Ալբերտ Կապիկյան. «Մեր մեծերը»

Ալբերտ Կապիկյան. «Մեր մեծերը»

Որպես ազդեցիկ գիտնական, որպես մարզիկ և ֆորքբոլի (forkball) հիանալի գնդակ մատուցող, որպես արվեստի և հումանիտար գիտությունների սիրահար և որպես մեկը, ով գնահատում էր մարդկանց կյանքը բոլոր ոլորտներում, Ալբերտ Կապիկյանը կամ պարզապես Ալը, ինչպես նրան ընկերներն էին դիմում, հայտնի էր իր ավյունով, հետաքրքրասիրությամբ, ազնվությամբ, ջերմությամբ և ուրիշներին օգնելու ցանկությամբ: Նա ազդել է երիտասարդ գիտնականների երկու սերունդների վրա, որոնցից շատերը հետագայում կարևոր ներդրում են ունեցել վարակիչ հիվանդությունների հետազոտման և կանխարգելման գործում:

Ալբերտ Կապիկյանը ծնվել է Նյու Յորքում, 1930 թվականին, հայ ներգաղթյալների ընտանիքում, որոնք տեղափոխվել են Էլիս կղզի՝ փրկվելով ցեղասպանությունից: Ընտանիքն ապրել է Միացյալ Նահանգներում, որտեղ Ալբերտը, 1952 թվականին ավարտել է Քինգի քոլեջը, այնուհետև Քորնելի բժշկական քոլեջը՝ 1956 թվականին։  1957 թվականին Ալ Կապիկյանը լքում է Նյու Յորքը և սկսում աշխատել վարակիչ հիվանդությունների բնագավառի մասնագետների հետ Առողջապահության ազգային ինստիտուտում, երբ բջիջների մշակման տեխնոլոգիան նոր հորիզոններ բացեց վիրուսաբանության մեջ:

Ալբերտ Կապիկյան հայազգի վիրուսաբանը, ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտի առաջամարտիկը, բժշկական գիտությունների դոկտորը և պարզապես գիտնականը, գիտական գործունեությանը զուգահեռ, 45 տարի շարունակ ղեկավարել է ԱՄՆ Ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի վարակիչ հիվանդությունների լաբորատորիայի համաճարակաբանության բաժինը՝ մեծ ներդրում ունենալով հեպատիտ А-ի վիրուսի հայտնաբերման գործում։

Այդ ընթացքում նա հայտնաբերել է նորովիրուսը և երկարամյա աշխատանք տարել, որի արդյունքում ի հայտ եկավ առաջին արտոնագրված ռոտավիրուսային պատվաստանյութը:

Նրա հիմնարար և կլինիկական ուսումնասիրությունները, որոնք նպաստել են վիրուսների ուսումնասիրությանը և պատվաստանյութերի զարգացմանը, մեծ ազդեցություն են ունեցել:

Դոկտոր Կապիկյանը և նրա հետազոտական խումբը պարզել են ռոտավիրուսի փոխանցման մեխանիզմը, հայտնաբերել են վիրուսային սպիտակուցները, որոնք անհրաժեշտ են իմունային պատասխանը խթանելու համար և մշակել պատվաստանյութ, որը նախատեսված է ռոտավիրուսի մի քանի կարևոր շտամների դեմ: Այս ջանքերն ի վերջո հանգեցրին ԱՄՆ-ի Սննդի և դեղերի վարչության կողմից 1998 թվականին առաջին ռոտավիրուսային պատվաստանյութի մշակմանը, փորձարկմանն ու հաստատմանը:

Բժիշկ Կապիկյանին հաճախ անվանում էին գաստրոէնտերիտի վիրուսի հետազոտության հայր: 1973 թվականին բժիշկն ու նրա գործընկերները հայտնաբերել են Հեպատիտ Ա վիրուսը: Նա նաև ԱՄՆ-ում առաջին գիտնականն էր, որը հայտնաբերել էր մարդու ռոտավիրուսը (նորածինների մոտ ծանր լուծի ամենատարածված պատճառը):

Ալբերտ Կապիկյանի դերն անգնահատելի է իմունականխարգելման զարգացման գործընթացում։ Հայ վիրուսաբանի բազմամյա աշխատանքի արդյունքում են հայտնաբերվել ռոտավիրուսը, մարդու գաստրոէնտերիտի վիրուսը և Norwalk վիրուսը։

Բժշկության զարգացման մեջ իր ունեցած մեծ ավանդի համար Կապիկյանը պարգևատրվել է Սեյբինի անվան Պատվաստանյութերի ինստիտուտի կողմից ամեն տարի շնորհվող ոսկե մեդալով` դառնալով 13-րդ մրցանակակիրը։

Ալբերտ Կապիկյանի մահով (2014թ. փետրվարի 24-ին, 83 տարեկան) վարակաբանների համայնքը կորցրեց արժեքավոր գործընկերոջ, իսկ աշխարհը՝ խոշոր գիտաշխատողի, որն իր ներդրումն ունեցավ 20-րդ դարի կեսերի վիրուսային հիվանդությունների հայտնաբերման մեծ դարաշրջանում: