Վիտիլիգոյի դեմ պայքարի համաշխարհային օր

Վիտիլիգոյի դեմ պայքարի համաշխարհային օր

Հունիսի 25-ը նշվում է որպես Վիտիլիգոյի դեմ պայքարի համաշխարհային օր՝ հիշեցնելու, որ վիտիլիգոն միայն մաշկի գույնի հետ կապված փոփոխություն չէ, այլ հոգեբանական և սոցիալական կարևորություն ունեցող վիճակ։ Օրվա խորհուրդն է բարձրացնել հանրային իրազեկվածությունը վիտիլիգոյի վերաբերյալ, կոտրել հիվանդության շուրջ ձևավորված սխալ պատկերացումները, նվազեցնել խարանը և աջակցել վիտիլիգո ունեցող մարդկանց։ 2026 թվականի Վիտիլիգոյի դեմ պայքարի համաշխարհային օրվա թեման է՝ «Խարանից դեպի ուժ», իսկ արշավի կարգախոսն է՝ «Բազմաթիվ երանգներ, մեկ ձայն»։

Global Vitiligo Foundation-ի համաձայն՝ աշխարհում մոտ 70 միլիոն մարդ ունի վիտիլիգո, իսկ հիվանդությունը հանդիպում է բնակչության գրեթե 1%-ի շրջանում, 20-35%-ը երեխաներն են։ Ամենաբարձր տարածվածության ցուցանիշը արձանագրվել է Արևմտյան՝ 0.77%, իսկ ամենացածրը՝ Արևելյան Ասիայում՝ 0.12%։ Երկրների մակարդակում բարձր ցուցանիշ է արձանագրվել Հորդանանում՝ 1.34%, իսկ Շվեդիայում այն կազմել է 0.19%։

Վիտիլիգոն քրոնիկ մաշկային հիվանդություն է, որի ժամանակ մելանին արտադրող բջիջները՝ մելանոցիտները, վնասվում կամ դադարում են գործել, ինչի հետևանքով մաշկի վրա առաջանում են բաց կամ սպիտակավուն բծեր։ Այն կարող է հանդիպել ցանկացած տարիքում, ցանկացած սեռի և մաշկի ցանկացած գույն ունեցող մարդու մոտ։ Կարևոր է ընդգծել, որ վիտիլիգոն վարակիչ չէ, կյանքի համար վտանգավոր չէ և չի փոխանցվում շփման միջոցով։ Որոշ դեպքերում այն կարող է ընթանալ այլ աուտոիմուն հիվանդությունների հետ մեկտեղ, օրինակ՝ վահանաձև գեղձի աուտոիմուն հիվանդության, կամ 1-ին տիպի շաքարային դիաբետի հետ։

Վիտիլիգոյի ազդեցությունը միայն արտաքին տեսքով չի սահմանափակվում։ Շատ մարդկանց համար այն կարող է դառնալ ինքնագնահատականի, սոցիալական շփման, աշխատանքի, կրթության և հոգեբանական բարեկեցության վրա ազդող գործոն։ Հենց այդ պատճառով էլ Վիտիլիգոյի դեմ պայքարի համաշխարհային օրը կարևոր է ոչ միայն բժշկական, այլև հանրային առողջության և հոգեբանական տեսանկյունից։

Վիտիլիգոյի համաշխարհային օրը պատահական չէ, որ նշվում է հունիսի 25-ին։ Օրվա ընտրությունը կապված է Մայքլ Ջեքսոնի հիշատակի հետ, ով ունեցել է վիտիլիգո և հրապարակայնորեն խոսել է այդ խնդրի մասին։

Վիտիլիգոն կարող է ավելի տեսանելի լինել մուգ մաշկի վրա, սակայն այն հանդիպում է բոլոր մաշկի գույների և էթնիկ խմբերի մոտ։ Մաշկի վնասումը, արևայրուքը, քերծվածքները կամ մեխանիկական գրգռումը որոշ մարդկանց մոտ կարող են նպաստել նոր բծերի առաջացմանը, որը հայտնի է որպես Կեբների երևույթ։ Որոշ մարդկանց մոտ բծերը երկար ժամանակ չեն տարածվում, իսկ որոշ դեպքերում կարող են աստիճանաբար մեծանալ կամ հայտնվել նոր հատվածներում։

Վիտիլիգոյի բուժման ամենահին և մինչ այսօր կիրառվող մոտեցումներից են տեղային կորտիկոստերոիդները և տեղային կալցինևրինի ինհիբիտորները։ Կարևոր ուղղություններից է նաև ուլտրամանուշակագույն B ֆոտոթերապիան։ Ֆոտոթերապիան նպաստում է մելանոցիտների ակտիվացմանը և մաշկի  ռեպիգմենտացիային։ Ավելի կայուն, երկար ժամանակ չփոխվող վիտիլիգոյի դեպքում կիրառվում են նաև վիրաբուժական մեթոդներ, օրինակ՝ մաշկի կամ մելանոցիտների փոխպատվաստման տարբեր տեխնիկաներ։ Սակայն դրանք սովորաբար դիտարկվում են միայն ընտրված դեպքերում, երբ հիվանդությունը կայուն է և այլ մեթոդները բավարար արդյունք չեն տվել։ Հետաքրքիր փաստ է, որ բծերում ռեպիգմենտացիան հաճախ սկսվում է մազապարկերի շուրջ։ Դա պայմանավորված է նրանով, որ մազապարկերում կարող են պահպանվել մելանոցիտներին նախորդող բջիջներ, որոնք բուժման ազդեցությամբ ակտիվանում են և սկսում նորից պիգմենտ արտադրել։ Այդ պատճառով էլ որոշ հատվածներ բուժմանը ավելի լավ են արձագանքում, օրինակ՝ դեմքը հաճախ ավելի լավ է ռեպիգմենտացվում, քան ձեռքերի մատները կամ ոտնաթաթերը։