Երրորդ երեխա ունենալու որոշման վրա ազդող գործոնները Հայաստանում. հարցում

Երրորդ երեխա ունենալու որոշման վրա ազդող գործոնները Հայաստանում. հարցում

«Հերացի վերլուծական» կենտրոնը հերթական հարցումն է անցկացրել մեր բնակչության շրջանում, որն այս անգամ վերաբերում էր երրորդ երեխա չունենալու հետ կապված արգելքներին և խթան հանդիսացող գործոններին:

Նպատակն էր ուսումնասիրել սոցիալ-ժողովրդագրական և կառուցվածքային գործոնները, որոնք ձևավորում են Հայաստանում երրորդ երեխա ունենալու որոշումը, և արդյունքները դիտարկել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առողջության սոցիալական դետերմինանտների (SDH) և վերարտադրողական իրավունքների վրա հիմնված մոտեցման շրջանակում։

Հարցումն իրականացվել է առցանց հարցաշարի միջոցով, որին մասնակցել է 56 անձ, հարցվածների գերակշիռ մասը` 45-ը, եղել են կանայք, մասնակիցների միջին տարիքը`31 տարեկան: Հարցմանը մասնակցած 56 մասնակիցներից 38-ն են նշել, որ արդեն երեխաներ ունեն:

Համաձայն ստացված արդյունքների` երեխա ունեցող 38 մասնակիցներից միայն 23.7%-ն է ցանկացել ունենալ երրորդ երեխա։ Հիմնական արգելքն ըստ մասնակիցների ֆինանսական բաղադրիչն է (52.6%), որին հաջորդում են երկրի անկայունությունը (42.1%) և առողջական վիճակը (36.8%)։

Խթանող գործոնների շարքում առաջին հորիզոնականում ֆինանսական վիճակի բարելավումն է (60.5%), որին հաջորդում է բնակարանային հարցի լուծումը, իսկ երրորդ տեղում առողջության բարելավումն է (երկուսն էլ՝ 42.1%)։

Հարցման միջոցով ստացված արդյունքների դետերմինանտները համադրել ենք ԱՀԿ շրջանակում կիրառվող դետերմինանտների հետ, որի համեմատականից ելնելով պարզվել է, որ Հայաստանում երրորդ երեխա չունենալու արգելքներից առաջին տեղը զբաղեցնող ցուցանիշը (52.6%) զիջում է ԱՀԿ-ի նույն ցուցանիշին`(60.5%)  շուրջ 1.15 անգամ, որը նշանակում է, որ երրորդ երեխա ունենալու որոշման վրա եկամտի ու տնտեսական ապահովության առումով մեր մոտ ցուցանիշը ցածր է ԱՀԿ-ի ցուցանիշից:  Նույնը նաև մյուս երկու դետերմինանտներին է վերաբերում` բնակարանային պայմաններին և առողջական վիճակին:

Բնակարանային պայմանների կայունությունը, որպես կառուցվածքային դետերմինանտ, մասնակիցների հարցման արդյունքում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը` որպես երրերդ երեխա ունենալու նախապայման` գրանցելով 26.3% արդյունք: ԱՀԿ-ի ցուցանիշի (42.1%) հետ համեմատականը ցույց է տալիս, որ մեր մասնակիցները  գրեթե 1.6 անգամ քիչ են մտահոգվում կայուն բնակարանային պայմանների ապահովման հարցում` որպես երրորդ երեխա ունենալու նախապայման:

Առողջական վիճակի դետերմինատը  նույնպես մեր մասնակիցների շրջանում զիջում է ԱՀԿ-ի ցուցանիշին` կազմելով համապատասխանաբար 36.8% և 42.1%, որը ցույց է տալիս, որ առողջական վիճակի ցուցանիշը, որպես երրորդ երեխա ունենալու պայման, մեր մոտ 1.14 անգամ նվազ կարևոր է քան ԱՀԿ-ի շրջանակում:

Հարցման արդյունքում միայն անվտանգ միջավայրի դետերմինանտն է, որ մեր մասնակիցների մոտ առավել կարևոր նախապայման է եղել երրորդ երեխա ունենալու համար, և որի ցուցանիշը գերազանցել է ԱՀԿ-ի ցուցանիշին (42.1%/26.3%) 1.6 անգամ:

Այսպիսով կարող ենք եզրակացնել, որ եկամուտն ու տնտեսական ապահովությունը երրորդ երեխա չունենալու թիվ 1 պատճառն է եղել հարցվածների շրջանում, որին հաջորդում է անկայունությունը, պատերազմի վախը և անվտանգության զգացողությունը, այնուհետև առողջական վիճակը:

Նշում. փոքր ընտրանքի (N=56, վերարտադրողական բաժնում՝ n=38) պատճառով այս վերլուծությունը չի արտացոլում բնակչության ամբողջական վերաբերմունքը երրորդ երեխա չունենալու նախապայմանների հանդեպ, այլ հանդիսանում է պիլոտային ուղղորդիչ հետագա ավելի լուրջ ուսումնասիրության համար: