Բժշկագիտության գրագետ հանրայնացման կարևորությունը և ռիսկերը

Բժշկագիտության գրագետ հանրայնացման կարևորությունը և ռիսկերը

Այսօր գիտության գրագետ հանրայնացումը ժամանակի մարտահրավերն է: Բոլոր գիտությունների հանրայնացումն ընդհանուր է նրանով, որ պետք է բարդ գիտելիքը մատուցվի լայն հասարակությանը հասկանալի ձևով։ Բայց բժշկագիտությունն էական տարբերություններ ունի, և հենց դա է այս ոլորտը դարձնում ավելի պատասխանատու։

Դեռևս Հին Հունաստանում Հիպոկրատը (ք.ա. 5-րդ դար) արդեն փորձում էր բժշկությունը ներկայացնել որպես գիտություն, ոչ թե միստիկա․ նրա «Corpus Hippocraticum»-ը ոչ միայն մասնագիտական, այլև հանրային կրթական արժեք ուներ, Հռոմում Գալենը (2-րդ դար մ.թ.) լայնորեն գրի էր առնում բժշկական գիտելիքը՝ այն հասանելի դարձնելով ոչ միայն բժիշկներին, այլև կրթված հասարակությանը, Ավիցեննան (Իբն Սինա, 980–1037) իր «Բժշկության կանոն»-ում համադրեց բժշկական գիտելիքը և տարածեց այն որպես հանրային ուսումնական նյութ։ Այս գիրքը Եվրոպայում դարեր շարունակ օգտագործվում էր ոչ միայն բժիշկների, այլև ուսանողների ու լայն հասարակության կողմից։ Հետագայում Անդրե Վեզալիուսը (1514–1564) իր անատոմիական նկարազարդ գիրքը («De humani corporis fabrica») ստեղծեց այնպես, որ նաև ոչ մասնագետները կարողանան պատկերացնել մարդու մարմնի կառուցվածքը, 18–19-րդ դարերում Եվրոպայում սկսվեցին առողջապահական հանրային քարոզարշավներ՝ հիգիենայի, ջրամատակարարման և վարակիչ հիվանդությունների կանխարգելման շուրջ, իսկ արդեն 20-րդ դարում բժիշկները սկսեցին ավելի ակտիվորեն հանդես գալ մամուլում ու ռադիոյով, օրինակ՝ բժիշկ Բենջամին Սպոքը (1946) իր «Մանկան խնամք և դաստիարակություն» գրքով դարձավ համաշխարհային հանրային առողջապահության «մեդիա դեմք»։

Ո՞րն է բժշկագիտության հանրայնացման կարևորությունը և ռիսկը դրա անմիջական ազդեցություն կյանքի և առողջության վրա: Բժշկական տեղեկատվությունն անմիջապես կարող է ազդել մարդկանց վարքի վրա․ օրինակ՝ եթե ինչ-որ մեկը սխալ հասկանա աստղագիտության բացատրությունը, դա չի վնասի նրա առողջությանը, իսկ եթե սխալ հասկանա դեղի կամ պատվաստման վերաբերյալ խորհուրդը, դա կարող է կյանքին սպառնալ։ Մեկ այլ խնդիր է թեմային զգայունությունը և վախերի գործոնը․ առողջության թեմաները բերում են ուժեղ հույզեր՝ վախ, հույս, անհանգստություն։

Հանրայնացումը պետք է ավելի հոգատար և զգույշ լինի, քան այլ գիտությունների դեպքում։

Ապատեղեկատվության բարձր ռիսկն այստեղ վտանգավոր է․ բժշկագիտության մեջ ապատեղեկատվությունը տարածվում է շատ արագ, հատկապես սոցիալական ցանցերում («հրաշք բուժումներ», «վնասակար պատվաստումներ» և այլն), այլ գիտություններում միֆերը սովորաբար այդքան վտանգավոր չեն։

Մեկ այլ կարևոր խնդիր է անհատական պատասխանատվությունը`

  • Բժշկական հանրայնացման մեջ յուրաքանչյուր խորհուրդ ընկալվում է որպես ուղիղ ցուցում․ մարդիկ այն կիրառում են իրենց վրա։
  • Այլ գիտություններում հանրայնացվող գիտելիքը հիմնականում ունի կրթական կամ մշակութային արժեք։
  • Բժշկագիտության հանրայնացումը միշտ առնչվում է առօրյային՝ սնունդ, վարժություններ, սեռական առողջություն, երեխայի պաշտպանություն։
  • Այլ գիտություններում կիրառական կողմը միշտ այդքան անձնական ու ամենօրյա չէ։
  • Բժշկական թեմաները պահանջում են խիստ էթիկա, սկսած Հիպոկրատից`
    • չվնասելու սկզբունք,
    •  հիվանդի գաղտնիություն,
    • խուճապ չառաջացնել։
  • Այլ գիտություններում հանրայնացումն ավելի ազատ է՝ առանց նման սահմանափակումների։

Այսպիսով, բժշկագիտության հանրայնացումը ոչ միայն գիտելիք փոխանցելու, այլև կյանքեր պաշտպանելու և վարք ձևավորելու գործիք է։

Բժշկագիտության գրագետ հանրայնացմամբ մի քանի տարբեր մասնագիտացված խմբեր կարող են և պետք է զբաղվեն՝ յուրաքանչյուրն իր դերով, միմյանց հետ համագործակցելով և միասնական ապացուցահեն խոսքը հանրությանը մատչելի ներկայացնելով, սա միայն բժիշկների գործը չէ, այն պահանջում է բազմաշերտ համագործակցություն․ պետություն + մասնագետներ + մեդիա + հասարակություն և որպես վերջնարդյունք կարելի է ակնկալել գրագետ հասարակություն։