«Բժիշկը որպես հումանիստ». դպրոցականների այցը ԵՊԲՀ թանգարան նոր շեշտադրում ունի

«Բժիշկը որպես հումանիստ». դպրոցականների այցը ԵՊԲՀ թանգարան նոր շեշտադրում ունի

Այս ուսումնական տարվա սկզբից ԵՊԲՀ թանգարան արդեն այցելել է ավելի քան 800 դպրոցական: Նոր նախաձեռնությամբ հանդես գալով` բժշկական բուհը նպատակ ունի աշակերտներին կողմնորոշել դեպի բժշկակենսաբանական ոլորտ, դեպի բժշկություն` ծանոթացումը սկսելով  թանգարանից:

Ձևավորված ավանդույթի համաձայն՝ յուրաքանչյուր խումբ այցը սկսում է հանուն հայրենիքի կյանքը զոհած հերացիականների հիշատակը հավերժացնող հուշատախտակի առաջ ծաղիկների խոնարհումից:

2021 թվականին լիովին արդիականացումից ու վերակառուցումից հետո այցելուներին առավել տեսանելի էին թանգարանի երեք սրահները, իսկ չորրորդ սրահը, որը հատուկ նշանակության է`  ամբողջովին նվիրված ռազմական բժշկության պատմությանը, նորովի կներկայանա մեծ ու փոքր այցելուներին:

«Թանգարանը մեր ժառանգությունն  է, որը ներկայացնելն այցելուներին կարևոր առաքելություն է: Բժշկությունը, բացի պրոֆեսիոնալիզմից, չեմ չափազանցնի ասել, որ հոգևոր  դաշտից հետո մարդուն, մարդկությանը ամենամոտ կանգնած մասնագիտություններից է: Շատ բժիշկներ, անկախ քաղաքական պատկանելությունից, ռասայից, պատերազմական իրավիճակներում կլինի թշնամի, թե` մտերիմ հումանիստական մոտեցում են ցուցաբերել»,- նախաձեռնության ակունքները ներկայացնելով նշում է ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը:

Թանգարանի հիմնական այցեուները ինչպես պետական, այնպես էլ մասնավոր դպրոցներից, քոլեջներից են, որոնց հետ հնարավորության դեպքում հանդիպում է նաև պրոռեկտորը:

Ռազմական սրահում, որը հագեցվել է Ռազմաբժշկական ֆակուլտետի ջանքերով, և որտեղ ներկայացված ցուցանմուշները վերաբերում են ինչպես Հայրենական Մեծ, Արցախյան առաջին, այնպես էլ քառօրյա, 44-օրյա պատերազմներին:  

 «Եթե նախկինում մենք նպատակ ունեինք պատանի այցելուներին պարզապես ծանոթացնել բժշկագիտության պատմությանը, ապա այժմ երկրորդ շեշտը դրվում է՝ բժիշկը որպես հումանիստ գաղափարախոսության վրա, որովհետև բազմաթիվ են այն օրինակները, երբ մեր բժիշկները` մերօրյա հերոսները,  մասնակցելով տարբեր ռազմական գործողությունների բարձր մասնագիտական և մարդկային սխրանքներ են դրսևորել: Այդ բուժաշխատողների գերակշիռ մասը բժշկական համալսարանի շրջանավարտներ են եղել»- ընդգծում է Կոնստանտին Ենկոյանը:

Ռազմահայրենասիրական շեշտադրմամբ այցը բժշկական համալսարան հենց բուհի ղեկավարության առաջարկով վարում է  Ռազմաբժշկական կրթագիտական կենտրոնի հրավիրված մասնագետ Օֆելյա Գրիգորյանը:

ԵՊԲՀ այցն այս նախաձեռնության շրջանակում եռաբաղադրիչ է. մերօրյա հերոսների հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո աշակերտներն այցելում են  Ռազմաբժշկական ֆակուլտետի թանգարան, որն առավելապես նվիրված է Արցախյան առաջին պատերազմին, այնուհետև շարունակում շրջայցը Բժշկության պատմության թանգարանում:

«Ինձ համար անակնկալ էր և անչափելի ոգոևորություն, հուզմունք, որ մեր այցելուները շատ հետաքրքրված են իրենց փոխանցվող տեղեկատվությամբ: Պատահական չէ, որ թանգարանում կա տպավորությունների գիրք, որտեղ ավարտին բոլոր ցանկացողները հնարավորություն ունեն գրառում կատարելու և մենք անպայման ուշադրություն ենք դարձնում բոլոր այն առաջարկություններին, որոնք ներկայացվում են գրքում»,- ասում է տիկին Օֆելյան` հավելելով, որ հուշատախտակի, հերոսներին նվիրված պատի առաջ չկա մի դեպք, երբ պատանի այցելուներին ծանոթ չլինի այդ անվանացանկից անմահացած մի անուն, մի հերոսացած հերացիական:

Պատմություններով, դիպուկ մեջբերումներով, թեմային տիրապետելու խորությամբ է  նա աշակերտներին ծանոթացնում թանգարանի ազատամարտիկներին նվիրված այս սրահի նշանակությանն ու իմաստին` կարևորելով Արցախյան երեք պատերազմների ընթացքում սպիտակ բանակի ունեցած մեծ ներդրմանը վերաբերող մասնակիցների հարցադրումները:

Օֆելյա Գրիգորյանը նկատում է՝ այս այցերը միայն բժշկության մասին չեն, այլ   անհատների պատմությունների, ճակատագրերի, սխրանքների:

Դեկտեմբերից նախատեսվում են հանդիպումներ պատերազմի մասնակից բժիշկների հետ, որը կլրացնի ու առավել ինտերակտիվ կդարձնի ուսուցողական էքսկուրսիաները:

Զուգահեռ մյուս երեք սրահում ԵՊԲՀ թանգարանի երկու աշխատակցի` Նարինե Ղազարյանի և Քնարիկ Գարասեֆերյանի ուղեկցությամբ օրական շուրջ երեք խումբ է դիմավորում բժշկագիտության  պատմությունն ամփոփող համալսարանական այս ստորաբաժանումը:

Վերաբացումից հետո Կորյունի 2 հասցեում գտնվող թանգարանն ընդունել է շուրջ 3000-ից այցելուի` այդ թվում այլ բուհերի, միջին մասնագիտական հաստատությունների, սովորողների, բժշկագիտության պատմությամբ հետաքրքրվողների, պարզապես անցորդների:

Նշենք, որ կրթական հաստատությունների այցերը թանգարան կազմակերպելու համար նախապես պետք է պայմանավորվածություն ձեռք բերել` զանգահարելով 010 301 489 հեռախոսահամարով: