Կատաղության դեմ պայքարի համաշխարհային օր

Կատաղության դեմ պայքարի համաշխարհային օր

Կատաղության դեմ պայքարի համաշխարհային օրը նշվում է ամեն տարի սեպտեմբերի 28-ին՝ նպատակ ունենալով բարձրացնել իրազեկվածությունը վարակի փոխանցման նվազեցման և կանխարգելման վերաբերյալ մինչև 2030թ.-ը դրա վերացմանը հասնելու համար: Այս օրն ընտրվել է ի հիշատակ 1895թ.-ին ֆրանսիացի գիտնական Լուի Պաստերի մահվան, ով ստեղծել է հակակատաղության պատվաստանյութը:

Բժշկական գիտությունների բազմաթիվ ոլորտներում նրա հայտնագործությունները, ինչպես նաև հանրային առողջության ոլորտում նրա հիմնարար ներդրումը նպաստել են աշխարհում միլիոնավոր կյանքեր փրկելուն:

Կատաղության դեմ պայքարի համաշխարհային օրվա այս տարվա թեման է՝ «ԳՈՐԾԻՐ ՀԻՄԱ. ԴՈՒ, ԵՍ, ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ», որը կոչ է անհատական և համընդհանուր քայլեր ձեռնարկելուն` շների կողմից փոխանցվող կատաղության տարածումը ընդհատելու համար: Դրանք ներառում են շների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ցուցաբերումը, կատաղության դեմ պայքարի կրթական միջոցառումների կազմակերպումը և կատաղության դեմ պատվաստումների արշավներին մասնակցելը:

Կարևոր է նշել, որ կատաղությունը հանրային առողջության կարևորագույն հիմնախնդիրներից է ավելի քան 150 երկրում: Այն վիրուսային, զոոնոզ վարակիչ հիվանդություն է, որից աշխարհում տարեկան մահանում է 59000 մարդ, այդ թվում՝ 40%-ը մինչև 15 տարեկան երեխաներ: Հարկ է ընդգծել, որ կատաղությունը 100% մահացու հիվանդություն է: Վարակի աղբյուր են շունը, կատուն, աղվեսը, կրծողները և այլ վայրի կենդանիներ, ինչպես նաև չղչիկները: Այս առումով հատկանշվում է շների դերը, որոնցով պայմանավորված է դեպքերի 99%-ը: Որոշ երկրներում՝ Ավստրալիայում, Հարավային Ամերիկկայում և Արևմտյան Եվրոպայում, չղջիկներն են համարվում կատաղության հիմնական վարակի աղբյուր, որոնք աճող սպառնալիք են: Վայրի կենդանիների կատաղությունը, հիմնականում հանդիպում է Հյուսիսային կիսագնդի երկրներում, իսկ շների կատաղությունը՝ Ասիայի և Աֆրիկայի զարգացող երկրներում։

Կատաղությունը մարդկանց և կենդանիներին փոխանցվում է վարակված կենդանու թքի միջոցով՝ կծելու, քերծվածքների կամ լորձաթաղանթների հետ անմիջական շփման ժամանակ (օրինակ՝ աչքեր, բերան կամ բաց վերքեր): Վիրուսի փոխանցումը մարդուց մարդուն թքի միջոցով տեսականորեն հնարավոր է, բայց նման դեպքեր երբեէ չեն գրանցվել:

Հատկանշական է, որ կատաղության ինկուբացիոն շրջանը սովորաբար 2-3 ամիս է, բայց կարող է տատանվել մեկ շաբաթից մինչև մեկ տարի՝ կախված մի շարք գործոններից, ինչպիսիք են՝ վիրուսի ներթափանցման վայրը, վերքերի քանակը, խորությունը, վիրուսային բեռը:

Կատաղության նախնական ախտանշանները ներառում են ջերմություն, վերքի շրջանում ցավ, անսովոր քոր կամ այրվող զգացողություն:

Կատաղությանը բնութագրական է հիդրոֆոբիայի (ջրից վախ) և աերոֆոբիայի (մաքուր օդից վախ) դրսևորումները: Վիրուսը ախտահարում է կենտրոնական նյարդային համակարգը՝ հանգեցնելով նյարդաբանական լուրջ, անդարձելի խանգարումների, ինչը անհամատեղելի է կյանքի հետ:

Հարկ է նշել, որ Հայաստանում վերջին տարիներին ակտիվացել են կենդանիների կողմից կծված դեպքերը, որոնք կազմել են 2023թ.-ին` 8202 դեպք, 2024թ.-ին` 10160 դեպք, իսկ 2025թ.-ի հունվար-հուլիս ժամանակահատվածում` 6050 դեպք, որից 32%-ը` մինչև 18 տարեկանների շրջանում: Կենդանիների կողմից տուժելու դեպքերի գերակշռող մասը եղել են քաղաքաբնակների մոտ: Ցավոք, 2023թ.-ին և 2025թ.-ի հունվար-հուլիս ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել են նաև կատաղությունից մահվան դեպքեր: Կարևոր է իմանալ, որ կատաղությունից մահվան դեպքերը կարող են կանխվել ժամանակին հետազդակային կանխարգելման (ՀԱԿ, PEP) միջոցով, այն ներառում է վերքի մանրակրկիտ լվացում օճառաջրով և հակակատաղության պատվաստանյութի, անհրաժեշտության դեպքում նաև՝ իմունոգլոբուլինի ներմուծում: Ամեն տարի աշխարհում ավելի քան 29 միլիոն մարդ ստանում է մարդու հակակատաղության պատվաստանյութ: 2024թ.-ի դրությամբ աշխարհում առկա է մարդկանց համար կատաղության 3 պատվաստանյութ, որոնք նախավորակավորված են ԱՀԿ-ի կողմից:

Հարկ է ընդգծել, որ հակակատաղության պատվաստանյութը չունի որևէ հակացուցում: Այն իրականացվում է բազմադեղաչափ սխեմայով՝ համաձայն պատվաստանյութի հրահանգի:

Կատաղության կանխարգելման միջոցառումները ներառում են.•

  • Հետազդակային կանխարգելումը (ՀԱԿ, PEP) կատաղության վարակի շտապ արձագանքն է և կարևորագույն ռազմավարությունը: Այն կանխում է վիրուսի մուտքը կենտրոնական նյարդային համակարգ: Անհրաժեշտ է վերքի մակերեսը մանրակրկիտ լվանալ օճառով և ջրով՝ առնվազն 15 րոպե կոնտակտից անմիջապես հետո, որից հետո մշակել յոդի լուծույթով: Այնուհետև հակակատաղության պատվաստանյութի առաջին դեղաչափի, անհրաժեշտության դեպքում` նաև իմունոգլոբուլինի (RIG) ներարկում: Հակակատաղության պատվաստանյութի հաջորդ դեղաչափերը ներմուծվում են 3-րդ, 7-րդ, 14-րդ, 28-րդ օրերին:
  • Նախազդակային կանխարգելումը (ՆԱԿ, PREP) խորհուրդ է տրվում ռիսկի խմբի մասնագիտություններով անձանց (լաբորատորիայի աշխատողներ, որոնք աշխատում են կենդանի կատաղության վիրուսների հետ, կենդանիների հսկման աշխատակիցներ և վայրի բնության պահապաններ): Այն առաջարկվում է նաև բարձր ռիսկ ունեցող տարածքներ մեկնողներին, կամ այնտեղ բնակվողներին: Այն տրվում է 2 դեղաչափ, 7 օր ընդմիջումով (0, 7 օրերին), հետագա խթանիչ դեղաչափով` ըստ ցուցումի: Կարևոր է իմանալ, որ նախազդակային կանխարգելումը չի փոխարինում հետազդակայինին, սակայն բարձրացնում է վերջինիս արդյունավետությունը:
  • Շների զանգվածային պատվաստում, շների պոպուլյացիայի հսկողության վերաբերյալ արշավներ, ինչը կանխարգելման արդյունավետ ռազմավարական ուղղություններից է:
  • Իրազեկման արշավներ երեխաների, մեծահասակների, նաև բուժաշխատողների շրջանում շների կծած դեպքերը կանխարգելելու համար:

Հավելենք, որ ԱՀԿ-ն նպատակադրվել է վերացնել շների միջոցով փոխանցվող կատաղությունից մարդկանց մահվան դեպքերը՝ «Մեկ առողջություն» համատեքստում, որը նախատեսում է շների զանգվածային պատվաստում, ՀԱԿ-ի հասանելիության ապահովում, առողջապահության ոլորտի մասնագետների վերապատրաստում, վերահսկողության բարելավում և կծված դեպքերի կանխարգելում ՝ բնակչության իրազեկվածության բարձրացման միջոցով: