Տրավմատիզմի դեմ պայքարի համաշխարհային օրը նշվում է ամեն տարի հոկտեմբերի 17-ին՝ կենտրոնանալով կյանքեր փրկելու, արտակարգ իրավիճակներում ճիշտ օգնություն ցուցաբերելու և դժբախտ պատահարների կանխարգելման վրա: Օրվա նպատակն է բարձրացնել վնասվածքների մասին բնակչության իրազեկվածությունը և հասարակությանը կրթել տրավմատիկ միջադեպերի և դրանցից հետո հետտրավմատիկ խնդիրների դեմ պայքարի ուղիների մասին:
Oրվա խորհուրդն է՝ ուշադրություն հրավիրել վնասվածքների տարբեր ձևերի վրա, որոնց կարող են բախվել մարդիկ՝ լինեն դրանք դժբախտ պատահարներ, բնական աղետներ, բռնություն կամ վիրավորումներ: Այս տարվա թեման է` «Աշխատանքային տրավմատիզմ. Կանխարգելում և վարում», այն նվիրված է տրավմաների նվազեցմանը և կանխարգելմանը, որոնցից կարելի է խուսափել և որոնք տեղի են ունենում տարբեր պայմաններում, այդ թվում աշխատանքային միջավայրում:
Իսկ դուք գիտեի՞ք, որ տրավմատիկ վնասվածքները 45 տարեկանից ցածր մարդկանց շրջանում ավելի հաճախ են մահվան պատճառ դառնում, քան մալարիան, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը և տուբերկուլյոզը: Ավելին, ամբողջ աշխարհում մահվան դեպքերի ավելի քան 9%-ը պայմանավորված է տրավմատիկ վնասվածքներով:
Տրավմատիզմի դեմ պայքարի համաշխարհային օրն անցկացվող միջոցառումներն ուղղված են այս ցուցանիշների նվազեցմանը:
Տրավմատիզմի դեմ պայքարի համաշխարհային օրը սահմանվել է Հնդկաստանի Նյու Դելի քաղաքում 2011 թվականին: Խոշոր ավտովթարների պատճառով այդ ժամանակ օրական 400-ից ավելի մարդ էր զոհվում Հնդկաստանում: Այդ օրը սահմանվել է վնասվածքների և մահացության, ինչպես նաև երկրում և ամբողջ աշխարհում տրավմատիկ միջադեպերի հետևանքները նվազեցնելու համար: Ճանապարհատրանսպորտային պատահարները համարվում են տրավմատիկ իրադարձությունների ամենատարածված պատճառներից մեկն ամբողջ աշխարհում: Դրանց հաջորդում են տրավմատիկ իրադարձություններ՝ կապված ռազմական գործողությունների, ընտանեկան բռնության և սեռական ոտնձգությունների հետ: Այս փորձառությունները, եթե պատշաճ կերպով չկարգավորվեն, կարող են նպաստել տուժողների մոտ հետտրավմատիկ սթրեսային խանգարման (PTSD)` ազդելով մարդու կյանքի որակի վրա:
Հնարավոր տրավմատիկ իրադարձությունից հետո ընտանիքի, ընկերների կամ շրջապատի այլ մարդկանց կողմից աջակցություն զգալը կարող է նվազեցնել հիվանդության զարգացման ռիսկը: Ի դեպ կանանց մոտ ավելի հաճախ են արձանագրվում հետտրավմատիկ սթրեսային խանգարման դեպքեր, քան տղամարդկանց:
Ամբողջ աշխարհում մարդկանց գրեթե 70%-ը կյանքի ընթացքում բախվում է պոտենցիալ տրավմատիկ իրադարձության, բայց միայն փոքրամասնության մոտ է (5,6%) հետագայում զարգանում հետտրավմատիկ սթրեսային խանգարում: Ենթադրվում է, որ աշխարհի բնակչության 3.9%-ը կյանքի ինչ-որ պահի բախվել է hետտրավմատիկ սթրեսային խանգարման հետ: Հիվանդության զարգացման հավանականությունը տատանվում է` կախված տրավմատիկ իրադարձության տեսակից: Օրինակ, հիվանդացությունը ավելի քան երեք անգամ (15,3%) բարձր է բռնի հակամարտության կամ պատերազմի ենթարկված մարդկանց շրջանում, նաև այն հատկապես բարձր է սեռական բռնությունից հետո:
Հետտրավմատիկ սթրեսային խանգարում ունեցող մարդկանց մինչև 40%-ը վերականգնվում է մեկ տարվա ընթացքում: Նման դեպքերի համար կան բազմաթիվ արդյունավետ բուժումներ, սակայն ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում խնդիր ունեցող յուրաքանչյուր 4-ից միայն 1-ն է դիմում բուժօգնության:
Առողջապահական ծառայությունների խոչընդոտները ներառում են անբավարար տեղեկացվածություն այն մասին, որ տվյալ հիվանդությունը բուժելի է, հոգեկան առողջության ծառայությունների անհասանելիությունը, սոցիալական խարանը և հոգեկան առողջության որակյալ մասնագետների պակասը: