսային հարաբերության 1.3%-ով ցածր ցուցանիշ է:
Անհրաժեշտ է նշել նաև, որ նույն աղբյուրի համաձայն, դրական տեղաշարժ է նկատվել ինչպես մեռելածինների, այնպես էլ 0-1 և 0-4 տարեկան երեխաների մահերի ցուցանիշներում: 2021 թվականի մեռելածինների բացարձակ թիվը կազմել է 465, իսկ 2022 թվականին այն նվազել է՝ կազմելով 399 կամ՝ 14.2 %-ով ավելի պակաս: 0-1 և 0-4 տարեկան երեխաների շրջանում մահացությունը նույնպես նվազել է՝ համապատասխանաբար 8.5% և 10.6%-ով:
Ծնելիության խթանման և անպտղության մակարդակի նվազեցման միջոցներից է վերարտադրողականությանն օժանդակող տեխնոլոգիաների կիրառումը, որի վերաբերյալ ՀՀ կառավարության կողմից 2023 թվականի հունվարի 5-ին ընդունվել է N 22-Ն որոշումը՝ նպատակ ունենալով ավելի ընդլայնելու ծառայության շահառուների թիվը, որն էլ կաջակցի ծնելիության բարձրացմանը, անպտղության հաղթահարման ծրագրի ընդլայնմանը:
Նոր որոշմամբ՝ «Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով տրամադրվող բժշկական օգնությունից և սպասարկումից» օգտվելու իրավունք ունեն.
Վերջին փոփոխությունները, հատկապես այն փաստը, որ շահառուները չպետք է պարտադիր լինեն անապահովության գնահատման համակարգում ընդգրկված նպաստառուներ, զգալի ընդլայնում է ծրագրի շահառուների շրջանակը, որն էլ իր հերթին կնպաստի ինչպես անպտղության մակարդակի նվազմանը, այնպես էլ ծնելիության ցուցանիշի աճին:
Որոշումը կարևոր է նաև նրանով, որ այսուհետև ծառայություններից օգտվելու համար հիմք է հանդիսանում մարդկանց առողջական վիճակը, այլ ոչ թե սոցիալական կարգավիճակը, ինչպես եղել է նախկինում: