Կին գիտնականների միջազգային օր

Կին գիտնականների միջազգային օր

Կին գիտնականների միջազգային օրը նշվում է ամեն տարի փետրվարի 11-ին։ Օրը հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2015 թվականին` նպատակ ունենալով խթանել կանանց և աղջիկների հավասար մասնակցությունը գիտության մեջ, նվազեցնել գենդերային անհավասարությունը STEM ոլորտներում (Science, Technology, Engineering, Mathematics), ընդգծել կանանց դերը գիտական առաջընթացում:

Աշխարհում կանայք կազմում են գիտահետազոտողների մոտ 30–33%-ը, իսկ բարձր տեխնոլոգիական և ինժեներական ոլորտներում նրանց ներկայացվածությունը հաճախ ավելի ցածր է։

Այս օրը ևս մեկ հրաշալի առիթ է` հիշեցնելու, որ գիտությունը զարգանում է բազմազանությամբ, հավասար հնարավորությունները նպաստում են նորարարությանը, և կրթական համակարգում վաղ աջակցությունը մեծ դեր ունի, ինչը կանանց դեպքում կրում է բնազդային բնույթ:

Բժշկագիտության մեջ կանանց դերը համակարգային և ռազմավարական նշանակություն ունի։ Նրանք հանդիսանում են ոչ միայն բուժական ծառայությունների հիմնական իրականացնողներ, այլև գիտական նորարարության և առողջապահական քաղաքականության զարգացման ակտիվ մասնակիցներ։ Կին բժիշկ-գիտնականները է’լ ավելի պահանջված են, քանի որ ապահովում են գիտության և կլինիկական պրակտիկայի կապը, նպաստում նոր ախտորոշիչ և բուժական մոտեցումների ներդրմանը և խթանում են գենդերային բազմազանությունը գիտության մեջ։

Անառարկելի է բժշկագիտության մեջ հայ կանանց դերը: Բժշկագիտությունը` որպես գիտական և կլինիկական ոլորտ, Հայաստանում ձևավորվել և զարգացել է նաև հայ կանանց ակտիվ մասնակցությամբ։ 20-րդ դարից սկսած` հայ կանայք սկսեցին ակտիվ ներգրավվել բժշկական կրթության համակարգում։ Խորհրդային շրջանում կանանց մասնագիտական ներգրավվածությունը զգալիորեն աճեց՝ պայմանավորված բարձրագույն կրթության հասանելիությամբ և առողջապահության պետական համակարգի ընդլայնմամբ։ Կանայք հատկապես ակտիվ էին մանկաբուժության, թերապիայի, համաճարակաբանության, լաբորատոր ախտորոշման ոլորտներում։ Այս փուլը հիմք հանդիսացավ հետագա գիտական դպրոցի ձևավորման համար։

Հայ կին գիտնականները նշանակալի դեր են ունեցել կենսաքիմիայի և մոլեկուլային կենսաբանության ոլորտում, հանրային առողջապահության և համաճարակաբանության ուսումնասիրություններում, վարակիչ հիվանդությունների կանխարգելման ծրագրերում, բժշկական կրթության մեթոդաբանական զարգացման մեջ: Նրանց գիտական աշխատանքները նպաստել են ինչպես ազգային առողջապահական քաղաքականության մշակմանը, այնպես էլ միջազգային գիտական համագործակցությանը։

Համակարգված հետազոտությունները ցույց են տալիս, որ Հայաստանում գիտնականների ընդհանուր թվի գրեթե 52%‑ը կանայք են։ Սա ներառում է բոլոր գիտական ոլորտները՝ սոցիալական գիտություններ, բնագիտական ուղղություններ, բժշկություն և կենսաբժշկական գիտություններ՝ համատեղ։

Թվերը բավականին խոսուն են. Հայաստանում գիտնականների կեսից մի փոքր ավելին կանայք են, ինչն իսկապես գերազանցում է համաշխարհային միջինը (մոտ 30 %) 1.7 անգամ։