Երեխաների մահացությունը բնութագրող ցուցանիշները, և, մասնավորապես, մանկական մահացությունը, բնակչության վերարտադրողական առողջության, առողջապահության համակարգի գործունեության արդյունավետության և երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի հիմնական բնութագրիչներից են: Ուստի, մանկական մահացության մակարդակի կրճատումը հանդիսանում է ցանկացած պետության ժողովրդագրական և սոցիալ-տնտեսական առանցքային հիմնահարցերից մեկը:
Վերջին երեք տասնամյակների ընթացքում առողջապահության ոլորտում արդյունավետ գլոբալ նախաձեռնությունների արդյունքում գրանցվել է մանկական և պատանեկան մահացության մակարդակի կտրուկ անկում։ Աշխարհում մինչև 5 տարեկան երեխաների մահացությունը նվազել է 60%-ով՝ 1990թ.-ին 1000 կենդանածնի հաշվով մահացության 93 դեպքից մինչև 37 մահ 2020թ.-ին։ Նույն ժամանակահատվածում 5-14 տարեկան երեխաների մահացությունը նվազել է 54%-ով՝ 1000 բնակչի հաշվով 15-ից մինչև 7 մահ: Չնայած նշված առաջընթացին` երեխաների մեծամասնությունը մահանում է կանխարգելելի և բուժելի պատճառներից, որն էլ շարունակում է մնալ խիստ արդիական հիմնախնդիր:
Գնահատված է, որ երեխաների մահացության ընթացիկ միտումների պահպանման դեպքում՝ մինչև 2030թ.-ը աշխարհում կմահանա մինչև 5 տարեկան ևս 48 միլիոն երեխա:
Ամբողջ աշխարհում մինչև 5 տարեկան երեխաների մահվան հիմնական պատճառներն են վաղաժամ ծննդաբերության բարդությունները, ծննդաբերական շնչահեղձությունը, վնասվածքները, թոքաբորբը, փորլուծությունը և մալարիան:
Երեխաների շրջանում մահվան ռիսկն ամենաբարձրն է մանկական (կյանքի առաջին 1 տարի), ու հատկապես նորածնային շրջանում (կյանքի առաջին 28 օր): 2020թ.-ին ամբողջ աշխարհում մինչև 5 տարեկան երեխաների մահվան դեպքերի գրեթե կեսը (47%) կազմել են նորածնային մահերը։ Քանի որ 5 տարեկանից ցածր երեխաների համեմատ, նորածինների մահացության նվազման տեմպերն ավելի դանդաղ են եղել, նորածինների մահացության համամասնությունը 1990թ.-ի 40%-ից աճել է մինչև 47% 2020թ.-ին:
Նորածնային շրջանում երեխաների մահացության ռիսկը առավել բարձր է կյանքի առաջին օրերին` վաղ նորածնային շրջանում։ Բոլոր նորածինների մահերի մոտ 1/3-ը տեղի է ունենում ծնվելուց հետո առաջին օրվա ընթացքում և գրեթե ¾-ը` կյանքի առաջին շաբաթվա ընթացքում: Ի դեպ մանկական մահացության ամենաբարձր ցուցանիշները գրանցվում են ցածր եկամուտ ունեցող երկրներում` հատկապես Աֆրիկայի ենթասահարյան տարածաշրջանում, իսկ ամենացածր ցուցանիշները գրանցվել են Իսլանդիայում (1%), Էստոնիայում (1.4%) և Ճապոնիայում (1.8%).
Հայաստանը ևս դասվում է մանկական մահացության ցածր մակարդակ ունեցող երկրների շարքին: Այսպես, 1990-2021թթ. ժամանակահատվածում ՀՀ-ում մինչև 5 տարեկան երեխաների մահացությունը նվազել է 68.1%-ով (23.5-ից մինչև 7.5` 1000 կենդանի ծնվածի հաշվով), մինչև 1 տարեկան երեխաների մահացությունը` 62.7%-ով (18.5-ից մինչև 6.9` 1000 կենդանի ծնվածի հաշվով): Ինչպես այլ երկրներում, Հայաստանում նույնպես, ի տարբերություն մանկական մահացության, նորածնային մահացությունը վերջին տասնամյակների ընթացքում ցուցաբերել է անկման ավելի նվազ միտումներ (1990-2021թթ. ժամանակահատվածում նվազել է 8.9-ից մինչև 4.9` 1000 կենդանի ծնվածի հաշվով):
Եվրոմիության երկրների համեմատ, մանկական մահացության ցուցանիշը ՀՀ-ում բարձր է (ԵՄ-ում 2021թ.-ի դրությամբ այն եղել է 3.1` 1000 կենդանի ծնվածի հաշվով), սակայն ԱՊՀ երկրների համեմատ ցուցանիշը բավականին ցածր է: Տարածաշրջանի երկրներից մանկական մահացության ավելի ցածր մակարդակ 2021թ.-ին գրանցվել է Ռուսաստանի Դաշնությունում՝ 4,1` 1000 կենդանի ծնվածի հաշվով, ավելի բարձր է մակարդակը Ադերբեջանում (17), Իրանում (11) և Վրաստանում (8):
2021թ.-ի տվյալներով մանկական մահացության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Սյունիքում (14.3‰), ապա Լոռիում (9.3‰) և Արարատում (9.0‰), ամենացածրը՝ Երևանում (4.7‰), ինչը կարող է կապված լինել կազմակերպչական խնդիրների հետ:
Առողջապահության համակարգը կարևոր դերակատար է երեխաների և մանկական մահացության դինամիկայի կարգավորման գործում։ Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է վերջինի ինտեգրված աշխատանք սոցիալական պաշտպանության համակարգի հետ, որը նույնպես ունի ոչ պակաս նշանակություն երեխաների և նորածինների պատշաճ խնամքի կազմակերպմանն աջակցություն ցուցաբերելու գործում: