Տասնամյակներ շարունակ Արևմտյան Եվրոպայի ազգային առողջապահական համակարգերը լայնորեն գովազդվել են որպես լավագույնն աշխարհում:
Բայց բնակչության ծերացումը, քրոնիկական հիվանդությունների թվի աճը, ավագ և միջին բուժաշխատողների կադրային ճգնաժամը, ինչպես նաև Covid-19-ից հետո համակարգի ուժասպառ վիճակը նպաստել են առողջապահական «փոթորիկի» առաջացմանը, որն, ըստ մասնագետների, ամենայն հավանականությամբ, գնալով ավելի կվատթարանա:
«Տարածաշրջանի բոլոր երկրները լուրջ խնդիրների են բախվում՝ կապված իրենց բժշկական անձնակազմի հետ»,- ասված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանի զեկույցում, որը հրապարակվել էր այս տարվա սկզբին՝ նախազգուշացնելով պոտենցիալ ծանր հետևանքների մասին, եթե շտապ միջոցներ չձեռնարկվեն:
Ճգնաժամի հետևանքավ, օրինակ, Ֆրանսիայում այժմ ավելի քիչ բժիշկներ կան, քան 2012 թվականին: Ավելի քան 6 միլիոն մարդ, այդ թվում՝ քրոնիկ հիվանդություններ ունեցող 600.000 մարդ, չունի մշտական՝ առողջության առաջնային պահպանման օղակի բժիշկ, իսկ բնակչության 30%-ը չունի բժշկական ծառայությունների պատշաճ հասանելիություն:
Իսպանիայում ավելի քան 700.000 մարդ սպասում է վիրահատության, իսկ Մադրիդում առողջության առաջնային պահպանման օղակի 5000 բժիշկ, այդ թվում մանկաբույժներ, պահանջում է բարձրացնել աշխատավարձերը:
Հիշատակված զեկույցում ասվում է, որ ներկայում արդի է բուժաշխատակիցների սերնդափոխության հարցը, և անհրաժեշտ է կարգավորել թոշակի տարիքի բժիշկների աշխատելու նպատակահարմարության խնդիրը, ինչպես նաև պետական հատվածից երիտասարդ կադրերի՝ դեպի մասնավոր հատված հոսքը կանգնեցնելու հարցը: Ըստ զեկույցի՝ տարածաշրջանի երկրների 1/3-ում բժիշկների առնվազն 40%-ը 55 տարեկան եւ ավելի բարձր են։
Որոշ երկրներում մեծ կարիք կա առաջնային առողջության պահպանման օղակի բժիշկների, հատկապես սուր է վիճակը Ֆրանսիայում, որտեղ առաջնային օղակի բժիշկների 10%-ը թոշակի տարիքն անցած մասնագետներ են, և նոր երիտասարդ կադրերը չեն լրացնում կադրային բացը: Կարևոր խնդիր է նաև քաղաքային և գյուղական համայնքների կամ քիչ բնակեցված քաղաքների միջև մասնագետների ոչ հավասարաչափ բաշխումը:
Կադրային խնդիրներ կան նաև Գերմանիայում, մասնավորապես՝ հիվանդանոցներում ավելի քան 23.000 ավագ և միջին բուժաշխատողի հաստիք թափուր է: Հատկապես ծանր է իրավիճակը ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում և վիրահատարաններում, որտեղ բարձր զբաղվածությունը և գերծանրաբեռնված աշխատանքը վերջին շրջանում սովորական են դարձել:
Գրեթե նույն խնդիրներին բախվում է նաև Իսպանիան: Առողջապահության ոլորտում տասնամյակների անբավարար ներդրումներին, տարածաշրջանի երկրների միջև բժշկական անձնակազմի համար մրցակցությանը, արտերկրում ավելի լավ վարձատրության և պայմանների գայթակղությանը գումարվեց նաև Covid-19 համավարակի ընթացքում ի հայտ եկած առողջապահական ճգնաժամը: Անձնակազմի անհամաչափ բաշխումը մայրաքաղաքի և այլ քաղաքների, ինչպես նաև գյուղական համայնքների միջև, առողջության առաջնային պահպանման օղակի մասնագետների սակավությունը, ցածր աշխատավարձերը, գերծանրաբեռնված աշխատանքը և բժիշկների հոգնածությունը հատկապես Covid-19 համավարակից հետո մի շարք լուրջ խնդիրներ են ստեղծում Իսպանիայի առողջապահության ոլորտի համար և սպառնում ընդհուպ մինչև համակարգի պարալիզացմանը:
Իտալիան նույնպես անմասն չի մնում նմանատիպ խնդիրներից: Իտալիայի հանրային առողջապահական ծառայությունը բախվում է անձնակազմի լուրջ պակասի հետ, որը սրվել է Covid-19 համավարակի պատճառով, ինչն էլ հանգեցրել է աշխատողների զանգվածային հեռացմանը մասնագիտությունից, վաղաժամ թոշակի անցնելուն կամ մասնավոր հատվածում աշխատանքի անցնելուն, որտեղ աշխատավարձերը համեմատաբար բարձր են: Դեկտեմբերի սկզբին Իտալիայում ցույցերի մասնակից բուժաշխատողները բողոքում էին հիմնականում ցածր աշխատավարձերից, որը տարածաշրջանի այլ երկրների բուժաշխատողների աշխատավարձերից համեմատաբար ցածր է:
«Այս բոլոր սպառնալիքները միասին պայթյունավտանգ են, և դրանք, ամենայն հավանականությամբ, կհանգեցնեն առողջապահության ոլորտում բացասական հետևանքների, բազմաթիվ մահերի, որոնք հնարավոր էր կանխել և, հնարավոր է, նույնիսկ տարածաշրջանի առողջապահական համակարգի պարալիզացման», – նախազգուշացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլուգեն: