Ըստ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի` օգոստոսի 2-8-ն ընկած ժամանակահատվածի կամ 32-րդ շաբաթվա համաճարակաբանական իրավիճակի վերաբերյալ տվյալների` վերջին շրջանում Եվրոպական տարածաշրջանում շատացել են մոծակների միջոցով փոխանցվող վիրուսային որոշ հիվանդությունների գրանցման դեպքերը:
Այսպես, 2025 թվականի սկզբից մինչև օգոստոսի 6-ի դրությամբ Եվրոպայի երեք երկրներում գրանցվել են դենգե տենդի դեպքեր՝ Ֆրանսիայում (10), Իտալիայում (3) և Պորտուգալիայում (2):
Օգոստոսի 2-8-ն ընկած ժամանակահատվածում Ֆրանսիան հայտնել է նախկինում գրանցված կլաստերներում դենգեի 4 նոր, տեղական ճանապարհով ձեռքբերված դեպքի մասին՝ 3-ը` Բուշ-դյու-Ռոնում և մեկը՝ Էն դեպարտամենտում: Իտալիան և Պորտուգալիան այդ շաբաթ նոր դեպքեր չեն հայտնել: Պորտուգալիայի ամենահեռավոր շրջան Մադեյրայում այս տարվա հունվարին գրանցված երկու դեպքերը, հավանաբար, փոխանցվել էին դեռևս 2024 թվականից:
Դենգե տենդը վիրուսային հիվանդություն է, որը փոխանցվում է մոծակների որոշ տեսակների կողմից, մասնավորապես` Aedes-ի միջոցով, որը լայնորեն տարածված է արևադարձային և մերձարևադարձային շրջաններում: Աշխարհում վիրուսը հիմնականում փոխանցվում է Ae.aegypti և Ae.albopictus տեսակի մոծակների միջոցով: Aedes albopictus-ը տարածված է Եվրոպայի մեծ մասում, իսկ Aedes aegypti-ն տարածված է մասնավորապես Կիպրոսում, Սև ծովի շրջակայքում և Մադեյրայի ամենահեռավոր շրջանում:
Գիտական գրականության տվյալների համաձայն՝ շրջակա միջավայրի ջերմաստիճանը դենգե վիրուսի մոծակների միջոցով փոխանցման վրա ազդող ամենակարևոր գործոններից մեկն է: Հյուսիսային կիսագնդի չափավոր գոտիներում Ae.albopictus-ի կողմից դենգե վիրուսի փոխանցման համար օպտիմալ օրական միջին ջերմաստիճանը 24-26°C է, սակայն փոխանցումը կարող է տեղի ունենալ 12-30°C ջերմաստիճանի սահմաններում:
Այն սովորաբար սկսվում է գրիպանման ախտանիշներով՝
Ախտանիշները մարդկանց մոտ ի հայտ են գալիս վարակվելուց 3-14 օր հետո:
Որոշ դեպքերում հիվանդությունը կարող է ծանր ընթացք ունենալ՝ հանգեցնելով այնպիսի դրսևորումների, ինչպիսիք են դենգեի հեմոռագիկ տենդը և դենգեի շոկի համախտանիշը: Կան չորս տեսակի վիրուսներ, որոնք հարուցում են դենգե, և մեկ տեսակի նկատմամբ իմունիտետը չի պաշտպանում մյուսներից:
Դենգե տենդի հատուկ բուժում գոյություն չունի: Վաղ ախտորոշումը կարևոր նշանակություն ունի պացիենտներին համապատասխան օժանդակ բժշկական ծառայություն տրամադրելու և տարածաշրջանում հիվանդության դեմ պայքարի միջոցներ ձեռնարկելու համար:
ԵՄ-ում առկա է դենգե տենդից պաշտպանվելու երկու պատվաստանյութ՝ Dengvaxia (Sanofi Pasteur-ից) և Qdenga (Takeda GmbH-ից): Այս պատվաստանյութերի օգտագործումը պետք է համապատասխանի պաշտոնական ուղեցույցներին:
Անհատական պաշտպանական միջոցները ներառում են.
Կանխարգելիչ միջոցառումներն ուղղված են նաև փոխանցող մոծակների դեմ պայքարին:
Մոծակների բուծման վայրերը նվազեցնելու որոշ միջոցառումներ ներառում են.
2025 թվականի սկզբից մինչև 2025 թվականի օգոստոսի 6-ի դրությամբ Եվրոպայի երկու երկրներում՝ Ֆրանսիայում (63) և Իտալիայում (2), գրանցվել են նաև չիկունգունյա վիրուսային հիվանդության դեպքեր։
Ֆրանսիայի հանրային առողջապահության մարմինները հայտնել են տեղական մակարդակով ձեռք բերված չիկունգունյա վիրուսային հիվանդության 63 դեպքի մասին 16 տարբեր տեղական վարչական միավորներում: 31-րդ շաբաթվա համեմատ 32-րդ շաբաթում կլաստերների թիվն աճել է երկուսով:
Դեպքերն առաջին անգամ գրանցվել են Պիրենեյ-Ատլանտիկ դեպարտամենտում (երեք դեպք՝ մեկ կլաստերում): Գարում գրանցվել է նոր կլաստեր ներկայացնող երեք դեպք:
Կորս-դյու-Սյու, Իզեր, Էրո և Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտների ակտիվ կլաստերներից յուրաքանչյուրում գրանցվել է երկու նոր դեպք: Տասնմեկ կլաստեր ներկայումս դասակարգվում է որպես ակտիվ:
Չիկունգունյան նույնպես վիրուսային հիվանդություն է, որը մարդկանց փոխանցվում է մոծակների միջոցով: «Չիկունգունյա» անվանումը ծագել է այն ձևից, որով հիվանդները հաճախ կծկվում են ցավից։
Ամենատարածված ախտանիշներն են ջերմությունը, մկանների և հոդերի ցավը և ցանը: Մարդկանց մեծ մասն ապաքինվում է, բայց վարակվածների 30-40%-ի մոտ կարող է զարգանալ քրոնիկ արթրիտ, որը կարող է տևել ամիսներ կամ նույնիսկ տարիներ:
Վարակից հետո ախտանիշների ի հայտ գալու ժամանակը կարող է տարբեր լինել: Այն կարող է տևել մինչև 12 օր, իսկ միջինում` 3-ից 7 օր:
Քանի որ չիկունգունյայի բուժման համար հատուկ հակավիրուսային դեղամիջոցներ գոյություն չունեն, բուժումը կենտրոնանում է ախտանիշների կառավարման վրա: Սա ներառում է ցավազրկողների և հակաբորբոքային դեղերի օգտագործումը: Վերականգնվելուց հետո մարդը, ամենայն հավանականությամբ, կայուն իմունիտետ է ձեռք բերում տվյալ վիրուսի դեմ, և հետագայում կրկին վարակվելու հավանականությունն ավելի քիչ է լինում:
Գոյություն ունի պատվաստանյութ, որն օգնում է մեծահասակներին պաշտպանել հիվանդությունից:
Կանխարգելիչ միջոցառումները նույնն են, ինչ դենգե վիրուսի կանխարգելիչ միջոցառումները:
2025 թվականի սկզբից և 2025 թվականի օգոստոսի 6-ի դրությամբ եվրոպական վեց երկիր հայտնել է Արևմտյան Նեղոսի վիրուսով մարդկանց վարակման դեպքերի մասին՝ Բուլղարիա, Ֆրանսիա, Հունաստան, Հունգարիա, Իտալիա և Ռումինիա:
2025 թվականի օգոստոսի 7-ի դրությամբ Իտալիայի առողջապահության ազգային ինստիտուտը հաղորդել է Արևմտյան Նեղոսի վիրուսով վարակման 173 հաստատված դեպքի մասին, այդ թվում՝ 11 մահվան դեպքի: Լացիոյի տարածաշրջանին բաժին է ընկել հիվանդության 104 դեպք և 4 մահվան դեպք։
Արևմտյան Նեղոսի տենդը հիվանդություն է, որը հարուցվում է Արևմտյան Նեղոսի վիրուսով՝ Flaviviridae ընտանիքի վիրուսով, որն առաջին անգամ անջատվել է 1937 թվականին Ուգանդայում՝ Արևմտյան Նեղոսի շրջանում (այստեղից էլ՝ նրա անունը): Վիրուսը տարածված է Աֆրիկայում, Արևմտյան Ասիայում, Եվրոպայում, Ավստրալիայում և Հյուսիսային և Հարավային Ամերիկայում:
Վարակի աղբյուր են վայրի թռչունները, փոխանցողը՝ մոծակները (առավել հաճախ՝ Culex մոծակները): Վարակման այլ գրանցված, շատ ավելի հազվադեպ եղանակները ներառում են օրգանների փոխպատվաստումը, արյան փոխներարկումը և հղիության ընթացքում մորից երեխային փոխանցումը: Արևմտյան Նեղոսի տենդը վարակված մարդկանց հետ շփման միջոցով մարդուց մարդ չի փոխանցվում: Վիրուսն ազդում է նաև այլ կաթնասունների, հատկապես ձիերի վրա, բայց որոշ դեպքերում՝ նաև շների, կատուների և նապաստակների վրա:
Ինկուբացիոն շրջանը 2-ից 14 օր է, բայց թուլացած իմունային համակարգ ունեցող մարդկանց մոտ այն կարող է հասնել 21 օրվա:
Վարակված մարդկանց մեծ մասն ախտանիշներ չի ցուցաբերում: Տենդը, գլխացավը, սրտխառնոցը, փսխումը, ավշային հանգույցների մեծացումը և մաշկի ցանը հիմնական ախտանիշներն են: Այս ախտանիշները կարող են տևել մի քանի օր կամ, հազվադեպ դեպքերում, մի քանի շաբաթ և կարող են շատ տարբեր լինել՝ կախված մարդու տարիքից:
Առավել ծանր ախտանիշները զարգանում են միջին հաշվով վարակված մարդկանց 1%-ից պակաս դեպքերում (150-ից՝ 1-ը) և ներառում են բարձր ջերմություն, ուժեղ գլխացավ, մկանների թուլություն, ապակողմնորոշում, ցնցումներ, տեսողության խանգարումներ, քնկոտություն, նոպաներ և նույնիսկ կաթված և կոմա: Որոշ նյարդաբանական հետևանքներ կարող են անդառնալի լինել: Առավել ծանր դեպքերում (1000-ից՝ մոտ 1-ը) վիրուսը կարող է առաջացնել մահացու էնցեֆալիտ: