Գլաուկոմա․ վաղ ախտորոշման վճռորոշ նշանակությունը

Գլաուկոմա․ վաղ ախտորոշման վճռորոշ նշանակությունը

Հունվարը նշվում է որպես գլաուկոմայի իրազեկման ամիս՝ ընդգծելով այս հիվանդության նշանակությունը որպես ժամանակակից ակնաբուժության ամենանենգ և հանրային առողջապահական լուրջ մարտահրավերներից մեկը։

Գլաուկոման պրոգրեսիվող օպտիկական նեյրոպաթիաների խումբ է, որը բնութագրվում է ցանցաթաղանթի գանգլիոնար բջիջների և տեսողական նյարդի թելերի դեգեներացիայով՝ հանգեցնելով տեսողական նյարդի սկավառակի անդառնալի կառուցվածքային փոփոխությունների։

Հիվանդության առանձնահատուկ վտանգավորությունը պայմանավորված է նրա դանդաղ և հաճախ անախտանիշ ընթացքով․ ցանցաթաղանթում և տեսողական նյարդում ախտաբանական փոփոխությունները կարող են զարգանալ տարիների, նույնիսկ տասնամյակների ընթացքում՝ մնալով հիվանդի ուշադրությունից դուրս մինչև տեսողության ծանր և անդառնալի խանգարումների ի հայտ գալը։

Գլաուկոմայի տարածվածությունը կրում է գլոբալ բնույթ։ 2023 թվականի տվյալներով աշխարհում գրանցվել է շուրջ 70 միլիոն գլաուկոմայով հիվանդ, իսկ գիտական կանխատեսումները վկայում են, որ մինչև 2040 թվականը այդ թիվը կարող է հասնել 112 միլիոնի։ Անդառնալի կուրության պատճառների շարքում գլաուկոման զբաղեցնում է առաջատար դիրք՝ երկրորդը կատարակտայից հետո։

Գլաուկոման դասակարգվում է մի քանի կլինիկական ձևերի, որոնցից առավել տարածվածը առաջնային բաց անկյուն գլաուկոման է։ 2020 թվականին այն ախտորոշվել էր մոտ 58 միլիոն մարդու մոտ։ Հիվանդության  այյս տեսակը, որպես կանոն, զարգանում է աստիճանաբար և անցավ, ինչի պատճառով հաճախ ուշ է հայտնաբերվում։ Բուժման բացակայության դեպքում սկզբում խանգարվում է ծայրամասային, ապա՝ կենտրոնական տեսողությունը, ինչը կարող է հանգեցնել կուրության։ Ավելի հազվադեպ են հանդիպում փակ անկյուն և նորմալ ճնշումային գլաուկոման։ Փակ անկյուն գլաուկոման կարող է ունենալ ինչպես աստիճանական, այնպես էլ սուր սկիզբ՝ ուղեկցվելով ուժեղ աչքի ցավով, տեսողության աղավաղմամբ, միջին լայնության բիբով, աչքի կարմրությամբ և ընդհանուր ինքնազգացողության վատթարացմամբ։

Վիճակագրական տվյալները վկայում են գլաուկոմայի տարածվածության զգալի տարբերությունների մասին՝ կախված աշխարհագրական դիրքից և էթնիկական առանձնահատկություններից։ Եվրոպայում առաջնային բաց անկյուն գլաուկոմայով հիվանդների թիվը կազմում է շուրջ 7,8 միլիոն՝ ընդհանուր 2,5 % տարածվածությամբ։ Մեծ Բրիտանիայում հիվանդությունն ախտորոշվում է 40 տարեկանից բարձր բնակչության 2%-ի և 75 տարեկանից բարձր անձանց շուրջ 10%-ի մոտ։ Հարավային Կորեայում իրականացված լայնածավալ հետազոտության արդյունքներով տարածվածությունը կազմել է 2,8 %։ Միևնույն ժամանակ Աֆրիկայի մի շարք երկրներում գլաուկոման հայտնաբերվում է 40 տարեկանից բարձր տարիքում գտնվող յուրաքանչյուր քսաներորդ անձի մոտ, ընդ որում՝ նրանցից յուրաքանչյուր հինգերորդն արդեն ունի կուրություն։ Կորեայում իրականացված լայնածավալ հետազոտությունը արձանագրել է, որ հիվանդության դեպքերի շուրջ 98%-ը ներկայացված է նորմալ ներակնային ճնշմամբ գլաուկոմայով, որը հատկապես բնորոշ է ասիական պոպուլյացիային։

Հայաստանում կուրության պատճառների կառուցվածքում գլաուկոման զբաղեցնում է երկրորդ տեղը ՝ կազմելով 17,1 % և զիջելով միայն կատարակտային (43,9 %)։ Վերջին երկու տասնամյակների ընթացքում առաջնակի հիվանդացության տարածվածությունը 15 տարեկանից բարձր բնակչության շրջանում աճել է գրեթե 3,2 անգամ՝ 2005 թվականին գրանցված 33,5 դեպքից (100 000 բնակչի հաշվով) հասնելով 106,9-ի 2024 թվականին։ Ընդհանուր հիվանդացության ցուցանիշը կազմել է 499,9 դեպք 100 000 բնակչի հաշվով, ինչը 3,5 անգամ գերազանցում է 2005 թվականի մակարդակը։

Տարիքը շարունակում է մնալ գլաուկոմայի զարգացման ամենաէական ռիսկի գործոններից մեկը։ Մինչև 40 տարեկանը հիվանդության տարածվածությունը կազմում է մոտ 1,5 %, սակայն յուրաքանչյուր հաջորդ տասնամյակում այն աստիճանաբար աճում է՝ հասնելով 13,2 %-ի 80 տարեկանից բարձր անձանց շրջանում։ Սեռային վերլուծությունը վկայում է, որ տղամարդկանց շրջանում գլաուկոմայի տարածվածությունը գերազանցում է կանանց ցուցանիշները ավելի քան 1,5 անգամ, ինչը հնարավոր է պայմանավորված լինի կանանց մոտ էնդոգեն էստրոգենի պաշտպանիչ ազդեցությամբ, ինչպես նաև հորմոնալ կարգավորման ուղիների գենետիկ պոլիմորֆիզմով։ Տղամարդիկ ավելի հաճախ հիվանդանում են առաջնային բաց անկյուն գլաուկոմայով, իսկ կանանց շրջանում առավել տարածված է փակ անկյուն ձևը։

Գլաուկոմայի զարգացման ռիսկի գործոնների շարքում առանձնահատուկ կարևորություն ունի ժառանգական նախատրամադրվածությունը․ առաջին աստիճանի ազգականների մոտ հիվանդության առկայությունը բարձրացնում է ռիսկը շուրջ 4,3 անգամ։ Զգալի դեր ունեն նաև որոշ գենետիկ մուտացիաներ, մասնավորապես MYOC (միոցիլին) գենի փոփոխությունները, որոնք պատասխանատու են յուվենիլ գլաուկոմայի դեպքերի 8–36%-ի և մեծահասակների առաջնային բաց անկյուն գլաուկոմայի 2–4%-ի համար։

Բարձր ռիսկի խմբում են նաև ստերոիդային դեղամիջոցներ օգտագործող անձինք, բարձր միոպիա, զարկերակային գերճնշում ունեցող հիվանդները, կենտրոնական եղջերաթաղանթի փոքր հաստությամբ (5 մմ-ից պակաս), աչքի վնասվածք տարած անձինք, ինչպես նաև նյութափոխանակային համախտանիշ ունեցողները։ Ավելցուկային մարմնի զանգվածը (ՄԶԻ ≥ 25 կգ/մ²) մեծացնում է գլաուկոմայի զարգացման հավանականությունը մոտ 1,24 անգամ։ Ռիսկի գործոն է համարվում նաև շաքարային դիաբետը։

Գլաուկոմայի պաթոգենեզում առանցքային դեր ունեն ոչ միայն մետաբոլիկ, այլև իշեմիկ և օքսիդատիվ մեխանիզմները, որոնք հանգեցնում են ցանցաթաղանթի գանգլիոնար բջիջների մահվան և տեսողական նյարդի առաջադիմական ատրոֆիայի։ Մի շարք հետազոտություններում ապացուցվել է, որ ցանցաթաղանթի արտերիոսկլերոզի առկայությունը մեծացնում է գլաուկոմայի զարգացման ռիսկը շուրջ 4,5 անգամ։

Գլաուկոմայով հիվանդների արյան կենսաքիմիական ցուցանիշների ուսումնասիրությունը բացահայտել է այլ կարևոր օրինաչափություններ։ Մասնավորապես հայտնաբերվել է կապ շիճուկում միզաթթվի բարձր մակարդակի և գլաուկոմայի ռիսկի միջև (հավանականությունը մեծանում է 1,3 անգամ)։ Միզաթթուն ունի երկակի կենսաբանական դեր․ արտաբջջային միջավայրում այն հանդես է գալիս որպես հակաօքսիդանտ, իսկ բջջի ներսում կարող է խթանել օքսիդատիվ սթրեսը՝ խաթարելով միթոքոնդրիաների գործառույթը։ Այս անհավասարակշռությունը նպաստում է նեյրոնների վնասմանը և մոտեցնում գլաուկոման նեյրոդեգեներատիվ հիվանդությունների պաթոգենեզին։

Վերջին տարիներին գլաուկոման հաճախ դիտարկվում է ոչ միայն որպես ներակնային ճնշման բարձրացման հետևանք, այլև որպես բջջային ֆունկցիայի խանգարում։ ԱՄՆ-ում իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ գլաուկոմայի դեպքում աչքի տրաբեկուլյար ցանցի՝ ներակնային հեղուկի արտահոսքն ապահովող դրենաժային համակարգի բջիջների փոխազդեցությունը շրջակա միջավայրի հետ խաթարված է, ինչի հետևանքով դժվարանում է հեղուկի արտահոսքը և բարձրանում է ներակնային ճնշումը։ Այս տվյալները հիմք են ստեղծում նորարարական բուժական մոտեցումների համար՝ ուղղված ոչ միայն ճնշման նվազեցմանը, այլև աչքի բջիջների ֆունկցիոնալ վերականգնմանը։

Գլաուկոման որպես նեյրոդեգեներատիվ գործընթաց դիտարկելը պայմանավորում է բուժման համալիր մոտեցման անհրաժեշտությունը։ Ժամանակակից կլինիկական ուղեցույցներում նեյրոպրոտեկցիան դիտարկվում է որպես առանցքային ուղղություն՝ ուղղված ցանցաթաղանթի նեյրոնների կենսունակության պահպանմանը։ Ակնաբույժների և նյարդաբանների միջմասնագիտական համագործակցությունը հնարավորություն է տալիս ոչ միայն արդյունավետորեն վերահսկել ներակնային ճնշումը, այլև վաղ փուլերում հայտնաբերել նեյրոդեգեներատիվ փոփոխությունները և իրականացնել համալիր բուժում։

Քանի որ գլաուկոմայի դեպքում կորցրած տեսողությունը վերականգնել հնարավոր չէ, իսկ հիվանդությունը կարող է երկար ժամանակ ընթանալ առանց ախտանշանների՝ նույնիսկ նորմալ ներակնային ճնշման պայմաններում, տեսողության պահպանման միակ արդյունավետ միջոցը մնում է կանոնավոր ակնաբուժական սկրինինգը, հատկապես ռիսկի խմբերին պատկանող անձանց շրջանում։ Հիվանդության վաղ ախտորոշումը և ժամանակին սկսված բուժումը վճռորոշ նշանակություն ունեն տեսողության պահպանման և հիվանդների կյանքի որակի բարելավման գործում։