«Հերացի» վերլուծականը շարունակում է հրապարակումները` նվիրված առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններին: Այսօրվա նյութը վերաբերվում է զարկերակային գերճնշմանը:
Տարբերում են առաջնային (էսենցիալ) գերճնշում (գերճնշումային հիվանդություն), որը զարգանում է որպես ինքնուրույն քրոնիկ հիվանդություն, և երկրորդային (սիմպտոմատիկ) գերճնշում: Երկրորդային է համարվում ԶԳ-ը, որը հանդիսանում է այլ ախտաբանական գործընթացի կամ վիճակի հետևանք (օրինակ, երիկամների հիվանդությունների, ներզատական, նյարդային համակարգի հիվանդությունների հետևանք): 90-95% դեպքերում ախտորոշվում է առաջնային գերճնշում: Հիպերտոնիան ախտորոշվում է, երբ երկու տարբեր օրերի ընթացքում չափելու արդյունքում, սիստոլիկ զարկերակային ճնշման ցուցանիշները երկու օրն էլ եղել են ≥140 մմ սնդիկի սյուն և/կամ դիաստոլիկ արյան ճնշման ցուցանիշները երկու օրում էլ եղել են ≥90 մմ սնդիկի սյուն:
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, աշխարհում 30-79 տարեկան շուրջ 1.28 միլիարդ մարդ ունի այս հիվանդությունը: Դեռ ավելին, ըստ կանխատեսումների մինչև 2025 թվականը պացիենտների թիվը կարող է աճել մինչև 1,5 միլիարդ: Վերջին տարիներին նկատվում է զարկերակային գերճնշման տարածվածության արագ աճ՝ պայմանավորված ուրբանիզացիայով, բնակչության ծերացմամբ, հիվանդության զարգացմանը նպաստող ռիսկի գործոնների տարածվածության ավելացմամբ:
Մտահոգիչ է, որ ինչպես բազմաթիվ երկրներում, այնպես էլ Հայաստանում մարդկանցից շատերը՝ շուրջ 46%, տեղյակ չեն իրենց մոտ զարկերակային գերճնշման մասին: Պացիենտների ընդամենը 42% է ախտորոշված և ստանում է կանոնավոր բուժում, իսկ 20%-ի մոտ զարկերակային գերճնշումը չի կառավարվում:
Կարևոր է հիշել, որ զարկերակային գերճնշումն ընթանում է անախտանիշ, այդ պատճառով անհրաժեշտ է այն պարբերաբար չափել: Այդ նպատակով, դեռևս 2015 թվականից Հայաստանում իրականացվում է զարկերակային գերճնշման հայտնաբերմանն ուղղված զանգվածային քրինինգային ծրագիր, որի շրջանակներում մարդիկ կարող են այցելել իրեն սպասարկող ԱԱՊ հաստատություն և անցնել համապատասխան հետազոտություններ:
Համաձայն վիճակագրական տվյալների՝ 2022 թվականին զարկերակային գերճնշման հետևանքով մահացել է 333 մարդ, որն ավելի քան երկու անգամ քիչ է, քան 2015 թվականին՝ 700, սակայն վերոնշյալ տվյալներին պետք է մոտենալ որոշակի զգուշությամբ, քանի որ 2022 թվականին նախորդող երեք տարիների միջին ցուցանիշը կազմում է 1042 և նման կտրուկ անկումը կարող է պայմանավորված լինել այլ հանգամանքներով:
Կյանքում առաջին անգամ ախտորոշված արյան գերճնշումային հիվանդության դեպքերը 2022 թվականին կազմել են 26498, որը 6%-ով ավելին է, քան 2015 թվականին: Հարկ է նշել, որ հիվանդությունը հավասարապես ախտահարում է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց:
Այն առավել տարածված է Արմավիրում՝ 2589.3 նոր դեպք 100.000 բնակչի հաշվով և Շիրակում՝ 2035.8 նոր դեպք 100.000 բնակչի հաշվով: Առավել քիչ է ախտորոշվում Սյունիքում՝ 638.2 նոր դեպք 100.000 բնակչի հաշվով և Երևանում՝ 759.2 նոր դեպք 100.000 բնակչի հաշվով:
Նոր ախտորոշված պացիենտների գերակշիռ մասը՝ 94%-ը, 40 և բարձր տարիքային խմբի են:
Գերճնշումային հիվանդություն ունեցող ընդհանուր գրանցված պացիենտների թիվը տարեվերջին կազմել է 150.542, որը որոշակի տարբերվում է դիսպանսերային հսկողության տակ գտնվող պացիենտների թվից, ինչը ևս մեկ անուղղակի ցուցիչ է, որ բազմաթիվ քաղաքացիներ դուրս են մնում առողջապահության համակարգի ուշադրությունից: Այսպես, 2022 թվականի տարեվերջին 15 տարեկան եվ բարձր տարիքի զարկերակային գերճնշում ունեցող պացիենտների թիվը եղել է 120054՝ 23%-ով ավելին քան 2015 թվականին:
Հաշվի առնելով հիվանդության տարածվածությունը և բարձր մահացությունը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանվել է թիրախ՝ կրճատել տարածվածությունը 33%-ով մինչև 2030 թվականը:
Զարկերակային գերճնշումը խիստ բարձրացնում է սրտամկանի սուր ինֆարկտի, քրոնիկական սրտային անբավարարության, ուղեղի կաթվածի, քրոնիկական երիկամային անբավարարության, ծայրամասային զարկերակների հիվանդությունների ռիսկը: Սրտամկանի ինֆարկտի կառավարելի ոիսկի գործոնների շարքում այն զիջում է միայն ծխելուն:
Հիվանդությանը նպաստող ռիսկի գործոնների շարքին են պատկանում. ժառանգական գործոնը, տարիքը, ծխելը, ավելցուկային քաշը և ճարպակալումը, ալկոհոլի չարաշահումը, ցածր ֆիզիկական ակտիվությունը, սննդակարգում հավելյալ քանակի աղի առկայությունը, շաքարային դիաբետը, սթրեսը, հոգեկան գերլարվածությունը և այլն:
Հիվանդության առաջնային կանխարգելումը ուղղված է վերոնշյալ ռիսկի գործոնների վերացմանը` չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածություն, քիչ աղ և խոլեստերին պարունակող սնունդ, վնասակար սովորություններից հրաժարվելը:
Չափազանց մեծ նշանակություն ունի զարկերակային գերճնշման վաղաժամ հայտնաբերումը, որը պետք է տեղի ունենա պարբերաբար սքրինինգային հետազոտությունների իրականացման, ինչպես նաև զարկերակային ճնշման ինքնուրույն կանոնավոր չափումների միջոցով:
Բուժման ժամանակ կարևոր է ոչ միայն զարկերակային ճնշման իջեցումը, այլ նաև հնարավոր բարդությունների ռիսկի նվազումը: ԳՀ-ն վերահսկումը պահանջում է հիվանդի կենսակերպի փոփոխություները, բժշկի հետ նրա համատեղ ջանքերը` ընդհանուր նպատակին հասնելու համար: Հիվանդության արդյունավետ վերահսկման շնորհիվ հնարավոր է դադարեցնել դրա զարգացումը և բարդությունների առաջացումը: