Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անցկացվեց աշխատանքային հանդիպում ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանի, ԵՊԲՀ պատվավոր պրոֆեսոր, Թվային բժշկության և արհեստական բանականության ամբիոնի վարիչ, ԱՄՆ Կալիֆորնիայի Cedars-Sinai բժշկական համալսարանի օնկոբիոբանկավորման գիտական տնօրեն Կարինե Սարգսյանի և ԱՀԿ Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալության (IARC) Լաբորատոր ծառայության և բիոբանկի խմբի ղեկավար Զիսիս Կոզլակիդիսի միջև։
Հանդիպմանը ներկա էին նաև բուհի Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լարիսա Ավետիսյանը, Գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը և Զարգացման և մարքեթինգի գծով պրոռեկտոր Խաչատուր Մարգարյանը։
Նշենք, որ 2024 թվականին Շվեյցարիայում լույս էր տեսել «Բժշկության թվայնացումը ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում» (“Digitalization of Medicine in Low- and Middle-Income Countries”) գիրքը, որի համահեղինակներն են Արմեն Մուրադյանը, Կարինե Սարգսյանը և Զիսիս Կոզլակիդիսը։
Բաց հասանելիությամբ այս ձեռնարկում նկարագրվում է, թե ինչու է անհրաժեշտ բժշկական ծառայությունների թվայնացումը և թվայնացման որ մակարդակն է հնարավոր ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում:
Ստեղծելով ընդհանուր թվային առողջապահության ընթացիկ միտումների և հեռանկարների ամուր հիմք՝ գրքի շնորհիվ ընթերցողները կարող են ստանալ տեղեկատվական պատկեր, թե ինչպես է թվային առողջապահությունը հարմարեցվել ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների տարբեր համատեքստերում՝ նպաստելով ազդեցիկ հաջողության պատմությունների ստեղծմանը:
Հատկանշական է, որ լույս տեսնելուց կարճ ժամանակ անց աշխատությունը Springer Nature International հանրահայտ հրատարակչության ամենակարդացվող (bestseller) գիրքն էր։
Բոլորովին վերջերս պրոֆեսոր Կարինե Սարգսյանը, որը ղեկավարում է բժշկական բուհի Թվային բժշկության և արհեստական բանականության ամբիոնը, միաձայն ընտրվեց Նոբելյան մրցանակի դափնեկիր Մոլեկուլային ախտորոշիչ մատնահետքերի կենտրոնի (CMF – Center for Molecular Fingerprinting) Գիտական խորհրդատվական խորհրդի (Scientific Advisory Board) նախագահ։
Նրա փոխանցմամբ՝ բժշկական բուհի Թվային բժշկության և արհեստական բանականության և Բժշկական գենետիկայի ամբիոնները պատրաստվում են համակարգչային մոդելավորման (in silico modelling) միջոցով ստեղծել թվային և մոլեկուլյար երկվորյակներ, որոնք կնպաստեն ոչ վարակիչ հիվանդությունների ախտորոշման և կանխատեսման բարելավմանը։ «Տարածաշրջանի ոչ մի երկրում բժշկագիտության այս ուղղությամբ լայնածավալ աշխատանքներ չեն կատարվում։ Երկրի մասշտաբով սա նշանակում է անհատականացված մոտեցում բոլոր հիվանդություններին։ Օրինակ՝ օնկոլոգիայի ոլորտում մեր երկրում կիրառվում են միջազգային չափանիշների վրա հիմնված արդյունավետ բուժման մեթոդներ, բայց անհատականացված մոտեցման դեպքում, օգտագործելով թվային և մոլեկուլյար երկվորյակներին, բուժման արդյունավետությունը կբարձրանա 50%-ով», – ընդգծեց Կարինե Սարգսյանը։
Պրոֆեսորի խոսքով՝ այս ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն Ախտաբանության և Ճառագայթային ախտորոշման ամբիոնների հետ՝ ի նպաստ թվային և կլինիկական ախտորոշման որակի բարելավման։
«Թվային և մոլեկուլյար երկվորյակների հարստացման ու զարգացման շնորհիվ վաղ ախտորոշման հնարավորություն կունենանք, ինչն էլ հենց կնպաստի ավելի ճշգրիտ և արդյունավետ բուժմանը», – շեշտեց Կարինե Սարգսյանը՝ հավելելով, որ նորաստեղծ ամբիոնի շրջանակում կշարունակեն ներդրվել բոլոր ջանքերը Հայաստանում բժշկագիտության առաջընթացին միտված մյուս խոշոր նախագծերի իրականացման նպատակով։