Առողջությունը որակյալ և լիարժեք կյանքի հիմնասյունն է, իսկ դրա պահպանումը՝ կարևորագույն ներդրում ապագայի բարեկեցության ապահովման գործում։ Մարդը ծնված օրվանից ստանում է առողջությամբ լիցքավորված մարտկոց, որի սպառման տևողությունը ընտրում է ինքը:
Առողջ ապրելակերպի սկզբունքներին հետևելը, ներառյալ հավասարակշռված սնունդը, կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը և վնասակար սովորություններից հրաժարումը, նպաստում է այդ մարտկոցի երկար օգտագործմանը, առողջությանը և երկարակեցությանը։
Ամեն տարի՝ ապրիլի 7-ին, համաշխարհային բժշկական հանրությունը նշում է Առողջության համաշխարհային օրը, որը համընկնում է 1948 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հիմնադրման հետ։
Այս օրը կազմակերպվում են տարբեր տեղեկատվական արշավներ և նախաձեռնություններ, որոնց նպատակն է` բարձրացնել հասարակության իրազեկվածությունը առողջության կենսական նշանակության խնդիրների և առողջ ապրելակերպի սկզբունքների վերաբերյալ։
Այս միջոցառումների շրջանակում քննարկվում են առողջապահական ոլորտի հրատապ հարցերը, մշակվում դրանց լուծման ռազմավարություններ, ինչպես նաև սահմանվում բժշկական կազմակերպությունների գործունեության առաջնահերթությունները։
«Հերացի» վերլուծականի փոխանցմամբ` 2025 թվականին Առողջության համաշխարհային օրվա գլխավոր կարգախոսն է` «Առողջ սկիզբ՝ հուսալի ապագա», որն ընդգծում է մայրերի առողջության և երեխայի վաղ մանկական շրջանում առողջ զարգացման կարևորությունը որպես ընտանիքի և հասարակության բարեկեցության հիմնաքարեր։
Այս առիթով կմեկնարկի մեկամյա տեղեկատվական արշավ, որն ուղղված է լինելու մայրերի և նորածին երեխաների առողջության պահպանմանն ու բարելավմանը։
ԱՀԿ տվյալների համաձայն, հղիության կամ ծննդաբերության հետ կապված բարդությունների պատճառով ամեն տարի շուրջ 300 000 կին է մահանում (յուրաքանչյուր 2 րոպեում՝ 1 մահ)։ Այս մահերի 94%-ը տեղի է ունենում ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում։
Հայաստանում մայրական մահացության 2021-2023թթ․ եռամյա միջին ցուցանիշը կազմել է 25.5/100 000 կենդանի ծննդի հաշվով, սակայն գյուղական բնակավայրերում շարունակում են պահպանվել բժշկական օգնության հասանելիության հետ կապված խնդիրներ։
Ամեն տարի ավելի քան 2.3 միլիոն նորածին մահանում է կյանքի առաջին ամսում (օրական՝ 6,700 դեպք), իսկ 2 միլիոն երեխաներ ծնվում են մահացած (The Lancet, 2023)։ Այս դեպքերը կազմում են մինչև հինգ տարեկան երեխաների մահերի 47%-ը։ Մանկական մահացության ամենաբարձր ցուցանիշները գրանցվում են Սահարայից դեպի հարավ գտնվող Աֆրիկայում և Հարավային Ասիայում։ 2023 թվականին աշխարհում մանկական մահացության առավելագույն ցուցանիշը (103․1 մահ 1 000 կենդանի ծնվածների հաշվով) արձանագրվել է Աֆղանստանում։
Հայաստանում 2023 թվականին մանկական մահացության ցուցանիշը կազմել է 9.4/ 1,000 կենդանի ծնվածների հաշվով։
Մայրական մահացության հիմնական պատճառներն են արյունահոսությունը, հղիության ընթացքում առաջացած վարակները և հղիության ժամանակ բարդացող հիվանդությունները։
Մանկական մահացության հիմնական պատճառները ներառում են՝
Այս դեպքերի մեծ մասը հնարավոր է կանխել ժամանակին և որակյալ բժշկական օգնության ցուցաբերման միջոցով։ Մայրերն ու երեխաները բախվում են ոչ միայն հղիության և ծննդաբերության անմիջական բարդություններին, այլև նաև ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ), հոգեկան խանգարումների և ընտանիքի պլանավորման հետ կապված խնդիրներին։ Ժամանակակից աշխարհում, որտեղ ոչ վարակիչ հիվանդությունները (ՈՎՀ) կազմում են մահացության 74%-ը (ԱՀԿ, 2024), իսկ Հայաստանում այս ցուցանիշը հասնում է 93%-ի, վաղ կանխարգելման միջացառումների վրա կենտրոնանալը կարևոր նշանակություն ունի բնակչության առողջության պահպանման համար։
Կյանքի վաղ փուլերը, սկսած ներարգանդային զարգացման շրջանից, վճռորոշ ազդեցություն են ունենում մարդու ապագա առողջության վրա։
ԱՀԿ-ի գլոբալ գնահատականներով, 2019 թվականին հղի կանանց 36.5%-ը (32 միլիոն հղի կին) ունեցել է սակավարյունություն։ Հայաստանում այս ցուցանիշը կազմել է 18.1%։ Հղիության ընթացքում երկաթի դեֆիցիտը կարող է հանգեցնել պտղի աճի հապաղման, ինչպես նաև երեխայի մոտ ճանաչողական խանգարումների առաջացման։ Սակավարյունություն ունեցող մայրերից ծնված երեխաները 1.8 անգամ ավելի հաճախ են ունենում ցածր ծննդյան քաշ։
Ըստ ԱՀԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի 2020 թվականի գնահատականների, աշխարհում կենդանի ծնված երեխաների 14.6%-ը (20 միլիոն նորածին) ծնվել է ցածր քաշով։ Հայաստանում ցածր քաշով ծնված երեխաների ցուցանիշը կազմել է 9%։
Վաղաժամ ծննդաբերությունը և սակավարյունությունը ցածր քաշի հիմնական պատճառներից են։ 2020 թվականին աշխարհի նորածինների 11.7%-ը (13.4 միլիոն) ծնվել է վաղաժամ, իսկ Հայաստանում վաղաժամ ծննդաբերության ցուցանիշը կազմել է 10-11%։
Երեխաների թերսնուցումը խոչընդոտում է նրանց բնականոն աճին և զարգացմանը։ 2022 թվականին մինչև հինգ տարեկան երեխաների 22.3%-ը (149 միլիոն) ունեցել է աճի դանդաղում։ Բացի այդ, թերսնուցումը հանդիսանում է մինչև հինգ տարեկան երեխաների մահերի 45%-ի հիմնական ռիսկի գործոնը (ԱՀԿ, 2024)։
Հղիության ընթացքում սակավարյունություն ունեցող կանանցից, վաղաժամ ծնված և աճի դանդաղում ունեցող երեխաները հաճախ ունենում են թերզարգացած օրգաններ, ինչը բարձրացնում է նրանց նախատրամադրվածությունը մետաբոլիկ հիվանդությունների (օրինակ՝ 2-րդ տիպի դիաբետի, ճարպակալման), զարկերակային գերճնշման և սիրտանոթային հիվանդությունների նկատմամբ։
Մոտ 10–20% (1.5–3 միլիոն) վաղաժամ ծնված երեխաների մոտ արձանագրվում է թոքերի նշանակալի թերզարգացվածություն, որը կարող է հանգեցնել շնչառական դիսթրես համախտանիշի և բրոնխաթոքային դիսպլազիայի։
Օդի աղտոտվածությունը ևս ազդում է նորածինների թոքերի զարգացման վրա։ Աղտոտված օդում առկա PM2.5, PM10, NO₂ և O₃ նյութերը կարող են դանդաղեցնել թոքերի զարգացումը ինչպես ներարգանդային, այնպես էլ հետծննդյան փուլերում։ PM2.5 մասնիկների և NO₂-ի երկարատև ազդեցությունը հանգեցնում է թոքային ֆունկցիայի նվազմանը՝ տարեկան 4.9–10 մլ արագությամբ՝ յուրաքանչյուր 10 մկգ/մ³ աղտոտվածության մակարդակի բարձրացման դեպքում։
ԱՀԿ-ն սահմանել է մի քանի առաջնահերթ միջոցառումներ, որոնք կարող են նվազեցնել մանկական և մայրական հիվանդացության և մահացության մակարդակը՝
Նշենք, որ մեր երկրում ապրիլի 7-ին նշվում է Մայրության և գեղեցկության տոնը, որն ըստ Հայ առաքելական եկեղեցու տոնացույցի ապրիլի 7-ը Սուրբ Աստվածածնի Ավետման օրն է։