Նիկոլայ Կրասնիկովն այսօր կդառնար 78 տարեկան

Նիկոլայ Կրասնիկովն այսօր կդառնար 78 տարեկան

Բժշկական կենսաբանության ամբիոնի դոցենտ Նիկոլայ Կրասնիկովին բժշկական մայր բուհում չեն մոռանում: Շատ հերացիականների համար նա շարունակում է լինել պրֆոսիոնալ դասախոսի, լավ մասնագետի ու մարդու օրինակ:

 Այս տարի Բժշկական կենսաբանության ամբիոնում գործընկերներն առաջին անգամ Նիկոլայ Կրասնիկովի ծննդյան օրը կնշեն առանց նրա (մահացել է 2023 թվականի օգոստոսի 6-ին):

Բժշկական կենսաբանության ամբիոնի վարիչ Հռիփսիմե Մաթևոսյանը սիրով ու ջերմությամբ է հիշում Նիկոլայ Կրասնիկովին, նրա գործունեությունը ամբիոնում, պատասխանատվության խորը զգացումն ու նվիրվածությունը բարձր է գնահատում:

Նրա հետ աշխատելով տասնյակ տարիներ միայն պրոֆեսիոնալիզմ և մարդկային բարձր որակներ է տեսել, այս կարծիքին են նաև ամբիոնականները:

«Նիկոլայ Կրասնիկովը Բժշկական կենսաբանության ամբիոնում աշխատել է հինգ տասնամյակից ավելի, ես նրա հետ աշխատել եմ 1973 թվականից: Ծայրահեղ, աննկարագրելի պարտաճանաչ էր, 50 տարվա ընթացքում նա ոչ մի օր չի ուշացել, չի բացակայել: Մինչև կյանքի վերջին օրերին գալիս էր աշխատանքի, ասում էինք՝ վատ եք զգում, գնացեք, ասում էր՝ ոչ: Շատ պահանջկոտ էր, միշտ կոկիկ հագնված, չափի մեջ և դա պահանջում էր նաև ուսանողներից, ինչը շատերին հնարավոր է դուր չգար, բայց նա ուսուցանելու իր եղանակն ու մեթոդներն ուներ: Կոլեկտիվի հետ միշտ առողջ հարաբերությունների մեջ էր, չկար մարդ, ումից նեղանար: Չափազանց նվիրված էր իր ընտանիքին, կնոջը, երեխաներին, թոռներին, նա միշտ նստում էր իր սենյակում, չէր մասնակցում տարբեր խոսակցությունների, շատ զուսպ, խելացի, լավ դասախոս էր, մարդու լավ կերպար: Այսպիսի տպավորություն ունեն ամբիոնում բոլորը, սա բոլորիս կարծիքն է: Շատ ափսոս: Շատ է երևում նրա տեղը, նա շատ պրոֆեսիոնալ էր իր գործում»,-նշում է Բժշկական կենսաբանության ամբիոնի վարիչը` բոլոր ամբիոնականների, գործընկերների կողմից ակնածանքի խոսքեր հնչեցնելով Նիկոլայ Կրասնիկովի հիշատակին:

Բժշկական բուհում շրջանավարտների շատ սերունդներ նրան հիշում են հետաքրքիր և բովանդակալից դասախոսությունների շնորհիվ:

Նա 1964-1969թթ. կրթություն է ստացել Երևանի պետական համալսարանի կենսաբանական ֆակուլտետում, մասնագիտությունը՝ կենսաբանություն, քիմիա, նեղ մասնագիտացումը՝ մարդու և կենդանիների ֆիզիոլոգիա, ապա 1969-1971թթ. ծառայել է բանակում:

1971-1972թթ. աշխատել է որպես ավագ լաբորանտ, այնուհետև որպես կրտսեր գիտաշխատող (1972-1992թթ․) բժշկական ինստիտուտի բժշկական կենսաբանության և գենետիկայի ամբիոնին կից գիտահետազոտական լաբորատորիայում:

1996թ. Բժշկական կենսաբանության և գենետիկայի ամբիոնի ասիստենտ էր, 1999 թվականից մինչև կյանքը վերջ Բժշկական կենսաբանության ամբիոնի դոցենտ էր:

Մանկավարժական աշխատանքին զուգահեռ Նիկոլայ Կրանսիկովի կյանքում մշտապես առանցքային է եղել գիտական գործունեությունը։

1992թ. նա ԵՊՀ-ում պաշտպանել է թեզ «Փորձարարական պայմաններում միոկարդի մետաբոլիկ վնասումների համուղղումը ինդոմետացինով» թեմայով:

ԵՊԲՀ դոցենտը հեղինակ էր 76 գիտական հոդվածի, 1 դասագրքի, 3 ուսումնամեթոդական ձեռնարկի, 2 պատենտի և 2 ռացիոնալիզատորական առաջարկի: 2005թ. երկարամյա ու անբասիր աշխատանքի համար պարգևատրվել էր բժշկական բուհի ոսկե մեդալով, իսկ 2010թ. արժանացել է արծաթե մեդալի:

Տարեդարձի առիթով, առաջարկում ենք վերընթերցել ԵՊԲՀ 100-ամյա հոբելյանին նվիրված «Բժշկի ուղին» ակնարկաշարի պարոն Կրասնիկովի մասին պատմող թողարկումը: