«Մեր մեծերը»․ Միքայել Տեր-Պողոսյան

«Մեր մեծերը»․ Միքայել Տեր-Պողոսյան

Բժշկության ոլորտում կատարված ամենանշանակալի, շրջադարձային հայտնագործություններից մեկը, այսպես կոչված, PET սկանավորման համակարգն է։ Այն հնարավորություն տվեց քաղցկեղային ուռուցքները հայտնաբերել ամենավաղ շրջանում, այսինքն՝ այն ժամանակ, երբ դրա բուժման հավանականությունն ավելի բարձր է։ Իսկ գիտե՞ք, որ այդ գյուտի հեղինակներից մեկը մեր հայրենակիցն է՝ Միքայել (Մայքլ, Միշել) Տեր-Պողոսյանը։

Պոզիտրոնային ճառագայթման տոմոգրաֆիայի համակարգը, որն ավելի շատ հայտնի է որպես PET սկանավորման համակարգ, ժամանակակից բժշկության կարևորագույն տեխնոլոգիաներից մեկն է: Այս սարքավորումը կարող էր չստեղծվել կամ ստեղծվել շատ ավելի ուշ, եթե չլիներ գերմանահայ գյուտարար Միքայել (Մայքլ, Միշել) Տեր-Պողոսյանը:

Միքայել Տեր-Պողոսյանը ծնվել է 1925 թվականի  ապրիլի 21-ին Բեռլինում՝ ցեղասպանությունը վերապրողների ընտանիքում: Նա եղել է տան միակ զավակը: Այնուհետ, երբ նա երեխա էր, ընտանիքը տեղափոխվել է Ֆրանսիա, քանի որ Գերմանիայում սկսվել էր ֆաշիստական շարժումը: Սերը գիտության նկատմամբ, հատկապես` ֆիզիկայի և քիմիայի, Միշելի մոտ եղել է դեռևս պատանեկան տարիներին:

Միքայել Տեր-Պողոսյանը չէր կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ իր ծննդավայրը` Ֆրանսիան, արժանանում է այն ճակատագրին, ինչ իր հայրենիքը, և այդ իսկ պատճառով Ֆրանսիայում ակտիվորեն մասնակցում է ֆաշիստների և նացիստների դեմ պայքարին:

Պայքարելուն զուգահեռ, սակայն, Միքայել Տեր-Պողոսյանը չի մոռանում կրթության մասին: Աշխարհակուլ պատերազմը նրան չխանգարեց գիտական աստիճաններ ստանալ Փարիզի, ապա նաև Մարի Կյուրիի, կամ, ինչպես անվանում են այն, Ռադիումի համալսարաններում։ 1946 թվականին Միքայելն ընտանիքի հետ տեղափոխվում է օվկիանոսից այն կողմ՝ Միացյալ Նահանգներ։ Այստեղ նա արդեն Մայքլ էր, որը շարունակում է խորացնել գիտելիքը Վաշինգտոնի Սենտ Լուսի համալսարանում։ ԱՄՆ-ում լինելը նրա համար մեծ նպատակի իրականացում էր․ համալսարանը ղեկավարում էր հայտնի ֆիզիկոս, Նոբելյան մրցանակակիր Արթուր Հոլի Քոմփթոնը։ Ուսմանը զուգահեռ նա ֆիզիկայի բաժնի գիտաշխատող էր։ 1948 թվականին նա ստանում է մագիստրոսի աստիճան, իսկ 1950 թվականին` միջուկային ֆիզիկայի դոկտորի աստիճան:

Նա շարունակում է իր գիտական գործունեությունը Ռադիոլոգիայի Մալլինկրոտ ինստիտուտում։ Դա Վաշինգտոնի համալսարանի բժշկական դպրոցի ռադիոլոգիայի ակադեմիական կենտրոնն էր։ Այստեղ նա ստանում է ռադիացիոն հետազոտությունների, ինչպես նաև կենսաֆիզիկայի և ֆիզիոլոգիայի պրոֆեսորի աստիճան: 1973 թվականից Տեր-Պողոսյանը ղեկավարում է Մալինկրոտի ինստիտուտի ռադիոակտիվ հետազոտությունների բաժինը: Ղեկավար ու դասախոս լինելուց առաջ նա գիտնական էր, որին պետք է բախտ վիճակվեր դառնալ աշխարհը փոխողներից մեկը։

1977թ.-ին Մ. Տեր-Պողոսյանը ստեղծում է համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով մարդու մարմնի պատկերը վերարտադրող համակարգչային PET սկանավորման սարքը, ինչը մեծագույն հեղափոխություն կատարեց բժշկության ոլորտում. այն թույլ էր տալիս վաղ փուլերում հայտնաբերել քաղցկեղային գոյացությունները և վերահսկել սրտային հիվանդությունները: Բացի այդ, սարքը հնարավորություն է տալիս լավագույնս գնահատել ուղեղի տարբեր մասերի ակտիվությունը տարբեր մտավոր ունակություններով պրոցեսների դեպքում: Այն հեղաշրջում կատարեց ուղեղի ֆունկցիաների ըմբռնման, ախտորոշման ասպարեզում:

1979 թվականին արդեն արտոնագրված սարքը դառնում է բժշկության ոլորտը հեղաշրջած գյուտերից մեկը:

Այնուամենայնիվ, չնայած իր դասախոսական և վարչարարական գործունեությանը և ավելի քան չորս տասնամյակ աշխատելով լաբորատորիայում` դոկտոր Տեր-Պողոսյանը երբեք չի կորցրել իր սերը հետազոտությունների նկատմամբ: Ըստ նրա կենսագիրների՝ Մ. Տեր-Պողոսյանը մշտապես ուզում էր վերադառնալ իր գիտահետազոտական գործունեությանը: Դա էր պատճառը, որ 1990 թվականին նա հրաժարվեց վարչական գործունեությունից և ամբողջովին նվիրվեց գիտական աշխատանքին և իր մտահղացումների իրականացմանը:

Մ. Տեր-Պողոսյանի գիտական հայտնագործություններն ու հետազոտություններն ուղղված էին բժշկական ոլորտի կատարելագործմանը: Նա հայտնագործեց ռադիացիայի միջոցով բժշկական բուժման նոր եղանակները:

Իր գիտական գործունեության ընթացքում Միքայել Տեր-Պողոսյանն արժանացել է մի շարք պարգևատրումների, այդ թվում՝ Ֆրանսիայի Societe Francaise de Medecine Nucleaire et de Biophysique-ի «Ոսկե շքանշանին», Սենտ Լուիսի Գիտությունների ակադեմիայի ցմահ մրցանակին, Ջորջ Չարլզ դե Հևեսիի Միջուկային բժշկության ասոցիացիայի «Միջուկային բժշկության պիոներ» մրցանակին:

Պատահական չէ, որ մեր հայրենակցին հաճախ անվանում են «Պոզիտրոնային ճառագայթման տոմոգրաֆիայի հայր». նա արժանացել է բազմաթիվ հեղինակավոր մրցանակների ու կոչումների աշխարհի տարբեր երկրներում, եղել է բազմաթիվ մասնագիտական միությունների անդամ ու նաև հիմնադիր, ավելի քան 250 գիտական աշխատանքի, գիտահետազոտական գրքերի ու հոդվածների հեղինակ է։

Միքայել Տեր-Պողոսյանը մահացել է 1996 թվականին՝ Փարիզ այցելության ժամանակ, 71 տարեկան հասակում` սրտի կաթվածից: