Մանկաբարձությունը և գինեկոլոգիան՝ նախընտրելի մասնագիտությունների առաջին հնգյակում

Մանկաբարձությունը և գինեկոլոգիան՝ նախընտրելի մասնագիտությունների առաջին հնգյակում

Բժշկական մասնագիտությունների ներկայացման շարքում այսօր անդրադառնում ենք մանկաբարձություն և գինեկոլոգիա մասնագիտությանը: Նշենք, որ այն  նախընտրելի մասնագիտությունների առաջին հնգյակում է: Այս մասնագիտությունը կենտրոնանում է կանանց վերարտադրողական համակարգի վրա՝ ընդգրկելով ինչպես հղիության ընթացքի հսկումը, ծննդաբերության և հետծննդյան շրջանում բժշկական օգնության ցուցաբերումը (մանկաբարձություն), այնպես էլ գինեկոլոգիական հիվանդությունների կանխարգելումը, բուժումը և կանանց առողջությունը  կյանքի ընթացքում (գինեկոլոգիա): Ինչը ներառում է կանոնավոր զննումները, սքրինինգները, վերարտադրողական առողջության այնպիսի հիվանդությունների ախտորոշումը և բուժումը, ինչպիսիք են վարակները, անպտղությունը, քաղցկեղը, վերականգնողական վիրաբուժությունը և ընտանիքի պլանավորումը: Սովորաբար մասնագետներն աշխատում են մեկ ոլորտում, կամ երկու գործառույթներն էլ իրականացնում են միաժամանակ:

Այսպիսով, մանկաբարձ-գինեկոլոգի մասնագիտությունը կարևոր նշանակություն ունի կանանց առողջության համար և բավականին պահանջված է, այն ներառում է համապարփակ բուժում կյանքի բոլոր փուլերում՝ սեռական հասունությունից մինչև դաշտանադադար և դրանից հետո՝ հատուկ ուշադրություն դարձնելով կանանց վերարտադրողական համակարգին, հղիությանը և ծննդաբերությանը: Համարվում է նաև ամենակարևոր մասնագիտություններից մեկը, քանզի մեծ ներդրում է ունենում նոր կյանքեր լույս աշխարհ բերելուն: Մանկաբարձ-գինեկոլոգի հիմնական գործառույթները կարելի է բաժանել հետևյալ խմբերի՝

Վերարտադրողական առողջություն և ընտանիքի պլանավորում. տրամադրում են հիմնական ուղեցույցներ հակաբեղմնավորման, պտղաբերության բուժման և նախածննդյան խնամքի վերաբերյալ՝ օգնելով կանանց տեղեկացված որոշումներ կայացնել ընտանիքի պլանավորման և վերարտադրողական առողջության վերաբերյալ:

Հղիություն և ծննդաբերություն. իրականացնում են նախածննդյան խնամք, վերահսկում են պտղի զարգացումը, բուժում են հղիության բարդությունները, օգնում են անվտանգ ծննդաբերությանը և ապահովում հետծննդյան անհրաժեշտ խնամքը:

Գինեկոլոգիական օգնություն և հիվանդությունների կանխարգելում. Իրականացնում են տարբեր գինեկոլոգիական հիվանդությունների ախտորոշում և բուժում՝ ներառյալ դաշտանային ցիկլի խանգարումները, վարակները, դաշտանադադարի ախտանիշները և վերարտադրողական օրգանների հիվանդությունները, ինչպիսիք են էնդոմետրիոզը և ֆիբրոիդները: Կատարում են նաև կարևոր հետազոտություններ, ինչպիսիք են Պապ թեստը կամ ԴՆԹ թեսատավորումը՝ արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերման համար:

Կանանց համապարփակ առողջություն. լուծում են կանանց առողջության հետ կապված խնդիրների լայն շրջանակ՝ առաջարկելով մասնագիտացված խնամք կյանքի տարբեր փուլերում՝ ներառյալ սեռական հասունությունը, վերարտադրողական տարիքը, դաշտանադադարը և դրանից հետո՝ նպաստելով ընդհանուր բարեկեցությանը և երկարաժամկետ առողջության պահպանմանը:

ԱՄՆ-ի առողջապահության և մարդկային ռեսուրսների վարչության վերլուծության ազգային կենտրոնի հրապարակումներով կանխատեսվում է, որ մանկաբարձ-գինեկոլոգների պահանջարկը մինչև 2030թ.-ը կաճի 50,850-ից մինչև 52,660 (4%-ով), իսկ կանանց առողջապահական ծառայությունների առաջարկը կաճի 89%-ով (10,610-ից մինչև 20,020), ինչը ընդգծում է մանկաբարձություն և գինեկոլոգիա մասանգիտության կարևորությունն ու պահանջարկը:

2023թ. տվյալներով եվրոպական երկրներում 100,000 բնակչին բաժին է ընկնում 20-30 մանկաբարձ-գինեկոլոգ։ Ի դեպ, Հունաստանը Եվրոպայում առաջատարն է գործող գինեկոլոգների և մանկաբարձների թվով, որին հաջորդում են Բուլղարիան և Գերմանիան: Մասնագետների զգալի աճ է գրանցվել Ռումինիայում (3,88%-ով), այնուհետև՝ Իսլանդիայում և Նորվեգիայում, իսկ Լիխտենշտեյնում նկատվել է ավելի քան 5% նվազում, Լիտվայում և Ֆրանսիայում՝ աննշան նվազում: Հետագա միտումները, որոնք պետք է վերահսկվեն, ներառում են առողջապահական քաղաքականության փոփոխությունների ազդեցությունը, բժշկական կրթության ընդլայնումը և ժողովրդագրական տեղաշարժերը: Կանանց առողջության ծառայությունների աճող պահանջարկը ծերացող բնակչության շրջանում կարող է է՛լ ավելի մեծացնել Եվրոպայում գինեկոլոգների և մանկաբարձների անհրաժեշտությունը:

Ուսումնասիրությունները փաստում են, որ բարձր եկամուտ ունեցող երկրներում (ԱՄՆ, Կանադա, Արևմտյան Եվրոպա) 100,000 բնակչության համար 10-30 գինեկոլոգ համարվում է բավարար՝ կախված ուրբանիզացիայից և բուժման մատչելիությունից: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը շեշտում է, որ կանանց և վերարտադրողական առողջության պահպանման ցուցանիշները զգալիորեն բարելավվում են առնվազն 23 որակավորված բուժաշխատողի (մանկաբարձներ, բուժքույրեր, բժիշկներ՝ միասին վերցրած) դեպքում՝ 10,000 բնակչի հաշվով: Սա ենթադրում է մանկաբարձ-գինեկոլոգների զգալի պահանջարկ վերարտադրողական առողջության այս ծրագրերի շրջանակում: Իրականում մանկաբարձ-գինեկոլոգների  պահանջարկը տարբեր երկրներում տարբեր է, այն կախված է մի շարք գործոններից: Հիմնական առողջապահական պահանջարկի վրա ազդող գործոններն են՝

  • ծնելիության մակարդակ (ծնելիության ավելի բարձր ցուցանիշներն ավելի շատ ծառայություններ են պահանջում)
  • կանխարգելիչ բժշկության հասանելիություն
  • մասնագետների թվաքանակի բաշխում քաղաքներում և գյուղական բնակավայրերում
  • մասնագիտական վերապատրաստման համակարգ և կենսաթոշակային մակարդակ
  • կանանց առողջության քաղաքականության գերակայությունը ծառայությունների ծածկույթ ապահովելու համար:

Ելնելով վերոնշյալից՝ 10,000 բնակչութան հաշվարկով մանկաբարձ-գինեկոլոգների պահանջարկը բարձր եկամուտ ունեցող երկրներում կազմում է 2-3, միջին եկամուտ ունեցող երկրներում՝ 1-2, ցածր եկամուտ ունեցող երկրներում՝ 0.2-1.5:

Հայաստանում 2023թ. դրությամբ ԱԱՊ կազմակերպություններում և հիվանդանոցներում մանկաբարձ-գինեկոլոգների թիվը կազմում է 825 (5.24/10,000), որն ընդհանուր բժիշկների (13,943) 6%-ն է, ընդ որում՝ բժիկներից 395-ը՝ ԱԱՊ կազմակերպություններում, իսկ 355-ը՝ հիվանդանոցներում, մասնագետներից 550-ը Երևանի բժշկական կազմակերպություններում են, իսկ 275-ը՝ ՀՀ մարզերում: Հանրապետությունում նախորդող տարիների համեմատ մասնագետների թիվը նվազել է. 2022թ.՝ 922, 2021թ.՝ 926, 2020թ.՝ 877, 2019թ.՝ 934: Կարևոր է նշել, որ մանկական գինեկոլոգների թիվը կազմում է 24, որից 9-ը՝ հիվանդանոցներում, 15-ը՝ ԱԱՊ կազամկերպություններում: Մասնագետների թվաքանակի բաշխումն ըստ մարզերի ներկայացված է ստորև բերված նկարում:

Խոսելով մանկաբարձություն և գինեկոլոգիա մասնագիտությունից՝ անհրաժեշտ ենք համարում նաև նշել այդ ոլորտում մատուցված ծառայությունները․ 2023թ.-ին Հայաստանում ընդունվել է 35 917 կենդանի ծնունդ, հղիների թվաքանակը եղել է 37 755, արձանագրվել է հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանի բարդությունների 25 456 դեպք, չարորակ նորագոյացույթունների 4634 դեպք, ձվարանների և հավելումների բորբոքումների 4884 դեպք, արգանդի պարանոցի էրոզիայի և էկտրոպիոնի 3916 դեպք, էնդոմետրիոզի 1216 դեպք, դաշտանի խանգարումների 7391 դեպք, դաշտանադադարի շրջանի խանգարումների 4432 դեպք և կանանց ամլության 1930 դեպք: