Զարկ տալով մանկաբուժության զարգացմանը

 Զարկ տալով մանկաբուժության զարգացմանը

AP-HP Փարիզի համալսարանական հիվանդանոցների խմբի և Փարիզ-Սակլե համալսարանից (Université Paris-Saclay) են ԵՊԲՀ այսօրվա հյուրերը։ Հագեցած այցի նպատակը ԵՊԲՀ Մանկաբուժության դպրոցի զարգացմանը զարկ տալն է։

Նախատեսվում է եռակողմ համաձայնագրի կնքում, ինչպես նաև գործակցություն՝ ուղղված ծրագրային զարգացմանը, ուսանողների, կլինիկական օրդինատորների և ակադեմիական անձնակազմի փոխանակային ծրագրերի իրականացմանը։

Հյուրերին՝ բժիշկ, AP-HP հիվանդանոցների խմբի միջազգային հարաբերությունների ղեկավար Ֆլորանս Վեբերին և Փարիզ-Սակլե համալսարանի մանկաբուժության կրթական ծրագրի պատասխանատու, բժշկության ֆակուլտետի միջազգային հարաբերությունների և Եվրոպայի գծով փոխդեկան, պրոֆեսոր Ագնես Լինգլարին, «Մուրացան» համալսարանական հիվանդանոց այցի ընթացքում ուղեկցում էին Փարիզի Եվրոպական Ժորժ Պոմպիդու հիվանդանոցի սիրտանոթային վիրաբույժ, ԵՊԲՀ այցելող պրոֆեսոր Լևոն Խաչատրյանը, ԵՊԲՀ միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանը, Զարգացման և մարքեթինգի գծով պրոռեկտոր Խաչատուր Մարգարյանը, «Մուրացան» համալիրի գլխավոր բժիշկ Թագուհի Ստեփանյանը, ԵՊԲՀ Մանկաբուժության դպրոցի ղեկավար Հռիփսիմե Ապրեսյանը և մյուս կլինիկաների ղեկավարները։

Արտերկրի մասնագետների այցը մեկնարկեց Նորածնային և մանկական վերակենդանացման, թունաբանության և անեսթեզիոլոգիայի կլինիկայից, որտեղ ղեկավար, նեոնատոլոգիայի ամբիոնի դասախոս Հրանտ Կալենտերյանը մանրամասն խոսեց ծառայության աշխատանքի մասին:

Մանկական վիրաբուժության կլինիկայի ղեկավար Նիկոլայ Դալլաքյանը և նույն կլինիկայի բժիշկ Դավիթ Դալլաքյանը  ներկայացրին նորածիններին կատարվող բարդ վիրահատական միջամտությունները։

Ֆրանսիացի գործընկերներին բազմաթիվ հարցեր էին հետաքրքրում՝ սկսած պացիենտների դիմելիությունից մինչև բուժօգնության կազմակերպմանը վերաբերող մանրամասներ, ընթացակարգեր։

Հաջորդիվ նրանք այցելեցին Էնդոկրինոլոգիայի կլինիկա, որտեղ ղեկավար պրոֆեսոր Ելենա Աղաջանովան ներկայացրեց կլինիկայի և մանկական էնդոկրին դիսպանսերային ծառայության աշխատանքը, պացիենտների վարման ընթացքը, կլինիկայի կազմում գործող դիաբետի դպրոցի ծրագրերը։

Համալսարանական հիվանդանոցում այցը եզրափակվեց «Նոր բուժական ռազմավարությունները մանկական էնդոկրինոլոգիայում» թեմայով դասախոսությամբ, որը բուժանձնակազմի և սովորողների համար ներկայացրեց Ագնես Լինգլարը։

Նա մասնագիտացած է դիաբետի և հազվադեպ հիվանդությունների ոլորտում։ Անդրադառնալով Ֆրանսիայում իր մասնագիտական գործունեությանը՝ մասնագետը պատասխանեց մասնակիցների հարցերին։

Ամփոփելով՝ Թագուհի Ստեփանյանը շնորհակալություն հայտնեց մանկական բուժհաստատություն կատարած բովանդակալից այցի համար և հույս հայտնեց, որ սկիզբ դրված գործակցությունը կընդլայնվի ու կլինի շարունակական։