Հուլիսի 28-ը նշվում է որպես հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օր` նպատակ ունենալով բարձրացնելու իրազեկվածությունը հեպատիտների վերաբերյալ: Այս տարվա հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվա կարգախոսն է՝ «Հեպատիտ. եկեք վերացնենք», որը կոչ է անհապաղ քայլեր ձեռնարկելու ֆինանսական, սոցիալական և համակարգային խոչընդոտները վերացնելու համար, ներառյալ նաև խարանը, որոնք հանդիպում են հեպատիտների վերացման ճանապարհին:
Չնայած կանխարգելելի և բուժելի լինելուն՝ քրոնիկ հեպատիտները դեռևս մարտահրավերային հիվանդություններ են՝ հանգեցնելով առողջապահական մեծ բեռի: Ուստի, այս արշավը ընդգծում է հեպատիտների դեմ պայքարի գործողությունների՝ պատվաստումների, անվտանգ ներարկումների, բուժաշխատողների մասնագիտական վնասվածքների նվազեցման, թեստավորման և բուժման պարզեցման, ընդլայնման և ինտեգրման անհրաժեշտությունը ազգային առողջապահական համակարգերում՝ նպատակ ունենալով վերացնել հեպատիտը որպես հանրային առողջության խնդիր մինչև 2030թ.:
Հիշեցնենք, որ հեպատիտը լյարդի բորբոքում է, որի պատճառ կարող են լինել տարբեր վարակիչ և ոչ վարակիչ գործոններ՝ հանգեցնելով մի շարք առողջական խնդիրների, այդ թվում լյարդի ցիռոզի, քաղցկեղի և մահվան: Հայտնի է վիրուսային հեպատիտների հինգ հիմնական տեսակ՝ Ա, Բ, Ց, Դ և Ե: Չնայած դրանք բոլորն էլ առաջացնում են լյարդի հիվանդություն, սակայն տարբերվում են կարևոր առանձնահատկություններով՝ փոխանցման ուղիներով, գործոններով, հիվանդության ծանրությամբ, աշխարհագրական բաշխումով և կանխարգելման մեթոդներով: Հարկ է նշել, որ հեպատիտ Ա-ն և Ե-ն ֆեկալ-օռալ մեխանիզմով փոխանցվող աղիքային վարակներ են, իսկ մյուսները՝ պարէնտերալ հեպատիտեր: Համաճարակաբանական և կլինիկական տեսակետից հատկապես կարևորվում են հեպատիտ Բ-ն և Ց-ն՝ նկատի ունենալով քրոնիկ ձևերի առաջացման միտումը, ծանր կլինիկական ընթացքը, վարակի աղբյուրի տևական պահպանումը, հետագայում լյարդի ցիռոզի և առաջնային քաղցկեղի հնարավոր զարգացումը, հարուցիչի փոխանցման բնական և արհեստական ուղիները:
Ըստ գնահատման՝ աշխարհում 354 միլիոն մարդ ապրում է հեպատիտ Բ-ով կամ Ց-ով, նրանց մեծամասնության համար բուժումն անհասանելի է: ԱՀԿ-ի ուսումնասիրությամբ գնահատվել է, որ մինչև 2030թ. ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում հնարավոր է կանխել 4.5 միլիոն վաղաժամ մահվան դեպքեր պատվաստումների, ախտորոշիչ թեստերի, բուժման և կրթական արշավների միջոցով: ԱՀԿ-ի հեպատիտի դեմ պայքարի գլոբալ ռազմավարությունը նպատակ ունի 2016-ից 2030թթ. ընթացքում կրճատել հեպատիտով վարակման նոր դեպքերը 90%-ով, իսկ մահացությունը՝ 65%-ով:
Հարկ է նշել որ տարեկան 1.3 միլիոն մարդ մահանում է քրոնիկ վիրուսային հեպատիտների բարդություններից, որը կազմում է օրական 3500 մահ: Հեպատիտ Բ-ն և Ց-ն աննկատ տարածվում են, օրական գրանցվում է վարակման 6000 նոր դեպք: Վտանգն այն է, որ հեպատիտով ապրող մարդկանց մեծ մասը չգիտի վարակված լինելու մասին: Հեպատիտի վաղ ախտորոշումն առաջին քայլն է լյարդի քաղցկեղի կանխարգելման և կենսական բուժման համար: Ուստի, թեստավորումը, հատկապես բարձր էնդեմիկ երկրներում ապրողների համար, կարևոր նշանակություն ունի հեպատիտի վերացման համար:
Հեպատիտ B-ի քրոնիզացիայի ռիսկը կախված է տարիքից, զարգացման ամենամեծ ռիսկը՝ 90%, բնորոշ է նորածիններին և մինչև վեց ամսական երեխաներին: 0.5-ից մինչև 5 տարեկան հասակում նվազում է մինչև 30%, իսկ 5 տարեկանից բարձր և մեծահասկների մոտ՝ 5-10%:
Գնահատվում է, որ աշխարհում 254 միլիոն մարդ HBsAg-ի քրոնիկ կրողներ են: HBsAg-ի տարածվածությունը տարբեր աշխարհագրական շրջաններում զգալիորեն տարբերվում է: Ընդհանուր առմամբ, աշխարհի բնակչության գրեթե կեսը ապրում է բարձր էնդեմիկ երկրներում: Հեպատիտ Ց-ի ընթացքը դինամիկ է և տարբեր դրսևորումներով: Այն կարող է դրսևորվել անախտանշանայինից մինչև ծանր քրոնիկ լյարդի հիվանդություն և հեպատոցելյուլար կարցինոմա: Ուսումնասիրությունները վկայում են, որ հեպատիտ Ց ունեցող և բուժում չստացած մարդկանց մոտ հինգ տարվա ընթացքում ցիռոզի զարգացման ռիսկը կազմում է 8-20%:
Կարևոր է իմանալ, որ հեպատիտ Բ և Ց-ի վարակի աղբյուր են հիվանդները և վիրուսակիրները, վիրուսները տարածվում են հիմնականում արյան կամ այլ կեսահեղուկների՝ ներառյալ դաշտանային, հեշտոցային արտազատուկների և սերմնահեղուկի, մաշկի կամ լորձաթաղանթի հետ շփման կամ արյան փոխներարկնման դեպքում: Վիրուսները կարող են փոխանցվել նաև ասեղով, կամ այլ սուր գործիքով պատահական մասնագիտական վնասվածքների և արյան ցայտման դեպքում, ներերակային թմրանյութերի օգտագործման դեպքում, դաջվածքներ անելիս, մարմնի պիրսինգի և ասեղնաբուժության ժամանակ, ի դեպ, հեպատիտ Բ-ի վիրուսը՝ նույնիսկ աննշան արյան քանակության դեպքում: Հեպատիտ Բ-ի և Ց-ի փոխանցումը հնարավոր է նաև սեռական ճանապարհով: Ուղղահայաց փոխանցումը (մորից երեխային) նույնպես իրագործվում է՝ հատկապես բարձր էնդեմիկ երկրներում՝ Չինաստանում և Հարավարևելյան Ասիայում, ինչպես նաև ենթասահարական Աֆրիկայում:
Անդրադառնանք Հայաստանին. 2021թ.-ին կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ Հայաստանում քրոնիկ հեպատիտ Բ-ի տարածվածությունը կազմել է 0.8%, ընդ որում ավելի բարձր ցուցանիշներ են նկատվել 30-39 տարիքային խմբում և տղամարդկանց շրջանում:
Համաձայն պաշտոնական վիճակագրության տվյալների՝ 2024թ.-ին արձանագրվել է սուր վիրուսային հեպատիտների 46 դեպք, որից 17-ը՝ հեպատիտ Ա, 12-ը՝ հեպատիտ Բ, 10-ը՝ հեպատիտ Ց, 7-ը՝ չշտված: Առաջնակի հայտնաբերված քրոնիկ վիրուսային հեպատիտները եղել են 81 դեպք, որից 2-ը՝ մինչև 18 տարեկան: Արձանագրվել է նաև Հեպատիտ Բ-ի վիրուսակրության 832 դեպք, որից 1-ը՝ մինչև 18 տարեկան, հեպատիտ Ց վիրուսի հանդեպ հակամարմինների առկայությամբ՝ 1406 անձ: Հարկ է նշել, որ նախորդ տարիների համեմատ դեպքերը ավելացման միտում են ունեցել: 2023թ.-ին և 2022թ.-ին արձանագրվել է սուր վիրուսային հեպատիտների 23–ական դեպք, քրոնիկ առաջին անգամ ախտորոշված հեպատիտները՝ համապատասխանաբար 82 դեպք և 53 դեպք, 2023թ.-ին՝ հեպատիտ Բ-ի վիրուսակրության 721 դեպք, հեպատիտ Ց-ի՝ 1286 դեպք, իսկ 2022թ.-ին՝ հեպատիտ Բ-ի վիրուսակրության 637 դեպք, հեպատիտ Ց-ի՝ 982 դեպք:
Կարևոր է իմանալ, որ պարէնտերալ հեպատիների ռիսկի խմբում ներառված են բուժաշխատողները, թմրամոլները, անկանոն սեռական վարքագիծ ունեցողները, արյան ռեցիպիենտները, HBsAg-դրական մորից ծնված երեխաները:
Հեպատիտի վերացումը հասանելիության սահմաններում է: Կան պատվաստանյութեր, բուժման միջոցներ և ապացուցված միջոցներ՝ փոխանցումը դադարեցնելու համար: Ուստի, գործողությունների կոչը ներառում է վիրուսային հեպատիտների կանխարգելման տարբեր ուղղությունների համակարգված իրականացումը, այդ թվում պատվաստումները (հեպատիտ Ա-ի, Բ-ի դեմ): Ի դեպ, 2022 թվականին աշխարհում նորածինների միայն 45%-ն է ստացել հեպատիտ Բ-ի դեմ պատվաստանյութ ծնվելուց հետո 24 ժամվա ընթացքում: Հայաստանում նորածինների ընդգրկվածությունը ՎՀԲ պատվաստումներում 2024թ.-ին կազմել է 96.9%, իսկ ՎՀԲ3 պատվաստումներում՝ 94%:
Մինչև 2030թ. Հայաստանը որդեգրել է վիրուսային հեպատիտ Բ-ի վերացման քաղաքականությունը՝ միավորելով հիվանդների խնամքի և բուժման ծառայությունները և պատավաստումները: Նշենք, որ 1999թ.-ից Հայաստանում իրականացվում է հեպատիտ Բ-ի դեմ պատվաստումներ, ինչի արդյունքում սուր հեպատիտ Բ-ի դեպք չի գրանցվել մինչև 14 տարեկանների շրջանում:
Այսպիսով, կանխարգելիչ միջոցառումները ներառում են՝
Հեպատիտ Ա-ի և Ե-ի համար իրականացվում է աղիքային վարկների ընդհանուր կանխարգելիչ միջոցառումները: Նշենք նաև, որ հեպատիտ Ա-ի դեմ կա պատվաստանյութ, Հայաստանում այն իրականացվում է նախազորակոչային տարիքի տղաների շրջանում: