Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Բնակչության ծերացման հիմնական պատճառներն ու առաջացող խնդիրները

Բնակչության ծերացման հիմնական պատճառներն ու առաջացող խնդիրները

Ժամանակակից աշխարհում երկրների սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարները պայմանավորող առանցքային գործոններից է բնակչության թիվը և կազմը:

Ժողովրդագետների կարծիքով՝ Հայաստանում նկատվում է ժողովրդագրական ճգնաժամ, որն ունի խորանալու միտում: Տվյալները վկայում են, որ ՀՀ բնակչությունը նվազում ու ծերանում է: Համաձայն 2022թ.-ի մարդահամարի նախնական տվյալների՝ 2022թ.-ի հոկտեմբերի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել է 2 մլն 928 հազար 914 մարդ:  Համեմատած  2011թ.-ին իրականացված մարդահամարի տվյալների հետ՝ այն նվազել է շուրջ 90 հազարով։

Բնակչության թվի կրճատմանը զուգահեռ նկատվում է նաև վերջինիս կառուցվածքի փոփոխություն, որն արտահայտվում է բնակչության ծերացմամբ: Ըստ Միավորված ազգերի կազմակերպության մասնագետների կողմից սահմանված ծերացման սանդղակի, եթե երկրի բնակչության կառուցվածքում 65 և բարձր տարիքի բնակչության մասնաբաժինը գերազանցում է 7%-ը, ապա տվյալ բնակչությունը համարվում է ծերացող: Հայաստանում այն կազմել է շուրջ 10.5%:

ՀՀ բնակչության միջին տարիքը 2022թ.-ի տարեսկզբին եղել է 37.2, տղամարդկանց համար` 35.0, իսկ կանանց համար` 39.1 տարի: Բնակչության կառուցվածքում 0-15 տարեկան երեխաների տեսակարար կշիռը կազմել է 21.4%, աշխատունակ տարիքի անձանց` 63.1%, իսկ աշխատունակ տարիքից բարձր բնակչության տեսակարար կշիռը` 15.5%:

2011թ.-ի համեմատությամբ, 2022թ.-ին 20-24 և 25-29 տարիքային խմբի կանանց թիվը նվազել է համապատասխանորեն՝ 47.7% և 25.8%-ով, իսկ 30-34 և 35-39 տարեկաններինը ավելացել է 21.5% և 36.7%-ով:

Տղամարդկանց շրջանում 20-24 և 25-29 տարեկան տղամարդկանց թիվը նվազել է, համապատասխանաբար՝ 42.0% և 26.5%-ով, իսկ 30-34 և 35-39 տարեկաններինն ավելացել 15.7% և 33.3%-ով:

Հարկ է նշել, որ բնակչության ծերացման խնդիրը արդիական է ոչ միայն Հայաստանի, այլև գրեթե բոլոր զարգացած և մի շարք զարգացող երկրների համար: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, 2020թ.-ին աշխարհի 60 և բարձր տարիքի բնակչությունը գերազանցել է մինչև 5 տարեկան երեխաների թիվը։ Կանխատեսվում է, որ մինչև 2050թ.-ը 60 և բարձր տարիքի բնակչության տեսակարար կշիռը գրեթե կկրկնապատկվի՝ հասնելով 22%-ի:  

Բնակչության ծերացման հիմնական պատճառներն են ծնելիության մակարդակի նվազումը և կյանքի միջին տևողության ավելացումը:

Որոշ երկրներում, այդ թվում նաև Հայաստանում, ծերացմանը նպաստող գործոններից է միգրացիան հատկապես երիտասարդների շրջանում, ինչպես նաև ցավալի կորուստները՝ ռազմական գործողությունների հետևանքով: Որոշ չափով բնակչության ծերացմանը նաև նպաստում է ուրբանիզացիան, քանզի քաղաքներում գերակշռում են ավելի փոքր կազմ ունեցող ընտանիքները: 

Բնակչության ծերացման պատճառով առաջացած խնդիրները ոչ միայն ժողովրդագրական բնույթ են կրում, դրանք մեծացնում են սոցիալ-տնտեսական և առողջապահական բեռը երկրի տնտեսության վրա և պահանջում են տևական ու համալիր աշխատանք բացասական միտումների ուղղությունը փոխելու նպատակով: