Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հրապարակած զեկույցում մտահոգություն է հայտնում նիկոտինային պարկերի արագ համաշխարհային տարածման և դեռահասների և երիտասարդների շրջանում դրանց ագրեսիվ մարքեթինգի վերաբերյալ:
«Հերացի» վերլուծականի փոխանցմամբ` ԱՀԿ-ն նշում է, որ շատ երկրներում այս արտադրանքի կարգավորումը սահմանափակ է կամ ընդհանրապես բացակայում է, ինչը սրում է երիտասարդության շրջանում նիկոտինային կախվածության աճի և դրան առնչվող առողջական ռիսկերի վերաբերյալ մտահոգությունները։
Զեկույցը հրապարակվել է ծխախոտի դեմ համաշխարհային օրվա (մայիսի 31) նախօրեին, որն այս տարի կկենտրոնանա ծխախոտի և նիկոտինային կախվածության, ինչպես նաև ծխախոտային արդյունաբերության կողմից սպառողների նոր սերունդ գրավելու համար օգտագործվող մեթոդների վրա։
Նիկոտինային պարկերը շրթունքների և լնդերի միջև տեղադրվող փոքր փաթեթներ են, որոնք նիկոտինն արտանետում են բերանի խոռոչի լորձաթաղանթի միջոցով: Դրանք սովորաբար պարունակում են նիկոտին, համեմունքներ, քաղցրացուցիչներ և այլ հավելումներ: 2024 թվականին նիկոտինային պարկերի մանրածախ վաճառքը գերազանցել է 23 միլիարդ միավորը, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի քան 50%-ով ավելի է:
«Նիկոտինային պարկերը արագորեն ձեռք են բերում հանրաճանաչություն, իսկ կարգովորումները համընթաց չեն իրականացվում», – ասել է ԱՀԿ-ի «Ծխախոտից զերծ» նախաձեռնության տնօրեն, դոկտոր Վինայակ Պրասադը: «Երկրները պետք է հիմա իրականացնեն արդյունավետ, ապացույցների վրա հիմնված միջոցառումներ»։
Ինչպես նշել է ԱՀԿ-ն, նիկոտինն ինքնին խիստ կախվածություն է առաջացնում և հատկապես վնասակար ազդեցություն ունի երեխաների, դեռահասների և երիտասարդների վրա, քանի որ այս տարիքում ուղեղի զարգացումը դեռևս ամբողջական չէ: Նիկոտինի ազդեցությունը կարող է ազդել դեռահասների ճանաչողական գործառույթների, այդ թվում՝ ուշադրության և ուսուցման վրա:
Զեկույցում ընդգծվում են ծխախոտային արդյունաբերության կողմից երիտասարդ լսարան գրավելու համար օգտագործվող տարածված մարքեթինգային մարտավարությունները, ներառյալ՝ ոճային փաթեթավորում, որը չի առաջացնում ծխախոտի հետ ասոցիացիաներ։
ԱՀԿ-ն կոչ է անում երկրներին ներդնել ծխախոտի և նիկոտինի բոլոր արտադրանքների, այդ թվում՝ նիկոտինի պարկերի համապարփակ կարգավորում։ Առաջարկվող միջոցառումները ներառում են`
առողջության վերաբերյալ հստակ նախազգուշացումներ և մակնշում:
Ժամանակակից գլոբալ ծխախոտային համաճարակը գտնվում է խորքային կառուցվածքային վերափոխման փուլում։ Չնայած ծխախոտի ընդհանուր սպառողների թվի կայուն նվազմանը՝ 1,38 միլիարդից (2000 թ.) մինչև 1,20 միլիարդ (2024 թ.), կախվածության կառուցվածքը դառնում է առավել բարդ և հանրային առողջության տեսանկյունից՝ առավել ռիսկային դեռահասների համար, քանի որ ավանդական ծխախոտի օգտագործումը աստիճանաբար փոխարինվում է նիկոտինի էլեկտրոնային մատակարարման համակարգերով։ Այս միտումը հատկապես ընդգծված է ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանում, որտեղ չափահաս բնակչության շրջանում ծխախոտի տարածվածությունը շարունակում է մնալ աշխարհում ամենաբարձրներից մեկը՝ 24,1% (173 միլիոն մարդ), չնայած 2000 թվականի 34,9%-ի համեմատ զգալի նվազմանը։ Սակայն առավել մտահոգիչ փոփոխությունները դիտվում են դեռահասների շրջանում, որտեղ ձևավորվում է նիկոտինային կախվածության նոր մոդել։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին հաշվետվությունների և դպրոցահասակ երեխաների առողջ վարքագծի միջազգային հետազոտության (Health Behaviour in School-aged Children, HBSC) տվյալների համաձայն՝ Եվրոպական տարածաշրջանում 13–15 տարեկան մոտ 4 միլիոն դեռահաս օգտագործում է ծխախոտային արտադրանք, ինչը կազմում է տվյալ տարիքային խմբի 11,6%-ը։ Առանձնահատուկ մտահոգություն է առաջացնում այն փաստը, որ Եվրոպական տարածաշրջանի որոշ երկրներում նույն տարիքային խմբի աղջիկների շրջանում արձանագրվում են աշխարհում ամենաբարձր տարածվածության ցուցանիշները։ HBSC-ի առավել լայն դեռահասային ընտրանքի (11–17 տարեկան) վերլուծության համաձայն՝ ծխախոտի ընդհանուր օգտագործումը կազմում է 8,4%, ընդ որում աղջիկները (8,7%) արդեն փոքր տարբերությամբ գերազանցում են տղաներին (8,2%)։
Էլեկտրոնային սիգարետների օգտագործման տարածվածությունը Եվրոպական տարածաշրջանի դեռահասների շրջանում նույնպես հանդիսանում է աշխարհում ամենաբարձրերից մեկը։ Չափահաս բնակչության շրջանում այն կազմում է 4,6%, մինչդեռ 13–15 տարեկանների խմբում հասնում է 14,3%-ի՝ ձևավորելով գլոբալ մակարդակով ամենաբարձր տարածաշրջանային ցուցանիշը և ընդգրկելով մոտ 4,2 միլիոն երեխա։ Այս տվյալները վկայում են, որ նիկոտինի էլեկտրոնային մատակարարման համակարգերը չեն իրականացնում ծխախոտից հրաժարվելու միջոցի իրենց հայտարարած գործառույթը, այլ ընդհակառակը՝ նպաստում են դեռահասների շրջանում նիկոտինային կախվածության ձևավորմանը և նոր օգտագործողների ներգրավմանը նիկոտին պարունակող արտադրանքի սպառման մեջ։
HBSC հետազոտության տվյալները ցույց են տալիս, որ 15 տարեկան դեռահասների 32%-ը երբևէ փորձել է էլեկտրոնային սիգարետներ, իսկ 20%-ը՝ օգտագործել է վերջին 30 օրվա ընթացքում, մինչդեռ ավանդական ծխախոտի դեպքում համապատասխան ցուցանիշները կազմում են 25% և 15%։ Արդեն 13 տարեկանում 16% դեռահասներ ունեն էլեկտրոնային սիգարետների փորձառություն։ Միաժամանակ, միայն 33% դեռահասներ են տեղյակ նիկոտինի առկայության մասին, իսկ ընդամենը 6%-ն է նույնիսկ մեկանգամյա օգտագործումը գնահատում վտանգավոր, ինչը արտացոլում է իրական և ընկալվող ռիսկերի միջև խոր ճանաչողական անհամապատասխանությունը։
GYTS (Global Youth Tobacco Survey) ազգային դպրոցական հետազոտությունները ցույց են տալիս դեռահասների նիկոտինային վարքագծի կայուն տեղաշարժը ավանդական ծխախոտից դեպի էլեկտրոնային համակարգեր։ Իտալիայում 2010–2022 թվականների ընթացքում 13–15 տարեկանների շրջանում ծխախոտի տարածվածությունը նվազել է 21%-ից մինչև 15%, սակայն էլեկտրոնային սիգարետների օգտագործումը աճել է մինչև 20% (աղջիկներ՝ 21%, տղաներ՝ 18%), իսկ ծխախոտի տաքացման համակարգերի օգտագործումը՝ մինչև 14%։ Նմանատիպ միտումներ արձանագրվել են Լիտվայում, որտեղ ծխախոտի տարածվածությունը նվազել է մինչև 14,2%, մինչդեռ վեյփինգը հասել է 23%-ի (աղջիկներ՝ 27%)։ Լեհաստանում 11,7% դեռահասներ ծխում են ավանդական ծխախոտ, 21,2% օգտագործում են էլեկտրոնային սիգարետներ, իսկ 10%-ը՝ ծխախոտի տաքացման համակարգեր։ Չեխիայում էլեկտրոնային սիգարետներ օգտագործում է 21,4% դեռահասների՝ ավանդական ծխախոտի 11,2%-ի համեմատ։ Սերբիայում 15 տարեկանների շրջանում 19,9%-ը հանդիսանում է վեյփերի օգտագործող, 6,4%-ը՝ ծխախոտի տաքացման համակարգերի, իսկ 4,9%-ը՝ սնիուսի օգտագործող, ընդ որում ավելի քան 30%-ը առնվազն մեկ անգամ փորձարկել է այս արտադրատեսակները։
Այս գլոբալ համատեքստում Հայաստանը հանդիսանում է եզակի համաճարակաբանական երևույթ՝ ըստ HBSC (2021/2022) և GYTS տվյալների։ Երկիրը ցուցադրում է Եվրոպայում դեռահասների շրջանում ավանդական ծխախոտի ամենացածր մակարդակներից մեկը՝ միաժամանակ արձանագրելով էլեկտրոնային սիգարետների արագ աճ։ Ավանդական ծխախոտի հատվածում 15 տարեկանների շրջանում շաբաթական առնվազն մեկ անգամ ծխելու տարածվածությունը կազմում է 5% տղաների և 1% աղջիկների մոտ՝ համեմատած եվրոպական միջին 12% և 11% ցուցանիշների հետ։ 11–13 տարեկանների շրջանում ծխախոտ փորձելու մակարդակը կազմում է ընդամենը 2–4%։ Այս տվյալները արտացոլում են ուժեղ սոցիալական նորմեր և ծխելու նկատմամբ բարձր տաբու, հատկապես աղջիկների շրջանում։
Սակայն էլեկտրոնային սիգարետների դեպքում իրավիճակը հակառակն է։ 15 տարեկանների շրջանում 15–17% դեռահաս արդեն փորձել է վեյփ, իսկ 7–9%-ը օգտագործել է վերջին 30 օրվա ընթացքում, ինչը գրեթե երկու անգամ գերազանցում է ավանդական ծխախոտի օգտագործման մակարդակը։ Այսպիսով, էլեկտրոնային սիգարետները փաստացի դառնում են դեռահասների նիկոտինային առաջին փորձի հիմնական աղբյուրներից մեկը։ Գենդերային տարբերությունը, որը բնորոշ է ավանդական ծխախոտին, այստեղ զգալիորեն կրճատվում է՝ պայմանավորված համային հավելումներով, ծխի բացակայությամբ և «անծուխ» արտադրանքի մարքեթինգով, որը նվազեցնում է սոցիալական վերահսկողությունը։
2023 թվականին ՀՀ-ում իրականացված հետազոտությունը, որը ընդգրկել է 366 դեռահաս (15–17 տարեկան), ցույց է տվել առավել մտահոգիչ արդյունքներ․ 41,7%-ը երբևէ փորձել է էլեկտրոնային սիգարետ, իսկ 53,7%-ը վերջին 30 օրվա ընթացքում օգտագործել է այն։ Օգտագործման հիմնական պատճառներն էին համային հավելումները (37,7%), հետաքրքրասիրությունը (33,1%) և ընկերների ազդեցությունը (18,5%)։ Համային հեղուկների առկայությունը գրեթե քառապատկել է ընթացիկ օգտագործման հավանականությունը (OR=3,97), իսկ լրացուցիչ ռիսկի գործոններ են հանդիսացել արական սեռը (OR=4,21) և պետական դպրոցներում ուսուցումը (OR=3,7)։ Նիկոտինի օգտագործման մտադրության ինդեքսը կազմել է 0,84/3, ինչը վկայում է տարածման բարձր պոտենցիալի մասին։
Վեյփինգի աճը սերտորեն կապված է թվային միջավայրի հետ։ Սոցիալական ցանցերում ակտիվությունը կապված է էլեկտրոնային սիգարետների նկատմամբ ավելի դրական վերաբերմունքի, ռիսկի ընկալման նվազման և օգտագործման մտադրության աճի հետ։ Նույնիսկ կարճատև դիտումը Instagram-ում կարող է բարձրացնել հետաքրքրությունը, իսկ գովազդային բովանդակությունը առավել ուժեղ ազդեցություն ունի, քան հասակակիցների կողմից ստեղծված բովանդակությունը։ Տվյալները նաև ցույց են տալիս, որ գովազդը բարձրացնում է չծխող դեռահասների շրջանում փորձելու հավանականությունը, նվազեցնում է վնասի ընկալումը և ձևավորում սոցիալական առավելությունների իլյուզիա։
Չնայած արդյունաբերության կողմից ներկայացվող «վնասի նվազեցման» պնդումներին, գիտական ապացույցները ցույց են տալիս, որ էլեկտրոնային սիգարետների աէրոզոլը պարունակում է բարձր տոքսիկ նյութեր՝ ցնդող կարբոնիլներ, ակտիվ թթվածնի ձևեր և ծանր մետաղներ։ Դրանք պարունակում են նաև բենզոլի, էթիլենօքսիդի, ակրիլոնիտրիլի և ակրիլամիդի մետաբոլիտներ։ Ջեռուցման գործընթացում առաջանում են ֆորմալդեհիդ, ացետալդեհիդ և ակրոլեին՝ ուժեղ թունավոր և քաղցկեղածին նյութեր։ Բույրային հավելումները, ներառյալ դիացետիլը, կապված են ծանր բրոնխիոլիտի զարգացման հետ։ Էլեկտրոնային սիգարետների օգտագործումը խաթարում է շնչուղիների պաշտպանական մեխանիզմները, ճնշում է մակրոֆագային ֆունկցիան և նպաստում բակտերիալ ախտածնությանը։ EVALI համախտանիշի բռնկումը ԱՄՆ-ում (2019) հանդիսանում է այս ազդեցությունների կլինիկական ծանր դրսևորումներից մեկը։ Բացի այդ, նիկոտինի բարձր կոնցենտրացիաները (մինչև 59 մգ/մլ) ապահովում են արագ նեյրոբիոլոգիական կախվածության ձևավորում դեռահասների մոտ։
Այսպիսով, ներկայիս տվյալները վկայում են դեռահասների շրջանում նիկոտինային վարքագծի նոր համաճարակաբանական փուլի մասին, որտեղ էլեկտրոնային սիգարետները դառնում են կախվածության հիմնական մուտքային ուղի։ Սա պահանջում է խիստ կարգավորում, ներառյալ համային հավելումների սահմանափակում, թվային մարքեթինգի վերահսկում և նիկոտին պարունակող բոլոր արտադրատեսակների նկատմամբ միասնական իրավական մոտեցում՝ դեռահասների առողջության պաշտպանության նպատակով։